Գազամուղ. «շունը տիրոջը չի ճանաչում»

27/01/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Գազամուղի պայթեցումից ի վեր բոլորն ամենայն ուշադրությամբ հետեւում են օրվա լրահոսին՝ որեւէ նոր բան իմանալու հույսով։ Պետք է նշել, որ լրատվական ծառայությունները չհիասթափեցրին եւ հունվարի 22-ից սկսած՝ այս մասին պարբերաբար հաղորդագրություններ են տարածում։

Հետաքրքիրն այն է, որ դրանք մեծամասամբ իրար հակասող լուրեր են եւ դրանց հետեւելով՝ մարդ կարող է պարզապես խճճվել։ Տեսնենք, թե ժամանակագրական կարգով ինչ տեղեկատվություն է մատուցվել հանրությանն այս օրերի ընթացքում։

Եվ այսպես, գազամուղի պայթեցման հաջորդ իսկ օրը՝ հունվարի 22-ին հայտարարվեց, որ վերականգնողական աշխատանքների համար կպահանջվի 100 ժամ։ Նույն օրը Մ. Սահակաշվիլին մեղադրեց Ռուսաստանին գազամուղը պայթեցնելու համար, որին կարճ ժամանակ անց հետեւեց «Գազպրոմի» պատասխանը, թե իրենք ամբողջ թափով աշխատում են գազամուղի վրա, եւ պետք չէ քաղաքականացնել հարցը։

Նույն օրը երեկոյան նշվեց, որ տեխնիկական եւ եղանակային պայմանների պատճառով աշխատանքները կարող են տեւել մինչեւ 14 օր։

Հաջորդ օրը՝ հունվարի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում տարածվեց հաղորդագրություն, համաձայն որի, գազամուղի վերականգնման աշխատանքները 1 օրից կավարտվեն։ Մասնավորապես, գազամուղի վերականգնման աշխատանքների ղեկավար Վիկտոր Կրայնովը հայտարարել էր. «Եթե աշխատանքները շարունակվեն նույն տեմպով, ապա դրանք արդեն վաղն ավարտին կհասցվեն»։

Հունվարի 24-ի առավոտյան տարածվեց հաղորդագրություն, որ Վրաստանից եկող գազախտուցքի (կոնդենսատ) պատճառով աշխատանքներն անորոշ ժամանակով դադարեցվել են։ Նույն օրը երեկոյան ռուսական «Առաջին ալիքի» (ԿՀՁ) լրատվական ծրագրով պաշտոնապես հայտարարվեց, որ աշխատանքներն արդեն ավարտվել են։ Անգամ նշվեց կոնկրետ ժամանակ, թե գազը երբ կհասնի Հայաստան՝ 12 ժամում։ Ընդ որում, տրվեց նեղ մասնագիտական բացատրություն՝ Հարավային Ռուսաստանի գազամատակարարման համակարգը ցնցումների չենթարկելու համար երկնագույն վառելիքը գազամուղ է լցվելու դանդաղ տեմպերով, եւ խողովակի ամբողջական լցման համար կպահանջվի 12 ժամ։

Հունվարի 25-ի առավոտյան ժամը 9-ին «Ռիա-նովոստին» հաղորդեց, թե մոտակա մեկ ժամվա ընթացքում գազի առաքումը կվերսկսվի: Սակայն այս լուրով ոգեւորված հայ հեռուստադիտողները մի քանի ժամ հետո տեղեկացան, որ վերականգնման աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։ Մասնավորապես «Ռեգնում» եւ «Արմինֆո» գործակալությունները երեկ ժամը 13։00-ի սահմաններում տարածեցին հետեւյալ բնույթի հաղորդագրություն՝ խտուցքի կուտակումը խողովակում դադարել է, վթարի վայրից հեռացվել է գրունտը, բարդությունները վերացվել են, եւ մասնագետները ձեռնամուխ են եղել եռակցման աշխատանքներին։

Փորձեցինք այս միմյանց հակասող տեղեկությունները ճշտել «ՀայՌուսգազարդից»։ Ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը մեզ ոչ մի նոր բան չասաց։ Նա ինքն էլ նշեց, որ հետեւում է ինտերնետային լրատվամիջոցների հաղորդագրություններին, իսկ «Գազպրոմից» հայտնել են, որ «աշխատանքներն ինտենսիվորեն ընթանում են»։ Այն հարցին, թե մոտավորապես երբ կվերականգնվի գազամատակարարումը, տկն Սարդարյանը պատասխանեց, որ դեռ պարզ չէ։

Դեռ չէինք հասցրել մարսել այսքան ինֆորմացիան, երբ «ՌԻԱ-նովոստի» գործակալությունը ժամը 15։30-ի սահմաններում տարածեց նոր հաղորդագրություն՝ անհրաժեշտություն է առաջացել փոխել գազամուղի եւս մեկ հատված։ «Մենք պայթյունին հարող տեղամասում ուլտրաձայնային ստուգում ենք անցկացրել եւ, ցավոք սրտի, հայտնաբերել ենք անթույլատրելի թերություններ», – հայտարարել է վերականգնողական աշխատանքներն իրականացնող «Կավկազտրանսգազ» ընկերության փոխտնօրեն Իգոր Տկաչենկոն։

