Ռոմանտիկների ծանր ուղին

27/01/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Օդանավով ճամփորդությունը ոմանց համար կարող է առաջինը լինել, այսինքն՝ որոշ չափով իրադարձություն այդ մարդու կյանքում, որը պետք է ճիշտ սպասարկման շնորհիվ հաճելի հիշողություն մնա: Կարող է առաջինը չլինել, բայց մարդը բոլոր դեպքերում թռիչքից առաջ որոշակի հուզական վիճակ է ապրում, եւ տնից դեպի օդանավակայան ճանապարհի բոլոր երեւույթների, դիպվածների ու պատահարների բացատրությունն, օդանավ նստելուն պես, ուղեւորն ուզում է իմանալ ուղեկցորդից: Ուրեմն որչափ հավասարակշռվածություն եւ նրբանկատություն է պետք այն մարդուց, ով որոշել է ընտրել այս մասնագիտությունը: «Բորտուղեկցորդը մասնագիտություն չէ, այլ կենսակերպ»,- ասում է իր կյանքը շուրջ 30 տարի օդային ճանապարհներին անցկացրած Կարինե Մատինյանը: Այս կենսակերպին ձգտող մարդիկ ռոմանտիկներ են՝ իրենց ընտրությունն այլ կերպ չեն կարողանում բացատրել:

«Նույնիսկ չգիտեի` բորտուղեկցորդ ինչ է նշանակում, բայց հենց իմացա, որ ստյուարդեսայի մասին է խոսքը, ասացի՝ վերջ, պետք է փորձեմ»,- պատմում է Ծովինար Մկրտչյանը: 1986 թվականին էր դա: «Այդ ժամանակ այս մասնագիտությանը լրջորեն չէին վերաբերվում, հեռանկար չունեցող աշխատանք էր համարվում»,- բորտուղեկցորդի դասընթացներն ավարտած Ծովինարը գնացել է օդանավակայան ու միանգամից գործի ընդունվել: «1987 թվականի նոյեմբերի 27-ին ես կյանքումս առաջին անգամ օդ բարձրացա, սպասարկում էի Երեւան-Կիեւ ուղերթը, եւ ողջ ուղեւորության ընթացքում ինձ միայն մի բան էր հուզում՝ օդանավի թռիչքն ու վայրէջքը՝ հրաշք էր դա ինձ համար, եւ նույնիսկ այն, որ գործս սկսվել էր մի քաղաքում եւ ավարտվում էր մի այլ քաղաքում, որտեղ ես առաջին անգամն էի լինելու, ինձ չէր հուզում այդքան, որքան օդանավով թռչելու հանգամանքը»,- հիշում է Ծովինարը:

Բորտուղեկցորդի աշխատանքը սկսվում է հենց այն պահին, երբ մենք ոտք ենք դնում օդանավ: «Բարեւ ձեզ»,- նա պարտավոր է ժպտադեմ ողջունել մեզ: «Հատկապես հայ ուղեւորների ռեակցիան այդ պահին միշտ հետաքրքիր է, նրանք եթե Հայաստանից են գնում, նախ կասկածանքով դեմքիդ են նայում՝ կարո՞ղ ա ծանոթ ենք, իսկ Հայաստան վերադարձողներն ասում են՝ վայ, վերջապես հայկական հողի վրա ենք»,- հայրենակիցների վարքն է նկարագրում Ծ. Մկրտչյանը: «Բորտուղեկցորդն էլ է մարդ, եւ երբեմն աշխատանքի է գալիս անձնական պրոբլեմներով, լավ կլինի, որ նման դեպքերում նա հրաժարվի թռիչքից, որպեսզի իր պրոբլեմը չազդի իր եւ ուղեւորի շփման վրա»,- գտնում է Ծովինարը: Անձամբ իր դեպքում՝ թռիչքն օգնում է մոռանալ պրոբլեմը, ժամանակ ունենալ կշռադատելու համար: «Թռիչքից հետո պրոբլեմները երբեմն ավելի հեշտ են լուծում գտնում»,- խոստովանում է նաեւ Կարինե Մատինյանը: Ուղեւորին ողջունելու պահից սկսած՝ մոռանում են իրենց խնդիրները եւ նրանց հետ շփումից թեթեւության զգացում ունենում: Բորտուղեկցողները լավ հոգեբաններ են՝ վստահեցնում են: Նրանցից յուրաքանչյուրը կարճ ժամանակամիջոցում կարողանում է ուղեւորներին տարբերակել եւ առաջին իսկ հանդիպումից կռահում են՝ ում հետ որքան հեշտ կամ դժվար է լինելու ճանապարհը: «Ես չեմ թաքցնում, որ աշխատողներ կան, ովքեր կարող են բոլորովին ուշադրություն չդարձնել ուղեւորի հոգեվիճակի վրա եւ կոպիտ պատասխանել, սակայն ուղեւորներ էլ կան, խոսքս հիմնականում հայերի մասին է, ովքեր օգտվել են արտասահմանյան հարուստ զարգացած ավիաընկերությունների ծառայություններից, եւ գալիս ու միանգամից մեզանից պահանջում են նույնը՝ հաշվի չառնելով, որ մեր երկիրը դեռ այդ հնարավորությունները չունի, մենք դեռ զարգացման երկար ճանապարհ պետք է անցնենք»,- անընդհատ դժգոհող ուղեւորների առկայությունը նաեւ այսպես է բացատրում Ծ. Մկրտչյանը: Աշխարհ տեսած մեր այդ հայրենակիցները, պահանջելով բարձրորակ սպասարկում, սակայն, շատ հաճախ մոռանում են այնպիսի պարզագույն բաներ, ինչպես, օրինակ, օդանավում ծխելու անթույլատրելիության մասին, ինչից էլ հատկապես բողոքում էին մեր ուղեկցորդուհիները: «Նման դեպքերում ես արդեն ոչ թե խնդրում, այլ ստիպված պահանջում եմ չծխել, սակայն դա էլ չի օգնում՝ նրանք, միեւնույն է, շարունակում են ծխել, փոխարենը ինձ են մեղադրում, որ իրենք ծխող են, եւ ես խախտում եմ իրենց իրավունքները, ես շատ ուրախ եմ, որ մերոնք այնքան են զարգացել, որ կարողանում են հասկանալ ու պաշտպանել իրենց իրավունքները, սակայն իրենց իրավունքները պաշտպանելով՝ նրանք եւ՛ իմ մասնագիտական իրավունքն են խախտում, եւ՛ այլ՝ չծխող ուղեւորների իրավունքները, եւ ամենացավալին այն է, որ ծխելու համար եթե դիտողություն ենք անում, միշտ նույն պատասխանն ենք ստանում՝ ոչինչ, մեր երկիրն է»,- բողոքում է Ծովինարը: Մեր հայրենակիցներից շատերը չեն պատկերացնում անգամ, որ օդանավում բաժանվող ուղեցույցները ոչ թե ձեւական բնույթ են կրում, այլ՝ իրենք պարտավոր են դրանից օգտվել: Ուղեւորների հետ դժվարություններ են լինում հատկապես սննդի սպասարկման պահերին: Մեր հայրենակիցները, պարզվում է, շատ քմահաճ են: «Եթե մենք նկատում ենք, որ ուղեւորը պատրաստվում է քնել, պարտավոր ենք նախապես ճշտել՝ իրեն արթնացնե՞նք սնունդը տալու ժամանակ, թե՞ ոչ»,- մեր հայրենակիցներն այս հարցում երկար են մտածում, եւ սովորաբար քնում-արթնանում են եւ նոր հիշելով այդ մասին՝ հատկապես անթույլատրելի պահերին պահանջում են իրենց «մի կտոր հացը»: «Թռիչքի ժամանակ այնպիսի իրադրություն կարող է լինել, որ ես նույնպես պետք է նստեմ ինձ հատկացված աթոռին եւ կապեմ ամրագոտիներս, այդ ժամանակ չի կարելի ոչ ոքի սպասարկել, բայց ուղեւորը, որ նոր է զարթնել եւ ուտել է որոշել, իրեն պարտավոր չի համարում նման նրբությունները հաշվի առնել, եւ երբեմն ստիպված ենք լինում սպասարկել, երբեմն էլ այնքան գրագետ ուղեւորներ են լինում, որ մեզանից լավ են տեղյակ մեր աշխատանքային նրբություններին ու իրենք են մեզ դիտողություն անում՝ որ այս պահին չէր կարելի սպասարկել. նման մարդկանց հետ աշխատելը միշտ հաճելի է եւ հեշտ»,- ասում է Ծ. Մկրտչյանը:

Ըստ կանոնակարգի` սնունդն առաջինը պետք է մատակարարել պատուհանի մոտ նստած ուղեւորին: Եթե տղամարդկանց միջեւ կին է նստած, միշտ կարող է հարց առաջանալ՝ ո՞ւմ պետք է առաջինը մատուցվի: Աշխատանքային կանոնը թեեւ պահանջում է առաջինը պատուհանի մոտ նստածին մատուցել, սակայն չի բացառվում, որ կամակոր տիկինը դրանից վիրավորվի: Նման դեպքերում ուղեկցորդին օգնում է իր փորձը՝ մարդու հոգեբանությունն արագ ընկալելու առումով: «Մի անգամ քննության ժամանակ ինձ հարց տրվեց՝ եթե միասին՝ կողք կողքի նստած թռչում են երկրի նախագահն ու կթվորուհին, ո՞ւմ պետք է առաջինը սպասարկել, մտածեցի՝ եթե կթվորուհին նախագահի հետ թռչում է, ուրեմն՝ կթվորուհուն»,- յուրաքանչյուր իրավիճակում արագ կողմնորոշվելու եւ ուղեւորի հանդեպ անհատական մոտեցում ունենալու քաղաքականությունն է կարեւորում Ծ. Մկրտչյանը:

«Իսկ առհասարակ մարդկանցից մենք շատ բան ենք սովորում,- խոստովանում է Կ. Մատինյանը,- մի անգամ, օրինակ, ուղեւորներից մեկն ինձ կանչեց եւ շատ նրբանկատորեն դիտողություն արեց՝ «հիսուն»-ի փոխարեն ես «հիցուն» էի ասել, մեկ ուրիշ անգամ էլ, երբ հաղորդավարուհի Նառա Շլեպչյանի հետ էինք թռչում, ես վերջում մոտեցա ու կամաց հարցրի՝ արդյո՞ք ինֆորմացիոն հաղորդագրությունների ժամանակ շատ սխալներ եմ արել, ասաց՝ ամեն ինչ հիանալի էր, եւ ես շատ շոյված էի նրա գնահատականից»:

Ոչ միայն բորտուղեկցորդների, այլեւ առհասարակ ավիաընկերությունների առաջարկած բոլոր ծառայությունների որակը կլավանա, եթե մրցակցություն լինի՝ գտնում են աշխատողները: Մեզանում առայժմ այդ մրցակցությունը չկա: