Երեւանի պետական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի՝ Համալսարանի խորհրդի նախագահի պաշտոնում չընտրվելու փաստը որքան որ անակնկալ էր պրոֆեսորադասախոսական կազմի համար, նույնքան ենթադրելի էր բուհի ուսանողների համար:
Սակայն առաջինների զարմանքը որքան էլ հասկանալի է՝ ելնելով նաեւ այն հանգամանքից, որ Ռ.Մարտիրոսյանը խորհրդի նախագահի համար առաջադրված միակ թեկնածուն էր, ապա ուսանողների վստահությունը առավել կասկածի տեղիք է տալիս: Եվ նրանց այն հիմնավորումները, թե Համալսարանը լճացում էր ապրում եւ ռեֆորմների ժամանակն է, եւ որ նախկին ռեկտորի դերակատարումն այդ ռեֆորմներում չեն պատկերացնում, մեղմ ասած՝ հիմք չեն ընտրությունների արդյունքները կանխատեսելու համար: Ինչի՞ց ելնելով էին ուսանողները ենթադրում, որ խորհուրդը կմերժի միակ թեկնածուին: ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Միհրան Հակոբյանը հերքում է այն լուրեր, թե ռեկտորին «գահընկեց» անելու գործում իրենք այլ ուժերի աջակցությունն են ունեցել, նաեւ խորհուրդ է տալիս ենթադրություններ չանել. «Փակ քվեարկություն է եղել, եւ ոչ ոք չի կարող ասել՝ ով է կողմ կամ դեմ քվեարկել, ուստի չի կարելի միանշանակ պնդել՝ ուսանողնե՞րը չընտրեցին Ռադիկ Մարտիրոսյանին, համալսարանականնե՞րը, թե՞ ոչ համալսարանականները»: Ուսխորհրդի նախագահի կարծիքով՝ ընտրության նման արդյունքներն անակնկալ չպետք է լինեին նաեւ իր՝ Ռադիկ Մարտիրոսյանի համար: «Մենք որոշակի տարաձայնություններ ունեինք, կային նաեւ գաղափարական լուրջ հակասություններ, ինչի մասին խոսվել է ոչ միայն համալսարանի խորհրդում, այլեւ եղել են հրապարակումներ մամուլում, մենք միշտ ասել ենք, որ համալսարանը լուրջ բարեփոխումների կարիք ունի՝ եւ կրթության որակի բարելավման, եւ բուհի ֆինանսական գործունեության թափանցիկության առումով»,- ասում է Մ.Հակոբյանը՝ շեշտելով, որ «հարգելով Ռադիկ Մարտիրոսյանին, համալսարանում իր ունեցած ավանդը եւ 90-ականների ծանր տարիներին համալսարանը ավերումից փրկելու նրա ջանքերը»` այնուամենայնիվ նախկին ռեկտորին եւ նրա թիմին չեն վստահում՝ «նրանք համալսարանը չեն կարողանում տեսնել այնպիսին, ինչպիսին մենք ենք պատկերացնում, նրանց էպոխան պետք է ավարտվի, ժամանակն է, որ նոր սերունդ գա»:
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանի կարծիքով` ընտրությունների արդյունքները շահարկվում են: «Ոմանք իրենց հաշիվներն են փորձում լուծել այս ընտրություններով, ինձ համար որոշակի իմաստով անսպասելի էր քվեարկության նման արդյունքը, այն, որ առաջադրվել էր միայն Ռադիկ Մարտիրոսյանի թեկնածությունը, պատահական չէր, շատ-շատերը մտածում էին, որ ռեկտորի պաշտոնում աշխատած տարիների արդյունքները նրան իրավունք են տալիս գլխավորելու խորհրդի աշխատանքները, եւ այնուամենայնիվ, քվեարկության արդյունքները այսօր հայտնի են, եւ ես չեմ կարծում, որ դա վերաբերմունք է Ռադիկ Մարտիրոսյան ռեկտորի նկատմամբ։ Ավելի հակված եմ կարծելու, որ մարդը իր բնույթով միշտ նորույթի է ձգտում, եւ այստեղ դեր խաղաց ցանկությունը` խորհրդի նախագահի պաշտոնում տեսնելու նոր մարդու, ով գուցե ինչ-որ նորություններ կբերի համալսարանական կյանք»,- ասում է Գ.Անանյանը: Խորհրդի կազմում քվեարկած եւ քվեարկության արդյունքներից անակնկալի եկած Բանասիրական ֆակուլտետի դեկան Արծրուն Ավագյանն էլ առհասարակ զայրացած է խորհրդի կազմից: «Ինձ համար անընդունելի է, որ բուհի խորհուրդն այսպիսի խայտաբղետ կազմ կարող է ունենալ, ինչո՞ւ պետք է բուհի կառավարման մարմնում տեղ ունենան գիտության եւ կրթության հետ կապ չունեցող մարդիկ, կամ նման թվով ուսանողներ ինչո՞ւ պետք է լինեն բուհի կառավարման մարմնում՝ նրանք բուհ են եկել ուսանելո՞ւ, թե՞ ղեկավարելու»:
Սոցիոլոգիայի ամբիոնի դեկան Լյուդմիլա Հարությունյանն էլ գտնում է, որ Համալսարանը դեռ պատրաստ չէր այդ ընտրությանը. «Երկար տարիներ Համալսարանը ղեկավարվել է պետության կողմից նշանակված ռեկտորի կողմից, հետագայում ռեկտորին ընտրում էր խորհուրդը, իսկ կառավարման այս նոր համակարգի ներմուծումը տեղի ունեցավ ոչ հիմնավոր եւ անփույթ ձեւով։ Ժամանակ չեղավ, որ մարդիկ հասկանան, որ նոր համակարգ է մտնում, եւ համակարգի ներմուծմանը հընթացս տեղի ունեցան ընտրություններ՝ շռնդալից ձեւավորվեց խորհուրդը եւ անցան ընտրությունների»: Տիկին Հարությունյանի խոսքերով` խորհրդի անդամներից շատերը չէին գիտակցում, որ ոչ թե ռեկտոր են ընտրում, այլ խորհրդի նախագահ, եւ մինչ այս էլ չեն պատկերացնում խորհրդի նախագահի ֆունկցիան: Տեղի ունեցածը Լ.Հարությունյանը բնորոշում է որպես ապտակ՝ համալսարանականների դեմքին. «Ապտակ էր այն, որ ոչ մի թեկնածություն չառաջարկվեց Ռադիկ Մարտիրոսյանից զատ, եւ դա ոչ թե նրանից էր գալիս, որ հանցավոր ցանկություն կար միայն նրան ընտրելու՝ նույն ուսանողները կամ նախարարության ու կառավարության ներկայացուցիչները թող առաջարկեին իրենց թեկնածուին, սակայն, փաստորեն, թողնելով մի թեկնածու եւ այս վախճանին հասցնելով, ուրեմն հաջորդ քայլն էլ պետք է ունենային»: Թեեւ խորհրդի նախագահի հաջորդ ընտրություններին մի քանի օր է մնում, սակայն հաջորդ քայլն առայժմ հստակ չէ: «Եկան Համալսարանի ներսում ապացուցեցին, որ Համալսարանը ոչինչ է. ո՞րն է երկրորդ քայլը: Ոչ ոք չգիտի: Միայն լուրեր են պտտվում, որ փնտրվում է խորհրդի նախագահի թեկնածու: Որտե՞ղ են փնտրում, ովքե՞ր են փնտրում, ինչո՞ւ չեն գալիս համալսարանում փնտրեն»,- Լ.Հարությունյանը տեղի ունեցածը բնութագրում է որպես ծրագրված քաղաքականություն՝ Համալսարանը հիմնովին վարկաբեկելու համար՝ տեղի ունեցածում բոլորովին էական չհամարելով այն, թե ով կլինի Համալսարանի հաջորդ ռեկտորը կամ խորհրդի նախագահը։ «Ես այս ամեն ինչի մեջ գավառականացում եմ տեսնում, ամեն ինչ թեւերի է բաժանվել, ամեն ինչ թեւերի պիտի բաժանվի, միասնական ոչինչ չպետք է մնա, ամեն ինչը գաճաճ շահին ծառայեցնելու միտում կա այս ամենում, քաղաքականացնելու, կլանի վերածելու միտում, եւ երբ որ միգրացիայի պատճառներն ուսումնասիրվում են, մոռանում են, որ մտավորականների մեծ մասը գնացել է ոչ թե հացի հետեւից, այլ ի բողոք նման գավառականացման, ի բողոք կլանիզացիայի, ի բողոք ռեֆորմներ չիրականացնելու եւ առհասարակ այդ մասին պատկերացում չունենալու, առհասարակ երկիրը փոխել չիմանալու պատճառով»,- ասում է Լ. Հարությունյանը:
Այսպես, մինչ Համալսարանը տապակվում է իր յուղի մեջ, տարբեր շրջանակներում ԵՊՀ խորհրդի նախագահի հնարավոր թեկնածություններ են առաջադրվում ու քննարկվում: Համալսարանականներին հասած տեղեկություններով` հնարավոր նախագահի թեկնածուներն են ՀՀՌԸԽ նախագահ Ալեքսան Հարությունյանն ուՀՀ ԱԺ ԿԳ հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը: Երկուսն էլ հերքեցին այդ լուրերը: Պրն Հարությունյանը թեեւ խոստովանեց, որ իր համար էլ անսպասելի էր Ռ.Մարտիրոսյանի չընտրվելու փաստը, սակայն նշելով, որ ինքը «սովոր է հարգել ցանկացած ընտրության արդյունքը», միաժամանակ պնդում է, որ «հույս չունենանք, թե ինքը որեւէ տեղ է պատրաստվում գնալ»: Հրանուշ Հակոբյանն էլ նկատեց, որ ինքը հիմա շատ կարեւոր խնդիրներով է զբաղված եւ ժամանակ չի ունեցել հետեւելու, թե ինչ լուրեր են պտտվում: Իսկ այդ լուրերը բացատրեց նրանով, որ ինքը համալսարանին «մոտ կանգնած մարդ է, եւ երեւի այդ պատճառով են մտածում, որ ինքը կարող է լինել հավանական թեկնածուն»: Ի դեպ, Հրանուշ Հակոբյանի` «Համալսարանին մոտ կանգնած լինելու» փաստը զարմացրել էր դասախոսներից մեկին, ով չէր պատկերացնում, թե տիկին Հակոբյանը երբ է հասցրել համալսարանական այնպիսի կենսագրություն ձեւավորել, որ հնարավոր լինի նրան տեսնել խորհրդի նախագահի դերում: