«Օգնեք մեզ, թափ տվեք ծառերը»

27/01/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Մի քանի օր տեղացող ձյան առատությունից, պարզվում է, անհանգստացած են ոչ միայն երթեւեկությունից տուժած վարորդներն ու հետիոտնը, այլեւ հասարակական կազմակերպությունների (ՀԿ) ներկայացուցիչները, ովքեր նույնպես իրենց մաշկի վրա զգացել են քաղաքապետարանի եւ մայրաքաղաքի բոլոր համայնքների մատուցած կոմունալ ծառայությունների որակի դառնությունը:

«Հակաստվեր» կազմակերպությունը, «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոնը, Ճանապարհային անվտանգության ազգային միությունը եւ այլ ՀԿ-ներ երեկ փորձեցին համատեղ քննարկել մայրաքաղաքի փողոցները կարգավորող սանմաքրման ծառայության աշխատանքների որակը, ինչը վերածվեց կոշտ քննադատության: Որքա՞ն ձնահավաք մեքենաներ ունեն համայնքները, քանի՞սն են սարքին վիճակում, այս օրերին քանի՞ մեքենա է օգտագործվել փողոցների մաքրման աշխատանքներն իրականացնելու համար, համայնքները պատրա՞ստ են սառցապատման հետեւանքով տուժած քաղաքացիներին պատճառված նյութական վնասները փոխհատուցելու: Ասուլիսը սկսվեց բավական ուշացումով, քանի որ Ճանապարհային անվտանգության ազգային միության տնօրեն Պողոս Շահինյանը երթեւեկության անկանոն վիճակի պատճառով վթարային թեթեւակի միջադեպի էր բախվել: Ավելի ուշ հրավիրված 12 համայնքների ներկայացուցիչներից քննարկմանը միացան միայն Նորք-Մարաշ, Արաբկիր, Կենտրոն եւ Մալաթիա-Սեբաստիա թաղապետարանների կոմունալ բաժնի աշխատակիցները եւ քաղաքապետարանի վերոնշյալ բաժնի պետի տեղակալ Վարդգես Եղիազարյանը: Բոլորի պատասխանը մեկն էր՝ փողոցների ձյան մաքրման աշխատանքները կատարվում են պատշաճ մակարդակով եւ թաղապետերն անձամբ իրենք են հսկում իրականացվող աշխատանքները: Առհասարակ, եթե քաղաքակիրթ երկրներում բնակիչները հայտնվում են նման իրավիճակներում, պատասխանատուներն այնքան ազնիվ են լինում, որ հայտարարում են՝ «Քաղաքային իշխանությունները հայցում են քաղաքացիների ներողամտությունը», սակայն մեզ մոտ, չգիտես ինչու, ներողություն խնդրելու փոխարեն` կամ պատասխանատվությունից խուսափում են՝ շրջանցելով մարդկանց իրավունքները, կամ պարզապես թերացումը ֆինանսական միջոցների սղությամբ են պատճառաբանում: Ի տարբերություն քաղաքակիրթ երկրների քաղաքային իշխանությունների, Երեւանի քաղաքապետարանի Կոմունալ բաժնի պետի տեղակալ Վ. Եղիազարանը նման պարագայում ավելի ուշագրավ առաջարկություն է անում. «Փողոցների ձյան, երթեւեկության անկանոն իրավիճակներին նաեւ խանգարում են մայթերի ծառերը, որովհետեւ որքան էլ փողոցները մաքրում են, ծառերից թափվող ձյունը նորից սառույց է առաջացնում: Կոչ եմ անում քաղաքացիներին, որ իրենք էլ օգնեն եւ այդ ծառերը թափ տան»: Վերջինիս հավաստմամբ՝ 12 համայնքներում այդ աշխատանքները կարգավորում են սանմաքրման ձեռնարկությունները, եւ ընդհանուր առմամբ գոյություն ունի 300 հատուկ նշանակության մեքենա: 300-ից 100-ն իրականացնում են ձյան մաքրման աշխատանքներ: «Ամսի 25-ի դրությամբ մայրաքաղաքում աշխատել է 53 ձյուն մաքրող եւ 42 աղ ցանող մեքենա: Անընդհատ աղի եւ կարմիր ավազի խառնուրդ է օգտագործվել համայնքներում: Ես ինքս գիշերվա ժամին քաղաքի տարբեր համայնքներում շրջել եւ հսկել եմ աշխատանքները, դրանք կատարվում են պատշաճ կերպով»,- ասաց պրն Եղիազարյանը: Բացի այդ, օգտագործվել է 1200 տոննա աղ եւ 4,3 խմ ավազ: Ի դեպ, նրա խոսքերով` այս ոլորտը սպասարկում են թվով 1600 աշխատողներ: Պետավտոտեսչությունից ստացված տեղեկության համաձայն՝ սկսած հունվարի 21-ից մայրաքաղաքում գրանցվել է 12 ճանապարհային պատահար, որոնց պատճառով վիրավորվել է 5 մարդ: ՃԱԱՄ տնօրեն Պ. Շահինյանն էլ պահանջում է հարգել սպառողների իրավունքները: Նա մասնավորապես հարցնում է. «Արդյո՞ք համապատասխան մարմինները պարտավոր չեն քաղաքացիների նյութական կորուստները հատուցել, չէ՞ որ առողջապահական ծառայությունները գումար են պահանջում»: Քաղաքապետարանի եւ թաղապետարանների ներկայացուցիչները ձյան մաքրման աշխատանքների արդյունքներն ապացուցելու համար հիմնականում մատնանշում էին համայնքների գլխավոր պողոտաները: Իսկ որո՞նք են գլխավոր պողոտաները, կա՞ն այդպիսի սահմանումներ՝ հարցին ի պատասխան` պրն Եղիազարյանն ասաց. «Բնականաբար կա, մենք ունենք կենտրոնական պողոտաների դասակարգում, եւ առաջին հերթին մաքրվում են այդ պողոտաները, որպեսզի խաչմերուկներում երթեւեկությունը չխախտվի»: Ի դեպ, «Հակաստվեր» կազմակերպության ներկայացուցիչն էլ կարծիք հայտնեց, թե եթե խորանանք` կտեսնենք, որ տեղական իշխանությունների ծառայությունների մեջ ստվեր կա: Նա մասնավորապես ասաց. «Եթե ասում են, որ 75 մեքենա փողոցների ձյունը մաքրում է, բայց մենք փողոցների վիճակը տեսնում ենք այլ կերպ, նշանակում է՝ կոռուպցիոն երեւույթ, փող լվանալու ձեւ է»: Հիշեցնենք, որ առաջիկա օրերին սպասվում է առատ ձյուն, ցածրադիր վայրերում` մառախուղ եւ ճանապարհների սառցակալում: