Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության քննչական բաժնում խարդախություն կատարելու մեղադրանքով քրեական գործ է հարուցվել Չարենցավան քաղաքի բնակիչ Աշոտ Միհրանի Իսախանյանի նկատմամբ: Պարզվել է, որ վերջինս Արարատի քաղաքապետ Հակոբ Թովմասյանին է ներկայացրել կեղծ լիազորագիր այն մասին, որ ինքը հանդիսանում է ԵԿՄ վարչության գործերի կառավարիչ, եւ իրեն հանձնարարված է դրամական հանգանակություն հավաքել զոհված ազատամարտիկների եւ սոցիալապես անապահով զինվորների համար: Հ. Թովմասյանն էլ Արարատ քաղաքի ավագանու որոշմամբ Իսախանյանին է տվել 300 հազար դրամ: Պարզվել է նաեւ, որ Իսախանյանը նույն եղանակով նույն չափի գումար է յուրացրել նաեւ նույն մարզի «Արարատշին» ԲԲԸ գլխավոր տնօրեն Գեորգի Հովհաննեսի Թովմասյանից: