Նոտարի մոտ պետք է հերթագրվել

24/01/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Վերջին շրջանում քաղաքացիները պարբերաբար բողոքում են նոտարական գրասենյակների աշխատանքից, մասնավորապես հետեւյալ հարցերի առնչությամբ՝ «նոտարները անդորրագրեր չեն տրամադրում», «գրասենյակներում հերթ է», «գործարքները կարճ ժամանակում չեն կատարում», «գրասենյակներում գնացուցակներ փակցված չեն»:

Օրերս արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հավաստիացրեց, որ վերոնշյալ բողոքներից տեղյակ է, իսկ ստուգումների հետեւանքով պարզվել է, որ դրանց մեծամասնությունն իրականությանը չի համապատասխանում: Մենք այցելեցինք քաղաքացիների «թիրախ դարձած» «Կենտրոն» նոտարական գրասենյակ, որը գտնվում է Բաղրամյան պողոտայի վրա: Թերեւս մեր ներկայության ժամանակ գրասենյակը միջին ծանրաբեռնվածությամբ էր աշխատում: Ինչպես տեղեկացանք միջանցքում սպասող քաղաքացիներից, նրանցից շատերը մի քանի հոգով եկել էին միեւնույն գործարքի համար: Առիթ ունեցանք ծանոթանալու նաեւ ապակու տակ փակցված գնացուցակին:

Այս հարցերի շուրջ զրուցեցինք Նոտարական պալատի նախագահ Ալվարդ Մելքոնյանի եւ Արդարադատության նախարարության Նոտարիատի բաժնի պետ Մարիամ Գաբոյանի հետ: Ա. Մելքոնյանի խոսքերով՝ «Նոտարիատի մասին» նոր օրենքն ընդունվելուց հետո նոտարական գրասենյակներում գանձվում է 2 տեսակի տուրք՝ պետական տուրք եւ նոտարական ծառայության դիմաց վճար: Վերջինս կարելի է մուծել բանկում ու նոտարին ներկայացնել անդորրագիրը, կամ ուղղակիորեն նոտարին, որի դիմաց նոտարը քաղաքացուն տրամադրում է կտրոն: «Կտրոնը քաղաքացուն տրվում է իր պահանջով: Մենք հարցնում ենք, եթե անդորրագիր պետք է, կարող է վճարել բանկում, կամ՝ մենք կտրամադրենք: Հաճախորդների 99%-ը հրաժարվում է դրանից: Այս կտրոններից հիմնականում օգտվում են իրավաբանական անձինք եւ այն քաղաքացիները, ովքեր գործարք են կատարում լիազորագրի հիման վրա՝ լիազորողին հաշիվ ներկայացնելու համար»,- ասում է Ա. Մելքոնյանը: Ի դեպ, Մ. Գաբոյանի հավաստմամբ, շատ իրավաբանական անձանց հաշվապահներ չեն ընդունում նոտարի կողմից տրված կտրոնը, նրանք պահանջում են բանկի անդորրագրի պատճենը, ուստի «քաղաքացու մոտ տպավորություն է ստեղծվում, որ նոտարի մոտ կա բանկի անդորրագիր, եւ վերջինս այն չի տրամադրում»: Ժամանակ առ ժամանակ գրասենյակներում գոյացող հերթերի առնչությամբ Նոտարիատի բաժնի պետն ունի իր բացատրությունները: «Մենք այցելել ենք բոլոր գրասենյակները: Տարբեր վայրերում հերթերը գոյանում են օրվա տարբեր ժամերին: Ու բնական է, քանի որ նոտարն այլեւս աշխատավարձ չի ստանում ու ապրում է «հաճախորդի հաշվին», ուստի քաղաքացիներին ընդունում է նույնիսկ ընդմիջման ժամանակ»,- ասում է Մ. Գաբոյանը: Իսկ Ա. Մելքոնյանը հավաստիացնում է, որ հերթերը կախված են նաեւ գործարքի բնույթից: «Գործարք կա, որ կարելի է ավարտել 20 րոպեում, իսկ երբեմն էլ, օրինակ, երբ անհրաժեշտ է տան 10 համասեփականատերերի ներկայությունը, գործարքի կնքումը կարող է ժամեր տեւել: Բացի այդ, մեր քաղաքացիները սովոր չեն նոտարի մոտ հերթագրվել, այն, ինչ անում են, ասենք, վարսավիրի կամ մատնահարդարի ծառայություններից օգտվելուց»,- ասում է Նոտարական պալատի նախագահը: Վերջինս հերթերի պատճառներից մեկն էլ համարում է այն, որ գրեթե բոլոր գործարքները նոտարի կողմից վավերացվում են մեկ օրվա ընթացքում, այն դեպքում, երբ օրենքում նշված է, որ նոտարը 3 օրում պետք է ծանոթանա գործի փաստաթղթերին:

