Բարդ փուլ ԼՂՀ հարցում

22/01/2006

Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը տեղի կունենա Ֆրանսիայում` փետրվարին: Մինչ այդ, Լոնդոնում ՌԴ դեսպանատանը հինգշաբթի ուշ երեկոյան ավարտվել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի բանակցությունները: «Մենք մտել ենք մի փուլ, որը իսկապես բարդ է, եւ դրա վկայությունն այսօրվա մեր հանդիպումն էր, ինչը բավական ծանր անցավ: Չնայած մթնոլորտը բավական դրական էր, համենայն դեպս, բարդությունն արդեն իրեն զգացնել է տալիս», – «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել է Վ. Օսկանյանը: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակն անձամբ հրավիրել է ՀՀ եւ Ադրբեջանի նախագահներին Ղարաբաղի հարցով հանդիպումն անցկացնել Ֆրանսիայում: Հանդիպման օրը եւ կոնկրետ վայրը դեռեւս հայտնի չէ, բայց Վ. Օսկանյանի փոխանցմամբ` Քոչարյան – Ալիեւ ֆրանսիական հանդիպումը տեղի կունենա փետրվարի առաջին կեսին: «Մոտ օրերս ֆրանսիական կողմը կհայտարարի բանակցությունների անցկացման կոնկրետ վայրը եւ օրը»,- ասել է նա: Հարցին, թե ՀՀ եւ Ադրբեջանի բանակցությունների ընթացքում քննարկվե՞լ է արդյոք ԼՂՀ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ, որը կարող է նախագահների բանակցությունների ժամանակ հիմնական փաստաթղթի հիմքը դառնալ, Վ. Օսկանյանը նշել է. «Արդեն գաղտնիք չէ, մենք ասել ենք, որ սեղանին է 1 էջանոց, 3-4 պարբերությամբ մի տեքստ, որը վերաբերում է հարցի կարգավորման հիմնական սկզբունքներին: Պայմանագրի ծավալուն նախագիծ չկա, կա սկզբունքների շուրջ մի ընդհանուր փաստաթուղթ, որի շուրջ էլ այսօր շարունակվեցին բանակցությունները: Փաստաթուղթը ծավալով փոքր է, բայց բովանդակությամբ կարեւոր է եւ անդրադառնում է հիմնական սկզբունքներին: Եթե կողմերին հաջողվի այդ բոլոր սկզբունքների շուրջ համաձայնություն տալ, ապա այդ բոլորը մանրացնելը եւ փաստաթղթի վերածելը ավելի հեշտ կլինի»,- ասել է Օսկանյանը: Ինչ վերաբերում է նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում փաստաթղթի ստորագրման հնարավորությանը, ապա, ըստ Վ. Օսկանյանի, դա ստորագրման ենթակա փաստաթուղթ չէ: «Նման փաստաթղթերը կոչվում են «non-paper», դա աշխատանքային փաստաթուղթ է եւ, ինչպես ասացի, շատ ընդհանուր անդրադարձ է անում (կարգավորման) սկզբունքներին», – ասել է նա: