Ժամանակ առ ժամանակ միջքաղաքային ճանապարհների մի որոշ հատված փակվում է կամ դժվար անցանելի դառնում, բայց «Հայավտոճանշին» ընկերությունից տեղեկացրին, որ սպասարկող մեքենաներն աշխատում են, որպեսզի երթեւեկությունը հնարավորինս անխափան լինի: Դեռեւս փակ է մնում Սելիմի լեռնանցքը եւ Բերդ-Ճամբարակ հատվածը:
Երեկ առավոտյան Երեւանի կենտրոնական ավտոկայանից բոլոր ուղություններով ավտոբուսներ եւ երթուղային տաքսիներ են գնացել: Երթակարգավորող Վրեժ Արմենակյանը տեղեկացրեց, որ իրենց մեքենաները նշանակված ժամերին բոլոր երթուղիներով էլ մեկնել են:
«Ոչ մի ուղղություն փակ չի եղել,- տեղեկացրեց Վ. Արմենակյանը: -Մեզ ամեն օր զանգում-տեղեկացնում են, թե շրջաններում ինչ վիճակ է: Համենայնդեպս երեկ էլ բոլոր ուղղություններով ավտոբուսներն ու երթուղային տաքսիները գնացել-եկել են: Երեկ կեսօրին գնացածներն էլ այսօր են վերադառնալու»:
Նախորդ օրը Վարդենիսից եկել էր եւ երեկ ետ էր վերադառնում երթուղին սպասարկող վարորդ Մաքսիմը: Նրա ասելով` հիմա երթեւեկելը մի քիչ դժվար է, բայց «նորմալ է»:
Իսկ ավտոկայանի տարածքում գտնվող մամուլի կրպակի աշխատող Վարդանը դժգոհեց, որ ուղեւորների թիվն ավելի քան հիսուն տոկոսով կրճատվել է:
«Առեւտուր չկա,- դժգոհեց նա: -Ուղեւոր չկա, որ թերթ առնեն»:
Ուղեւորների պակասից դժգոհ էին նաեւ Ստեփանավան, Թբիլիսի եւ շատ այլ ուղղություններով մեկնող երթուղային տաքսիների վարորդները:
«Ճիշտ է, ճանապարհները բաց են, մենք նորմալ աշխատում ենք, բայց այս ձյան պատճառով մարդիկ տներից դուրս չեն գալիս,- ասաց Սիսիանի երթուղին կարգավորողը: -Շրջան են գնում կամ այնտեղից Երեւան են գալիս միայն ծայրահեղ կարիքի դեպքում»:
«Զվարթնոց» օդանավակայանն աշխատել է իր ամենօրյա գրաֆիկով: Ձյան պատճառով վատ են աշխատում, սակայն, Երեւանը սպասարկող երթուղային տաքսիները: Վարորդները դա բացատրում են չմաքրված եւ սառցակալած փողոցներում հաճախակի վթարային իրավիճակ ստեղծվելու պատճառով: Իսկ Երեւանի փողոցները գրեթե չեն մաքրվում: Դավիթաշեն համայնքից տեղեկացրին, որ մաքրում են միայն կենտրոնական փողոցը: Մինչդեռ Կենտրոն համայնքի փողոցները մնում են դժվարանցանելի, մանավանդ հետիոտնի համար: Եվ ստացվում է, որ ստեղծված իրավիճակում Ավտոկայանից Հանրապետության հրապարակ գնացող երթուղային տաքսի ավելի դժվար է գտնել, քան Երեւանից Թբիլիսի կամ Վարդենիս:
Երեկ օրվա ընթացքում ձյան տեղումներն անսպասելի դադարեցին, եւ գրանցվեց ջերմաստիճանի 6-7 աստիճան բարձրացում, որի հետեւանքով արդեն ձյան հալոցք էր սկսվել: Նախապես սպասվող առատ ձյունը երեկ չտեղաց, որովհետեւ հարավ-արեւմուտքից տաք հոսանք էր եկել: Հայաստանի Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի ծառայությունից տեղեկացրին, որ Կրետե կղզուց սպասվող ձյան ցիկլոնն այդ հոսանքների պատճառով ուշանում եւ դանդաղում է: Գյումրիում թույլ ձյուն է գալիս: Եղանակի փոփոխությունն այնքան կտրուկ ու անսպասելի է լինում, որ հնարավոր չէ ճշգրիտ կանխատեսել: Բայց հանրապետությունում «ձնային իրավիճակը» դեռ կպահպանվի: