Մամուլում հրապարակում եղավ, թե ԵԽ ԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության նախագահ Սամեդ Սեիդովը հայտարարել է, որ հունվարի 23-ից սկսվող ԵԽ ԽՎ նստաշրջանում լսվելու է ԼՂՀ հակամարտության շուրջ ԵԽ ԽՎ զեկույցը, որտեղ ադրբեջանական պատվիրակությունը պատրաստվում է ներկայացնել նոր փաստեր:
Իսկ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը պնդում է, որ հունվարի 23-ին ԵԽ ԽՎ նստաշրջանում ԼՂՀ հիմնահարցին առնչվող զեկույց չի հնչելու: «Այս նստաշրջանում ԼՂՀ հարցը չի քննարկվելու, օրակարգում նման հարց չկա,- ասաց Տիգրան Թորոսյանը։ -Ես, իհարկե, արդեն սովորել եմ եւ չեմ զարմանում, որ Հայաստանի լրատվամիջոցները մեխանիկորեն կրկնում են այն ամենը, ինչ ասվում է Ադրբեջանում: Վերջիններս իրենց երկրում եւ դրսում տարածում են ամեն մի սուտ ու կեղծիք, եւ ցավալի է, որ Հայաստանում մինչ օրս կան մարդիկ, ովքեր դա չեն հասկանում»:
ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տ. Թորոսյանը նաեւ տեղեկացրեց, որ հունվարի 23-ի ԵԽ ԽՎ նստաշրջանում չի քննարկվելու նաեւ սահմանադրության հանրաքվեի վերաբերյալ զեկույցը: Այնինչ ԵԽ ԽՎ Բյուրոյի եզրակացության մեջ դիտորդները` կասկածի տակ դնելով ՀՀ իշխանությունների հրապարակած արդյունքները, արձանագրել են, որ բոլոր տեղամասերում «ապշեցուցիչ դատարկություն» է եղել: Մեր հարցին, թե Հայաստանի պատվիրակությունը ԵԽ ԽՎ Բյուրոյին ներկայացնելու հակափաստարկներ ունի՞, Տ. Թորոսյանը պատասխանեց. «Պատվիրակության ղեկավարի պարտականությունների մեջ չի մտնում որեւէ մեկի քննադատությունը բացառելը կամ հաստատելը: Կարծում եմ, այս զեկույցն ունի մի շարք թերություններ, որոնց վերաբերյալ նամակ եմ ուղարկել զեկույցը ներկայացրած պատվիրակության ղեկավարին: Դրանցից մեկն այն է, որ երբ խոսվում է թերությունների, տեղամասերի մասին, ճիշտ կլիներ արձանագրել այդ տեղամասերի համարները: Ընդհանուր, վերացական հայտարարությունները ոչ միայն ոչնչով չեն օգնում գործին, այլեւ անիմաստ անորոշություն են ավելացնում: Այս զեկույցի մեջ, այո, որպես ենթակետ անդրադարձ կա եւ՛ ՀՀ-ում անցկացված հանրաքվեին, եւ՛ Ղազախստանում անցկացված ընտրություններին: Այսինքն` խնդիրը որպես այդպիսին չի քննարկվելու եւ հատուկ զեկույց չի լինելու հանրաքվեի վերաբերյալ: Չի լինելու նաեւ բանաձեւ: Պարզապես ներկայացվելու է, որ առաքելությունը մասնակցել է հանրաքվեի գործընթացին: Այնպես որ` եթե կոնկրետ որեւէ բան կա, պատվիրակության անդամները պարտավոր էին նշել, որ այս-այս-այս տեղամասերում դատարկություն կամ պասիվություն էր»: Ավելին, Տ. Թորոսյանը գտնում է, որ նման գնահատական ներկայացնելու համար դիտորդները պետք է լինեին բոլոր եւ ոչ` ընդամենը 150 տեղամասերում: «Շատ հեշտ է հաշվել եւ ասել, որ 8 հոգին 150 տեղամաս այցելելու համար շատ քիչ է (եթե հաշվի առնենք նաեւ, որ այցելում են 1 կամ 2 հոգով): Այսինքն, նրանք յուրաքանչյուր տեղամասում ընդամենը մի քանի րոպե են եղել, իսկ այդ մի քանի րոպեի պատկերը, բնականաբար, կարող է նաեւ չհամապատասխանել ընդհանուր պատկերին»,- հայտարարեց Տ. Թորոսյանը: Իսկ ինչ վերաբերում է չորեքշաբթի օրն ընդդիմության ներկայացրած բազմաթիվ ընտրախախտումներին, ապա Տ. Թորոսյանը դարձյալ պնդում է, որ դրանք պետք է ներկայացնել ՀՀ Գլխավոր դատախազություն, ոչ թե ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջ ներկայացնել: «Դիտորդները եւս ասում էին, որ լավ կլինի, եթե ԱԺ-ն մասնակից լինի խախտումների հետաքննությանը կամ քննարկմանը,- ասում է Տ. Թորոսյանն ու ավելացնում,- կարծում եմ` իրենք պարզապես լավ չգիտեն մեր ԱԺ կանոնակարգը. կան երկրներ, որտեղ խորհրդարանները կարող են նման քննություն անցկացնել: ՀՀ ԱԺ-ն նման հնարավորություն չունի եւ չի կարող պատժել մեղավորներին: Դա Դատախազության խնդիրն է»: ԱԺ փոխնախագահը վստահ է, որ այն լիազորությունները, որոնք ունեն ԱԺ ժամանակավոր հանձնաժողովները, բավարար չեն նման քննություն անցկացնելու համար: «Նման հանձնաժողովներն օգտակար են ուրիշ խնդիրների լուծման համար»,- նշեց նա:
Տ. Թորոսյանի հավաստմամբ, ԵԽ ԽՎ Բյուրոյի զեկույցում տեղ գտած նմանատիպ ձեւակերպումները չեն կարող բացասական հետեւանքներ ունենալ Հայաստանի վրա: «Ճիշտ հակառակը, սա ցույց է տալիս, որ թեեւ, այո, զեկույցում մատնանշվում են թերությունները, խախտումները, բայց ԵԽ ԽՎ-ն, Բյուրոն, առաքելությունը կամ Մոնիտորինգի հանձնաժողովը հատուկ վերաբերմունք չեն առաջարկում ունենալ այս խնդրի կապակցությամբ,- հայտարարեց Տ. Թորոսյանը` վստահեցնելով,- ադրբեջանցիները կերազեին, որ իրենց ընտրությունների հետ կապված զեկույցը նույնպես լիներ Բյուրոյի գործունեության զեկույցի մի մաս: Այսինքն` ցույց տար, որ որեւէ հատուկ վերաբերմունք չկա իրենց նկատմամբ: Բայց մինչ այժմ, ինչպես երեւում է օրակարգի նախագծից, այն այստեղ ընդգրկված չէ»: Ի դեպ, Տ. Թորոսյանը բոլորովին այլ կերպ է մեկնաբանում Բյուրոյի զեկույցում հայտնվել-չհայտնվելու հանգամանքը. «Կարծում եմ` հատուկ վերաբերմունքի առկայությունը ոչ թե Բյուրոյի զեկույցի մեջ ընդգրկվելն է, այլ չընդգրկվելը: Այս դեպքում բանաձեւ չի ընդունվելու եւ պատժամիջոցներ, ինչպիսիք նախատեսվում են Ադրբեջանի նկատմամբ, Հայաստանի դեպքում չեն լինելու»:
Ըստ Տ. Թորոսյանի, Հայաստանում չեն կարող այլեւս շարունակվել նման ընտրությունները, եւ Հայաստանում այլեւս չպետք է լինեն ընտրություններ, որոնք կարժանանան այս գնահատականին: «Հակառակ դեպքում` բախվելու ենք լուրջ խնդիրների հետ»,- ասաց նա: Նրա խոսքերով, եթե առաջիկա` 2007-2008թթ. ընտրությունները նույն գնահատականն ունենան, ապա այն շատ լուրջ հետեւանքներ կունենա ԼՂՀ հիմնախնդրի վրա: