Այն ընթերցողներն, ովքեր դիտել են «Կնքահայրը» ֆիլմը, հավանաբար հիշում են դրվագը, երբ մաֆիայի կնքահայր Մայքլ Կորլեոնեն եկեղեցում կնքում է իր զարմիկին, իսկ նույն այդ պահին նրա մարդիկ լուծում են ոչ ցանկալի մարդկանց հարցերը, այդ թվում՝ կնքվող երեխայի հոր։ Ամենայն հավանականությամբ, Միխայիլ Սահակաշվիլին նայելով այս նկարին՝ Վլադիմիր Պուտինին կնույնացներ դոն Կորլեոնեի հետ, որն ըստ Վրաստանի երիտասարդ նախագահի՝ գազամուղը պայթեցնելու հրահանգ է տվել, իսկ հետո անմեղ դեմքով դիտել է Ռուսաստանում Հայաստանի տարվա բացմանը նվիրված համերգը։ Իհարկե, գազամուղը պայթեցվել է մինչ այս արարողությունը, եւ Սահակաշվիլու շուտափույթ արված հայտարարությանը շատերը լուրջ չեն վերաբերվում՝ չբացառելով նաեւ արեւմտյան ուժերի դերակատարումը: