Այս ոլորտը պրն Գեւորգյանը դասում է առաջնահերթ ոլորտների ցանկում, որովհետեւ պատասխանատուները գործ ունեն բնակչության սպասարկման հետ: 2004թ. դեկտեմբերին ընդունված Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքը կիրառման մեջ է մտել 2006թ. հունվարի 1-ից: Օրենքի կիրառման երկարատեւ ժամկետն, ըստ պրն Գեւորգյանի, նրա համար էր, որպեսզի մայրաքաղաքի առեւտրի եւ սպասարկման ոլորտի բոլոր օղակները մեկ տարվա ընթացքում ծանոթանային օրենքի պայմաններին: Քաղաքապետարանն Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքը գրքույկի տեսքով բաժանել է Տեղական ինքնակառավարման մարմիններին (ՏԻՄ), որպեսզի օրենքի արգելքների մասին նրանք տեղեկացնեն առեւտրի օբյեկտների աշխատողներին: Պրն Գեւորգյանը հավաստիացրեց, որ փետրվարի 1-ից ՏԻՄ-երի եւ համապատասխան նախարարությունների կողմից ստուգումներ են իրականացվելու: Ստուգումներ անցկացնելու իրավունք ունեն Գյուղատնտեսության, Առողջապահության եւ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունների համապատասխան տեսչությունները: «Եթե նախկինում Վարչական իրավախախտումների մասին օրենքը ծիծաղելի տուգանք էր սահմանում՝ 300 դրամ, ապա ամիսներ առաջ ԱԺ-ով օրենքում փոփոխություններ կատարվեց, այդ թվում նաեւ` բարձրացվեց տուգանքի չափը: Հունվարի 1-ից օրենքը խախտողների համար տուգանքի չափ է սահմանվել 10.000-20.000 դրամը»,- նշեց Կ. Գեւորգյանը: Նրա խոսքերով՝ օրենքում առեւտրի սպասարկման տեսակների մեջ փողոցային առեւտուր տեսակը գոյություն չունի, հետեւաբար առեւտրի նման ձեւն օրենքով արգելվում է: Արգելվում է նաեւ շրջիկ գազի վաճառքը, քանի որ դա չի համապատասխանում անվտանգության կանոններին: Ի դեպ, քաղաքապետի հրամանով փողոցային առեւտրին ՏԻՄ-երի հետ համատեղ հետեւելու է նաեւ ՀՀ Ոստիկանությունը: 2006-2007թթ. առեւտրի օբյեկտները հաշվառվելու եւ կանոնակարգվելու են. «Ժամանակն է, որ մենք կանոնակարգենք եւ ամեն մեկին դնենք իրենց տեղերում: Որոշ կրպակաշարեր կապամոնտաժվեն եւ առավել հարմարավետ վայրերում կկառուցվեն նորերը: Կանոնակարգման աշխատանքները միանշանակ կնպաստեն փողոցային առեւտրի կանոնակարգմանը»,- ասաց պրն Գեւորգյանը:
Սգո պարագաները կվաճառվեն գերեզմանատների մոտ
Անցյալ տարի գերեզմանատներում բյուջեի հաշվին բարեկարգումներ են իրականացվել, ինչպես նաեւ կառուցվել է 2 նոր գերեզմանատուն՝ տիպային եւ պանթեոն-գերեզմանատուն: Սպանդարյան թաղամասում գտնվող տիպային գերեզմանատանը հատկացումները լինելու են 2 տեսակի չափերով: Ընտանեկան՝ 3/4-ի վրա, որը կազմում է 12 քմ, եւ անհատական՝ 1,2/ 2 մետրի վրա, որտեղ հուշարձաններ չեն լինելու: Գերեզմանատներում առաջիկայում 135 մլն դրամի բարեկարգման աշխատանքներ են կատարվելու: «Հուղարկավորության մասին» օրենքի վավերացումից հետո սգո պարագաների վաճառքը պողոտաներից կտեղափոխվի գերեզմանատների հարակից տարածքներ:
Կենդանիների վնասազերծում
Քաղաքապետարանի Առեւտրի եւ սպասարկման վարչությունը նաեւ կոորդինացնում է կենդանիների վնասազերծումը: Ելնելով բազմաթիվ հեռախոսազանգերից` պրն Գեւորգյանը կարծում է, որ բնակիչները բաժանվել են երկու մասի: «Մի մասը ցանկանում է, որ հին ձեւով կենդանիներին բռնենք, տանենք, վնասազերծենք, իսկ մյուս մասը` ելնելով եվրոպական պահանջներից, ավելի մարդասիրական մոտեցում է պահանջում, այսինքն՝ չի կարելի վնասազերծել կենդանիներին, այլ պետք է ունենալ համապատասխան կլինիկաներ, կենդանիներին տանել, ստերիլիզացնել, որից հետո հիվանդներին վնասազերծել, իսկ առողջներին չիպավորել եւ բաց թողնել: Մենք այս նոր վնասազերծման ձեւի համար անցյալ տարի գնումների գործակալությունում երկու մրցույթ հայտարարեցինք, բայց ոչ մի հայտ չեղավ: Օգոստոսի 20-ին նորից մրցույթ ենք հայտարարել` այս անգամ երկու՝ հին եւ նոր ձեւերով»,- տեղեկացրեց պրն Գեւորգյանը: Այնպես որ, մրցույթի արդյունքները ցույց կտան, թե ինչպես վարվել մայրաքաղաքի կենդանիների հետ: