Նախնական տվյալներով, 2005թ. Հայաստանում մշակվել է 113.583 մլրդ դրամի (248.5 մլն դոլարի) ադամանդ՝ 2004-ի 115.185 մլրդ դրամի փոխարեն: Այդ մասին հաղորդել է ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության Ակնագործության եւ ոսկեգործության բաժնի պետ Գագիկ Մկրտչյանը: Նրա խոսքերով` արտադրության ծավալի կրճատումը պայմանավորված է դեկտեմբերին Երեւանում դիտված մառախուղով, որի պատճառով երկար ժամանակ Երեւանը չէր ընդունում եւ չէր ուղարկում ինքնաթիռներ, որի հետեւանքով Հայաստանի երեսարկման ձեռնարկությունները չեն կարողացել ձեռք բերել անհրաժեշտ քանակով ալմաստի հումք եւ արտահանել պատրաստի արտադրանք: Նա ավելացրել է, որ որպես կանոն, դեկտեմբերն ադամանդի շուկայի ամենաակտիվ ամիսն է: Գ. Մկրտչյանի հավաստմամբ` անցյալ տարի մշակվել է շուրջ 800 հազար կարատ ալմաստ, որից 180 հազարը բաժին է ընկել ռուսաստանյան մատակարարներին, իսկ ալմաստի հումքի հիմնական մասը ներկրվել է Իսրայելից եւ Բելգիայից: