Հայաստանի քրդերի «Քուրդիստան» կոմիտեի անդամ 25 կանայք ի պաշտպանություն Աբդուլլահ Օջալանի հնգօրյա հացադուլ են հայտարարել: «Արդեն 7 տարի է, ինչ քուրդ ժողովրդի համազգային առաջնորդ Աբդուլլահ Օջալանը միջազգային դավադրության իրականացման արդյունքում արգելափակված է Թուրքիայի Իմրալիի բանտում, ուր նրա հանդեպ ծանրագույն մեկուսացման քաղաքականություն է բանեցվում: Մեկ ամսից ավելի է, ինչ առաջնորդ Ապոն դատապարտվել է կրկնակի մեկուսացման»,- տեղեկացնում են կոմիտեի անդամները: Ներկայումս Եվրախորհրդում քննարկվում է Օջալանի դատավարության վերսկսման հարցը: «Բնականաբար Ապոն պատրաստվում է հանդես գալ հերթական գրավոր պաշտպանաճառով, սակայն թուրքական պետությունն Ապոյին զրկել է այդ պաշտպանաճառը պատրաստելու տարրական հնարավորությունից»,- կոմիտեի անդամների հավաստմամբ` Օջալանին ոչ միայն թուղթ ու գրիչ չեն տալիս, այլեւ անջատել են խցի լույսը, պարբերաբար խափանում են հանդիպումները փաստաբանների ու հարազատների հետ:
Ն.Ա.