Անցած կիրակի երեկոյան ռուսաստանյան պետական «Կուլտուրա» հեռուստաալիքը ուղիղ եթերով համերգ էր հեռարձակում մոսկովյան Կրեմլի դահլիճից։ Հայաստանում «Կուլտուրա» ալիքը վերահեռարձակվում է։ Բայց դա չէր խանգարել, որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը եւս ուղիղ հեռարձակեր նույն համերգը։ Ճիշտ ու ճիշտ խորհրդային տարիների նման, տեղական հեռուստաընկերությունը միացել էր կայսրության կենտրոնական հեռուստատեսությանը։ Մանավանդ, որ արդարացում կար` կրեմլյան համերգով սկսվում էր հայկական մշակութային տարին Ռուսաստանում։ Երկու նախագահ ելույթ ունեցան։ Հուզիչ էր։ Հատկապես մեր նախագահի խոսքը։ Հայկական որոշ հեռուստաընկերություններ մի երկու օր պարբերաբար վերահեռարձակում էին այն։ Միայն ափսոս, որ Կրեմլը պատշաճ վերաբերմունք չէր ցուցաբերել. Վլադիմիր Պուտինը խոսում էր մի ամբիոնից, որի վրա ՌԴ զինանշանն էր փակցված, իսկ Ռոբերտ Քոչարյանի ամբիոնի վրա ՀՀ զինանշանը չկար։ Ես չեմ հանդգնի միանշանակ պնդել, որ դա քաղաքական ակցիա էր։ Չեմ էլ պնդի, որ Ռուսաստանի քաղաքական էլիտան անթույլատրելի է համարում իր պետական զինանշանի կողքին իր ֆորպոստի զինանշանը դնել։ Ռուսական այս սոսկալի «արարքի» պատճառն ամենեւին էլ մեր արտաքին քաղաքականությունը չէ։ Ես հակված եմ ենթադրելու, որ դահլիճը ձեւավորողները, նախապես ներկա լինելով համերգի փորձերին, հանել էին Հայաստանի զինանշանը։ Նրանք հավանաբար տեսել էին, թե ովքեր եւ ինչ համարներով են ներկայացնելու մեր մշակույթը։ Տեսել էին ու որոշել, որ այդ համերգն արժանի չէ Հայաստանի Հանրապետության ու հայ մշակույթի անունից ներկայանալու։ Եթե համաձայն չեք ինձ հետ, ստիպված պիտի պնդեք, որ տեղյակ էին, թե ինչ խոսք է ասելու ՀՀ նախագահը։ Տեղյակ էին եւ որոշել էին, որ դա պետական այրի ելույթ չէ։ Բայց սա քաղաքական կարծիք է, իսկ ես, կրկնում եմ, հակված չեմ քաղաքական բացատրություն փնտրելու։ Համերգի գեղարվեստական մակարդակը լիուլի բավարար է ամենամռայլ բացատրությունների համար։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ սփյուռքի համար տրվող «գրդոն» համարները կարելի է «նաղդել» պետական մակարդակով։ Արա Գեւորգյանն ու Ֆլորա Մարտիրոսյանի ակրոբատները մեր մամուլում («Ազգ», «Առավոտ») գնահատականի արժանացան։ Ցավոք, որ մշակույթի գործիչները լռում են։ Գործընկերներին չքննադատելը եւս հին հայկական ավանդույթ է։ Եվ միայն լրագրողներն են խախտում «հայ մշակույթի` ինչպես հանգուցյալի մասին. կամ լավը, կամ ոչինչ» տաբուն։ Մինչդեռ կրեմլյան համերգային ծրագիրը, մեղմ ասած, անհասկանալի էր կազմված։ Երկու-երեք գեղարվեստական պատշաճ կատարում ունեցող համարներից հետո, բեմում, հայազգի ուրախներն ու հնարամիտները ազգն ու պետությունն իջեցրին գրասենյակի մակարդակի։ «Հայաստանը երկիր չէ, այլ գրասենյակ» արտահայտությունը դառնում է մերօրյա մշակույթի կարգախոսը։ Այդ համարից հետո ես անընդհատ սպասում էի, որ հաջորդը բեմ կբարձրանա Արամ Ասատրյանը կամ Անդրեն։ Ռուսական