Գրող Օրհան Փամուկի դեմ հայցը՝ թուրք ազգին վիրավորելու մեղադրանքով, կասեցվել է, այսպես կոչված, «թույլատվության մասին պայմանի» չկատարման կապակցությամբ:
Հայցի կասեցման համար առիթ հանդիսացավ Արդարադատության նախարարությանը ուղղված՝ գործը դատարանում վերանայելու թույլատվության խնդրանքով կրկնակի հարցմանն արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեկի տված պատասխանը: «Ես լիազորություններ չունեմ»,- կրկնեց Չիչեկը: Նրա պատասխանը Շիշլիի երկրորդ ատյանի քրեական դատարանի կողմից որակավորվեց` որպես «թույլատվության պայմանների չկատարում», այսինքն` որպես դատավարության կասեցման հիմք:
Փամուկն արարքը կատարել է, երբ գործում էր Թուրքիայի քրեական հին օրենսգիրքը, իսկ Շիշլիի Հանրապետական դատախազությունը գործ է հարուցել, երբ ուժի մեջ է մտել քրեական նոր օրենսգիրքը: Դատախազությունը գործը սկսեց Թուրքիայի քրեական հին օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն եւ թույլտվության համար դիմեց Արդարադատության նախարարությանը:
Մինչ նախարարությունը պատասխանում էր Դատախազության հարցմանը, հունիսի 1-ին ուժի մեջ մտավ նոր օրենսգիրքը: Հունիսին ստացվեց պատասխան, որ Փամուկի արարքը («թուրք ազգին վիրավորելը») պատժվում է 301-րդ հոդվածով, եւ եթե հին օրենսգրքով գործը դատարան հանձնելու համար Արդարադատության նախարարության թույլատվությունն անհրաժեշտ էր, ապա հիմա դրա կարիքը չկա:
Նախարարության պատասխանի հիման վրա Շիշլիի Հանրապետական դատախազությունը նորից հայց ներկայացրեց Օրհան Փամուկի դեմ` այս անգամ հիմնվելով քրեական նոր օրենսգրքի 301-րդ հոդվածի վրա: Իսկ Շիշլիի երկրորդ ատյանի քրեական դատարանը կասեցրեց դրա քննումը, քանի որ արարքը կատարվել էր հին օրենսգրքի գործելու ժամանակ, իսկ թույլտվության պայմանը չէր կատարվել: Դրա հետ կապված Շիշլիի Դատախազությունը եւս մեկ անգամ թույլտվության համար դիմեց Արդարադատության նախարարությանը: Նախարարության կրկնակի մերժումը դատարանին հնարավորություն ընձեռեց կասեցնել Օրհան Փամուկի դեմ հայցը:
Օրհան Փամուկին հետապնդելու պատճառ էր դարձել շվեյցարական «Tagesanzeiger» թերթի «Das Magazin» հավելվածին տված հարցազրույցը, որտեղ գրողը հայտարարել է. «Թուրքիայում սպանվել են 30 հազար քրդեր եւ 1 միլիոն հայեր: Թուրքիայում ոչ ոք չի համարձակվում ասել այդ մասին: Ես համարձակվում եմ»: Հարցազրույցն արտատպել է «Aktuel» թուրքական ամսագիրը եւ երկրում վրդովմունքի մեծ ալիք առաջացրել: Թուրք ազգին հրապարակայնորեն վիրավորելու մեղադրանքով, համաձայն 301-րդ հոդվածի, Օրհան Փամուկին սպառնում էր 2 տարվա ազատազրկում:
Առաջին անգամ Օրհան Փամուկը դատարանի առջեւ է կանգնել 2005թ. դեկտեմբերի 16-ին: Շիշլիի երկրորդ ատյանի քրեական դատարանում գործընթացը լայն հնչեղություն ստացավ: Դատարանի շենքի առջեւ հավաքված ամբոխը հարձակվել է եվրոպացի խորհրդարանականների, Օրհան Փամուկի եւ մտավորականության որոշ ներկայացուցիչների վրա: Այդ կադրերը բացասաբար անդրադարձան Թուրքիայի վարկի վրա, դառնալով համաշխարհային ԶԼՄ-ների քննարկման գլխավոր թեման՝ Չինաստանից մինչեւ ԱՄՆ, Եվրոպայից մինչեւ Մերձավոր Արեւելք:
«Աքշամ» (Թուրքիա), 23.01.2006թ.
www.mediadialogue.org