Որոշեցինք լուրերի իսկությունը ստուգել հենց այս ընկերությունից, որը «Գազպրոմի» դուստր ձեռնարկությունն է։ Այդտեղից մեզ պատասխանեցին, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, եւ իրենք այդպիսի ինֆորմացիա չունեն։ Երբ տեղեկացրինք, որ այդ խոսքերի հեղինակն իրենց փոխտնօրենն է, խոստացան ճշտել։ Որոշ ժամանակ անց զանգահարելով՝ լսեցինք բավականին լղոզված մի պատասխան, որ իրենք այդ մասին հայտարարել են դեռ նախորդ օրը, եւ այդ խողովակի վրա տարվող աշխատանքները գրեթե ավարտվել են, եւ ներկա պահին խոչընդոտներ չկան։ Այդ դեպքում ե՞րբ կավարտվեն աշխատանքները, գոնե մոտավորապես։ «Ոչինչ չենք կարող ասել։ Համենայնդեպս, աշխատում ենք, որ ամեն ինչ լինի որակով, որպեսզի հետագայում բարդություններ չառաջանան»,- ասաց մեզ Ելենա Վլադիմիրովնան՝ չբացառելով, որ անկանխատեսելի բարդությունները կարող են ազդել աշխատանքների ժամանակացույցի վրա։

Ահա այսպիսի անորոշ վիճակ էր մինչեւ երեկ ժամը 21-ը։ Հետեւելով իրար հաջորդած տեղեկությունների ժամանակագրությանը՝ բազմաթիվ հարցեր են առաջանում։ Նախ, կարելի՞ է արդյոք պատահականություն համարել այսօրինակ հակասական վիճակը։ Կամ կարելի՞ է արդյոք ենթադրել, որ «ԿՀՁ»-ի նման հեղինակավոր ալիքը անպատասխանատու հայտարարություններ կանի։

Կա եւս մի հետաքրքիր հանգամանք. որքան օրերն անցնում են, անորոշությունն այնքան մեծանում է։ Եթե հունվարի 22-ին եւ 23-ին գոնե մոտավոր ժամկետներ նշվում էին, ապա ներկայումս ոչ մի բան չի ասվում։

Ամենեւին էլ բացառված չէ, որ արդեն հնարավոր է գազ մատակարարել, սակայն «Գազպրոմն» ու դուստր ձեռնարկություններն ինչ-ինչ պատճառներով ձգձգում են մատակարարումը։ Ամենահնարավոր վարկածը թերեւս այն է, որ նշված «խոչընդոտները» կապված են ոչ թե եղանակային կամ տեղանքային պայմանների, այլ ռուս-վրացական բանակցությունների հետ։

Ինչեւէ, եթե վրացիներն օրական 2մլն խմ գազ են ստանում Ադրբեջանից, մենք այսպիսի հնարավորություն չունենք։ Ներկայումս օգտագործվում են Աբովյանի գազապահեստարանում կուտակված պաշարները, որոնց ծավալը կազմում է 80 մլն խմ։ Հունվարի 22-ին հանրապետությունում գազի սպառումը կազմել է 5.3 մլն խմ, իսկ 23-ին՝ 5.2 մլն խմ։ «ՀայՌուսգազարդի» հավաստմամբ, ներկայումս գազի մատակարարման սահմանափակումներ չկան։ Դադարեցվել է միայն Հրազդանի ՋԷԿ-ի գազամատակարարումը, որի արտադրած էներգիան արտահանվում էր Վրաստան։

Իսկ թե որքա՞ն կբավարարեն մեր գազի պաշարները, «ՀայՌուսգազարդի» մամուլի քարտուղար Շ. Սարդարյանը պատասխանեց. «Եթե վերականգնողական աշխատանքները ավարտվեն խոստացված ժամկետներում, ապա գազի մատակարարման որեւէ սահմանափակում չի լինի»։ Եթե պարզ չի, թե աշխատանքները երբ կավարտվեն, ի՞նչ խոստացված ժակետների մասին է խոսքը։ «Ես ձեռնպահ կմնամ այդ հարցին պատասխանելուց, քանի որ տարբեր պատճառներով այդ ժամանակահատվածները փոփոխվում են»,- նշեց նա։

Իսկ ավելի վաղ «Ռեգնում» գործակալությանը տված հարցազրույցում տկն Սարդարյանը նշել էր, որ եթե մինչեւ հունվարի 26-ը գազամատակարարումը չվերականգնվի, ապա իրենք ստիպված կլինեն սահմանափակումների գնալ՝ բնակչությանը մատակարարվող գազի ծավալների հարցում։