կայսրության միջնաբերդում` Կրեմլում, որեւէ ռուս տիրակալ թերեւս իրեն թույլ չի տվել նման արտահայտություն։ Մենք ինքներս կամավոր ֆորպոստի կարգավիճակ վերցրինք ու այնուհետեւ ֆորպոստը դարձրինք օֆիս-գրասենյակ։ Այդ պահին դահլիճում հայկական պաշտոնական պատվիրակությունը քահ-քահ ծիծաղում էր։ Հետաքրքիր է, ո՞վ, ինչպե՞ս ու ի՞նչ բառերով Շառլ Ազնավուրի համար թարգմանեց «Հայաստանը երկիր չէ, այլ գրասենյակ» արտահայտությունը։ Մեր մշակույթի նախկին նախարար, այժմ` գրասենյակային դեսպան Արմեն Սմբատյանն Ազնավուրից հեռու էր նստած։ Խորհրդային տարիներին հայկական մի անեկդոտ կար` Հայաստանը դիմում է Մոսկվա` խնդրելով ծովագնացության նախարարություն բացել։ Միութենական ղեկավարությունը զարմացած նշում է, որ Հայաստանը ծով չունի։ «Հա, բայց Ադրբեջանը Մշակույթի նախարարություն ո՞նց ունի»,- զարմանքին զարմանքով հակադարձում են խնդրողները։ Հիմա ակնհայտ է, որ Մշակույթի նախարարությունը մեզ` հայերիս համար է ավելորդ շքեղություն։ Հայկական մշակույթը Իոսիֆ Կոբզոնն ավելի լավ կներկայացնի։ Օտար աչքը, թերեւս, ավելի շուտ նկատեր, որ Արմեն Սմբատյանի «Հայաստան» երգը հաջողված է, բայց այդ երգը հարյուր կամ ավելի երեխաների երգչախմբային կատարման համար չէ։ Օտար աչքը, թերեւս, ավելի շուտ նկատեր, որ Հայաստանում ուրիշ կոմպոզիտորներ էլ կան։ Եվ, որ Տիգրան Մանսուրյանի կամ, ասենք, Արմեն Մարտիրոսյանի ստեղծագործությունները կատարելն ամենեւին էլ վատ ճաշակի դրսեւորում չէ։ Արդեն 2 տասնամյակ է էթնիկ մշակույթի նկատմամբ միջազգային ընդգծված հետաքրքրության ֆոնի վրա, ի վերջո Ռուսաստանում էլ, ըստ համերգը վարող Դիբրովի, գնահատվեց դուդուկը։ Բայց Ջիվան Գասպարյանից հետո Արա Գեւորգյան ու Արա Բաբաջանյան կալամբուրը դժվար ընկալվեր հայկական ազգային մշակույթ։ Մեր մշակութային կյանքը համակարգողները վերջին տարիներին համառորեն չեն փորձում արտերկրում ներկայացնել Արշակյան քույրերին։ Քույրերը, հնարավոր է, լոսանջելեսյան ոսկերիչների ու մանրավաճառների, ռուսահայ խոպանչիների քիմքին հարմար չեն գալիս։ Բայց երկրի մշակույթը ներկայացնող համերգը գործարար առումով բիզնես ձեռնարկ չէ։ Կրեմլյան դահլիճում մի քանի հազար հանդիսական կար։ Չեմ կարծում, որ նրանք բոլորն էլ հայեր էին։ Ի վերջո, «Կուլտուրա» հեռուստաալիքը Ռուսաստանում շատ բարձր վարկանիշ ունի։ Այդ ալիքը նախընտրում է ռուս հեռուստադիտողների 15 տոկոսը։ Զուտ մշակութային ալիքի համար սա աննախադեպ ցուցանիշ է։ Որքան էլ մենք մեր մասին ասենք, թե հայերս մշակութասեր ազգ ենք, պիտի արձանագրենք, որ Ռուսաստանում միշտ էլ մշակույթը մի փոքր ավելի է, քան մշակույթը։ Եվ «Հայկական մշակութային տարին» Ռուսաստանում նման համերգով սկսելուց հետո կարելի էր պահանջել մշակույթի նախարարի հրաժարականը։ Ափսոս, որ նա բոլորովին այլ առիթով է հրաժարական տվել։
Հ.Գ.– Վերնագիրն ու հոդվածի որոշ բառեր կարող էի գրել հայերեն, բայց կասկածեցի, որ դրանք պակաս հասկանալի կդառնան համերգի կազմակերպիչների համար։