Ռուսաստանում պատրաստվում են բանաստեղծ, դերասան եւ երգիչ Վլադիմիր Վիսոցկու մասին պատմող ֆիլմ նկարահանել: Դեռ նկարահանումները չսկսված՝ այն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ Վիսոցկու երկրպագուներն իրենց կուռքի կինոկրկնօրինակի ստեղծումը սրբապղծություն են համարել: Սակայն ֆիլմի սցենարի հեղինակ Իլյա Ռուբինշտեյնի հավաստմամբ` ֆիլմը կենսագրական չի լինի, այլ իրենից կներկայացնի Վիսոցկու կերպարի ազատ մեկնաբանումը: Պարտադիր չի լինի նաեւ Վիսոցկու դերակատարի նմանությունն ու երգելու կարողությունը, թեեւ փորձ կարվի պահպանել նրա անմոռանալի առոգանությունն ու բառապաշարը:
Ֆիլմում երեւալու են Մագադանի ճամբարները, մոսկովյան խոհանոցները, Տագանկայի թատրոնը եւ «Մոսֆիլմի» սրահները: Հեղինակների կարծիքով` ֆիլմը 20-ամյա երիտասարդների համար հայտնություն կլինի: Կպատկերվի 50-70 թվականների մթնոլորտը: Այն ժամանակ Վիսոցկին դեռ չէր հասել իր փառքի գագաթնակետին: Վիսոցկու այրի Մարինա Վլադին, ում պատկանում են Վիսոցկու բանաստեղծությունների ու ձայնագրությունների բոլոր հեղինակային իրավունքները, սկզբում ֆիլմին դեմ է եղել: Սակայն հետո տվել է իր համաձայնությունը` պահանջելով միայն, որպեսզի սցենարից հանվեն իրեն պատկերող դրվագները: Ֆիլմը, որը «Բակային ռոմանս» է կոչվելու, պատրաստ կլինի Վիսոցկու 70-ամյակի նախօրեին, որը նշվելու է երկու տարի հետո: