Խարդախությունը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի հափշտակությունն է կամ ուրիշի գույքի նկատմամբ իրավունք ձեռք բերելը, ինչի համար ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածը սահմանում է պատիժ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով` 1-2 տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը 2 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով:
Խարդախը, փաստորեն, նույն կողոպտիչն է, որը, սակայն, թալանում, կողոպտում է խարդախելով. ավելի ճիշտ`դյուրահավատի, միամիտի վստահությունը չարաշահելով: Ժամանակակից խարդախները միամիտներին «հասցնում են» օվկիանոսից այն կողմ, եվրոպական բարեկեցիկ երկրներ, «տեղավորում են» աշխատանքի, «տրամադրում են» վարկեր ցածր տոկոսադրույքով, մի խոսքով` ժամանակակից անլուծելի թվացող հարցեր են լուծում: Նախկին խարդախները, ժամանակակից «կոլեգաների» համեմատությամբ, իրենց հնարավորությունների, կարողությունների մեջ պակաս զարգացած էին: Խարդախների «որակական աստիճանը» ներկայումս բարձրացել է, իսկ խարդախների զոհերը մնացել են նույն միամիտներն ու դյուրահավատները…
Խարդախների զենքը ճարտար լեզուն է, որով կարողանում են դիմացինին ենթարկել իրենց ազդեցությանը, հմայել, հավատացնել, թե ամենակարող են, լայն շրջապատի տեր եւ, ի վերջո վստահություն շահելով` հասնել իրենց ուզածին:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Գյումրիի բնակիչներ Արթուր Ադամյանի (ծնված 16.11.1975թ.), եւ Մուրադ Մխիթարյանի (ծնված 21.07.1973թ.) նկատմամբ: Նշված անձինք ներկայանալով «ՄՋ» բարեգործական կազմակերպության անդամներ` Սպիտակի միջն. դպրոցի տնօրեն Սամվել Հունանյանից, Նոր Խաչակապ գյուղի միջն. դպրոցի տնօրեն Սեմյոն Սիմոնյանից, Ծաղկաբեր գյուղի միջն. դպրոցի տնօրեն Հենրիկ Շահբազյանից, Ղարասլի գյուղի դպրոցի տնօրեն Ֆյոդոր Վարդանյանից խաբեությամբ վերցրել են կնքված փաստաթղթեր եւ խոստացել նշված դպրոցներին ապահովել հեռուստացույցներով: Նրանք կնքված անդորրագրերով ներկայացել են Վանաձորում գտնվող «Վերելք» էլեկտրոնիկայի խանութ, որպես տնտեսվար հանձնել վճարման անդորրագրեր եւ այնտեղից ստացել 8 (ութ) հատ JVC եւ LG տեսակի հեռուստացույցներ` յուրաքանչյուրը 104 հազար 500 դրամ արժողության, եւ յուրացրել:
Իսկ ահա Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Քրեական հետախուզության բաժնի եւ Ազգային Անվտանգության ծառայության աշխատակիցներն օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում Գյումրի քաղաքից խարդախություն կատարելու կասկածանքով Երեւան քաղաքի վարչություն բերման են ենթարկել Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ` հայր եւ դուստր Մահմուդ Մուազամի Գուդարզին եւ Սառա Մուազամի Գուդարզին: Պարզվել է, որ նրանք 2005թ. Երեւանի Աբովյան եւ Կոմիտաս փողոցներում գտնվող «Յունիբանկ» եւ «Արդշինինվեստ» բանկերից համապատասխանաբար խաբեությամբ հափշտակել են 1000 եվրո եւ 2900 ԱՄՆ դոլար:
Իրավապահները նրանց մոտից անձնական զննությամբ հայտնաբերել են 800 եվրո, 60.000 դրամ, 4300 ԱՄՆ դոլար: Հայրը խոստովանել է, որ հայտնաբերվածը Երեւանյան բանկերից հափշտակված գումարներն են: Իրավապահներն ունեն լուրջ կասկածներ, որ նրանք խարդախության եղանակով եւս մի քանի բանկեր են թալանել:
ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչության աշխատակիցները խարդախություն կատարելու կասկածանքով վարչություն բերման են ենթարկել Էլմիրա Ա.-ին` իր դստեր` Նարինե Պ.-ի հետ: Պարզվել է` նրանք մի խումբ մարդկանց «պաշտոնների նշանակելու», «իզի քարտ ձեռք բերելու», գործարարների համար մաքսակետերում իրենց ապրանքները «էժան մաքսազերծելու», զինակոչիկներին զինծառայության ուղարկելու պատճառաբանությամբ խարդախության ճանապարհով ձեռք են բերել 185 հազար 500 ԱՄՆ դոլար:
«ՀամԿԽ»-ի սենյակներից մեկում իրավապահները ձերբակալել են Վալերի Կարամովին` «Կորեյկո» մականունով: Նա, ներկայանալով Փախստականների եւ միգրացիայի վարչության բաժնի պետ, մի փախստականի խոստացել է ապահովել բնակարանով, ինչի դիմաց վերցրել է 250 ԱՄՆ դոլար, իսկ մեկ այլ քաղաքացուց վերցրել է 2500 ԱՄՆ դոլար` խոստանալով Հոլանդիայում գտնվող ազգականի համար փախստականի կարգավիճակի անձնագիր ձեռք բերել: Երեւան քաղաքի Ագաթանգեղոսի 29 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետի նախկին տնօրեն Գարիկ Մարգարյանը ՀՀ-ի մի շարք ազդեցիկ գործարարներից գումար է վերցրել` «շարժման մեջ դնելու» նպատակով, մասնավորապես, «Կարդինալ» սուրճի տիրոջից` 220.000 ԱՄՆ դոլար, «Էքսպրես» ավիաընկերությունից` 330.000 ԱՄՆ դոլար, «Եվրոֆուտբոլ» թերթից` 56.000 ԱՄՆ դոլար: Ընդհանուր առմամբ` Գ. Մարգարյանը խարդախության ճանապարհով ձեռք է բերել 1 մլն 200 հազար ԱՄՆ դոլար:
Ոստիկանության Չարենցավանի քննչական բաժանմունքում քրեական գործ է հարուցվել 1977թ. ծնված Գեւորգ Սողոմոնյանի եւ «Կոնվերսբանկի» Չարենցավանի մասնաճյուղի ոսկերիչ-գնահատող, 1982թ. ծնված Կարեն Խաչատրյանի դեմ։ Պարզվել է, որ Գ. Սողոմոնյանը 2004թ. դեկտեմբերից մինչեւ 2005-ի մայիսն ընկած ժամանակահատվածում Կ. Խաչատրյանին է ներկայացրել իր կողմից ոսկեջրած արծաթյա զարդեր, որոնք ոսկերիչը գնահատել է որպես ոսկյա իրեր, հետո Սողոմոնյանը դրանք գրավ է դրել «Կոնվերսբանկի» Չարենցավանի մասնաճյուղում ու դրանց դիմաց ստացել 18 հազար 140 ԱՄՆ դոլար։
Ավելի արտառոց խարդախության, գումարներ ձեռք բերելու միջոց է հնարել 1977թ. ծնված Արթուր Սարգսյանը։ Հանդես գալով սիրահարվածի կերպարով` կարողացել է հարստանալ «փափկասուն թագուհիների» հաշվին։ Վարսավիր Ս. Մանուկյանից վերցրել է բջջային հեռախոսը, ոսկե մատանին ու պարանոցի շղթան, պայմանավորվելով, որ 2 օրից ծնողների հետ գալու են իրեն նշան դնելու եւ իրենց տուն հարս տանելու։ Ա. Սարգսյանը նույն եղանակով Ն. Մանուկյանից վերցրել է 7500 ԱՄՆ դոլար, իսկ Ք. Ոսկանյանից` բջջային հեռախոս, ոսկյա շղթա, կաշվե մուշտակ։
2005թ. մայիս-հունիս ամիսներին իրավաբանական ծառայություն իրականացնող «ՍԱՄՎԱՀ» ՍՊԸ նախագահ Սամվել Լեւոնի Հարությունյանը ծառայություն իրականացնելու պատրվակով խարդախությամբ տիրացել է Երեւանի բնակիչ Ռազմիկ Մարգարյանի դրամական միջոցներին։ Իսկ «Վ.Վ. Սաիտ» ՍՊԸ տնօրեն Վարդան Վարդանյանը` լրատվամիջոցներով գովազդելով իր ընկերության գործունեությունը, բնակարանների առուվաճառք կատարելու պատրվակով տարբեր քաղաքացիներից խաբեությամբ վերցրել է առանձնապես խոշոր չափի գումարներ եւ յուրացրել։ Արձանագրվել են անգամ այնպիսի դեպքեր, երբ Վ. Վարդանյանը նույն բնակարանը խաբեությամբ վաճառել է մի քանի հոգու։ Վարդանյանը հիմնականում խաբել է սփյուռքահայերի, իսկ խարդախությամբ ձեռք բերված գումարի չափը անցնում է 70.000 դոլարից։
Հայաստանի Հանրապետությունում 1991-2004թթ. արձանագրվել են խարդախության բազմաթիվ դեպքեր. 1991թ.` 84, 1992թ.` 91, 1993թ.` 101, 1994թ.` 210, 1995թ.` 213, 1996թ.` 327, 1997թ.` 520, 1998թ.` 559, 1999թ.` 673, 2000թ.` 742, 2001թ.` 599, 2002թ.` 446, 2003թ.` 366, 2004թ.` 460, 2005թ. 9 ամիսների ընթացքում` 344։ Չճշտված տեղեկություններով` ամեն տարի ՀՀ քաղաքացիները խարդախության միջոցով կրում են 2 մլն դոլարի վնաս (խարդախներին տալով կանխիկ դրամ, ոսկեղեն, անշարժ եւ շարժական գույք)։