Շատ դեպքերում քաղաքացիները բողոքում են, որ նոտարը պահանջում է գործի համար անհրաժեշտ փաստաթղթեր: «Օրինակ, հաճախ հարցնում են. «Ինձանից ինչո՞ւ եք ծննդյան վկայական ուզում ժառանգություն ձեւակերպելու համար»: Ժառանգությունն ազգականին տալու համար պետք է քաղաքացին ունենա ծննդյան վկայական, որը հաստատում է ազգակցական կապը: Միայն ծննդյան վկայականում է, որ գրված է, թե ծնողներն ովքեր են: «Հորս տունն իմ վրա ձեւակերպելու համար բավարար չէ՝ փող եք վերցնում, դեռ ավելին՝ թուղթ եք պահանջում»: Այսպիսի արտահայտությունները խոսում են քաղաքացիների իրավագիտակցության բացակայության մասին»,- ասում է Ա. Մելքոնյանը:

Նոտարից նաեւ դժգոհում են, երբ նա մերժում է օրենքին հակասող կամ բավարար փաստաթղթեր չունեցող գործարքի վավերացումը: Նոտարը «խորհրդային» ժամանակների պարզ վավերացնողից վերածվել է գործարքին մասնակցող հավասար կողմի, այն առումով, որ ինքը գործարքի մասնակիցներին պետք է բացատրի նրանց իրավունքներն ու պարտականությունները: «Նոտարի պարտականությունն է կողմերին ծանոթացնել վավերացվող գործարքի էությանը, քանի որ նոտարն անձնական գույքով պատասխանատվություն է կրում»,- ասում է Մ. Գաբոյանը: Այժմ` գնացուցակների մասին: Ա. Մելքոնյանի խոսքերով՝ Նոտարական պալատը գնացուցակի պատճենները բաժանել է բոլոր նոտարներին, ովքեր անընդհատ հսկում են, որպեսզի դրանք միջանցքում, ակնառու տեղում փակցված լինեն: «Հաճախ նոտարի կողմից մերժում ստացած քաղաքացիները, որպես բողոքի արտահայտություն, պոկում են պատին փակցված գնացուցակը»,- ասում է Ա. Մելքոնյանը: Մ. Գաբոյանի հավաստմամբ՝ այս գործընթացը հսկվում է եւ՛ նախարարության, եւ՛ Նոտարական պալատի կողմից:

Անցած տարվա նոյեմբերից Հայաստանը Լատինական նոտարիատի միության անդամ է, ուստի ոլորտն արդեն գտնվում է այս կազմակերպության կողմից առանձնահատուկ վերահսկողության տակ: Նոտարական պալատը տարեկան 10 հազար դոլար անդամավճար է մուծում: «Ուստի շատացել է նաեւ բոլոր նոտարների կողմից պալատին վճարած գումարների չափը»,- տեղեկացրեց Ա. Մելքոնյանը:

Նոտարական պալատի նախագահը համոզված է, որ սպասարկման հետ կապված հիմնարկությունների շարքում Նոտարական գրասենյակը քաղաքացիներին ամենաարագ եւ առանց պրոբլեմների սպասարկողն է: Մեր այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են քաղաքացիները բողոքում՝ Ա. Մելքոնյանը պատասխանեց. «Վերջերս ինչ-որ հասարակական կազմակերպություն նպատակ ուներ համակարգչային ցանցի միջոցով նոտարական գաղտնիք պարունակող տեղեկությունների բազա ստեղծել եւ վճարովի ծառայություններ մատուցել քաղաքացիներին: Ես կարծում եմ, որ քաղաքացիների անունից բողոք ներկայացնողները հենց նման կազմակերպություններն են»: