«Ե՛վ ադրբեջանցիներն են ուզում Ղարաբաղը տեսնել իրենց կազմում, եւ՛ հայերը: Մենք էլ (Ռուսաստանը-խմբ.) ուզում ենք խաղաղություն: Աստծո սիրուն, հարցը լուծեք առանց մեզ, բայց չի ստացվի: Երբեք,- Ստրասբուրգում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին` պարզաբանելով, թե ինչու առանց ՌԴ-ի հնարավոր չէ հարցը լուծել խաղաղ ճանապարհով։ -Հարեւան երկրներին բարեկամացնել չի ստացվի, երբեք: Աբխազներն ու վրացիները, հայերն ու ադրբեջանցիները թշնամիներ են հավետ: Լուծում հնարավոր է միայն պատերազմով, իսկ դուք դա չեք ուզում: Ես եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի կողմնակիցն եմ, բայց ոչինչ չի ստացվի: Ընդհանրապես, ո՛չ Աբխազիայում, ո՛չ Լեռնային Ղարաբաղում, ո՛չ այլ տեղ»: Իսկ ԵԽ ԽՎ ամբիոնից` «Չեչնիայում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ» քննարկումների ժամանակ նա եվրոպացիներին զգուշացրել է, թե անհնար է Չեչնիայում եւ Ղարաբաղում ապրել «լեռնային մարդկանց» հետ: «Այդ մարդիկ մեղավոր չեն, պայմաններն են նրանց դարձրել այդպիսին»,- լրագրողների հետ զրույցում նշել է Ժիրինովսկին: Վերջինս գտնում է , որ անկախ գազի գնի թանկացումից, Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է, որին պետք է պաշտպանել տարբեր հարցերում: «Բայց Հայաստանը եւս գազը պետք է ստանա թանկացված գներով, որպեսզի չզայրանան վրացիներն ու ուկրաինացիները: Ավելի լավ է բոլորին նույն գնով տալ, թե չէ ամեն ինչի մեջ քաղաքական աստառ են տեսնում»,- պարզաբանել է Ժիրինովսկին: ՌԴ ԼԴԿ նախագահը նաեւ առաջարկ է ներկայացրել Հայաստանին. «Հայաստանը գազը գնում է թանկ` միջին եվրոպական գնով, բայց դրա դիմաց ստանում է փոխհատուցում` այդ թանկ վառելիքի ներկրման տրանսպորտային ծախսերի համար: Հայաստանը եւ Բելառուսը մեր լավ բարեկամներն են, կողմնակիցներն են, եւ չէի ցանկանա, որ նրանց հետ վատանան հարաբերությունները»: