Նախ՝ մի թեթեւ ջրի թանկացման մասին հայտարարվեց: Դա պարզ դարձավ դեռեւս 2005թ. դեկտեմբերի 14-ին, երբ ՀՀ կառավարության հետ կնքած պայմանագրով ֆրանսիական «Ժեներալ դեզ Օ» ընկերությունը 10 տարի ժամկետով դարձավ Երեւան քաղաքի եւ հարակից մոտ 30 գյուղերի ջրամատակարարը, այսինքն` «Երեւանի Ջրմուղ-կոյուղի» (ԵՋԿ) ընկերության նոր վարձակալը: «Ժեներալ դեզ Օ»-ին Երեւանում տեղեկացրել են, որ իր վարձակալած ոլորտը շուրջօրյա ջրամատակարարմամբ է ապահովում բաժանորդների 70 տոկոսին: Ընկերության ներկայացուցիչները հավատացել են այդ տեղեկատվությանը եւ պարտավորվել են մնացած պակասն էլ իրենք լրացնել: Ուղղակի այդ արդյունքին հասնելու համար ընկերությունը գտել է, որ Համաշխարհային բանկի հատկացրած 20 մլն դոլար վարկը եւ մեր կառավարության 2 մլն համաֆինանսավորումը չի բավարարում, եւ ջրի սակագինը նորից բարձրացնելու խիստ անհրաժեշտություն է առաջանում: Այդ մասին «Ժեներալ դեզ Օ»-ն նշել է իր ներկայացրած ծրագրում՝ առաջիկա երեք տարիներին 1 խմ ջրի գինն առանց ավելացված արժեքի հարկի պետք է դառնա 144 դրամ: ՀՀ կառավարությունն իր համաձայնությունը տվել է այդ նախագծին, եւ առաջիկայում խմելու ջրի գինը Երեւանում կդառնա մոտ 175 դրամ:
Վերջին անգամ ջրի գինը բարձրացավ անցած տարի մայիսին եւ դարձավ 1 խմ համար 125 դրամ: Դժվար է ասել, թե նոր վարձակալը սակագնի թանկացման հայտը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դատին ե՞րբ կներկայացնի: Ուղղակի հիշեցնենք, որ տվյալ դեպքում հանձնաժողովն իր որոշումը վերանայելու իրավունք ունի վերջին փոփոխությունից միայն 1 տարի հետո՝ այս տարվա մայիսի 1-ից հետո: Այսինքն՝ «Ժեներալ դեզ Օ»-ն ջրի թանկացման համար սակագնային հանձնաժողովին կդիմի միայն մայիսի 1-ից հետո: Փորձը ցույց է տվել, որ ապրանքի կամ ծառայության «տերերը» երկար սպասել չեն սիրում եւ սահմանված ժամկետը լրանալուց քիչ ժամանակ հետո անպայման օգտվում են իրենց «իրավունքից»: Մենք դեռ չգիտենք, թե «Ժեներալ դեզ Օ»-ն ինչպիսի՞ մտադրություններ ունի՝ ջրի գինը 95 դրամից միանգամի՞ց 175 դրամ կդարձնի, թե՞ դա կանի աստիճանաբար՝ առաջիկա 3 տարիների ընթացքում: Մենք ուղղակի կարող ենք ենթադրել, որ թանկացումը վրա կհասնի միանգամից եւ սահմանված ժամկետը լրանալուց հետո երկար չի սպասեցնի: Դա կլինի հավանաբար աշնանը: Ուղղակի սպառողը համոզված է, որ ջուրն առանց այդ էլ թանկ է, եւ նոր սակագինն ավելի շատ թանկ կլինի մատակարարված ապրանքի ու նրա որակի համար: Ուղղակի մխիթարողն այն է, որ այս ոլորտի մյուս ապրանքների համեմատ ջրի համար սպառողի գրպանից քիչ գումար է գնալու: «Ժեներալ դեզ Օ»-ն Երեւանում դեռ չի ստանձնել իր պարտականությունները: «Համայնքների զարգացման գրասենյակից» տեղեկացրին, որ պարտականությունների մեկնարկը կլինի հավանաբար մայիսից: Մինչ այդ Երեւանի ջրամատակարարումն ու ջրահեռացումն իրականացնում է ԵՋԿ-ն: Իսկ Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը պատճառաբանված չի համարում ջրի գնի թանկացումը: Նրա ասելով` ջրամատակարարման որակը եւ սակագինը համամասնորեն չեն բարձրանում, սակագինը որակից շատ է առաջ ընկել: Այսինքն, ոլորտի պատասխանատուները վատ ծառայության համար պահանջում են բարձր գին: Ա. Պողոսյանի ասելով` սակագինը որակից առաջ է ընկել նաեւ բնական մենաշնորհների մնացած բոլոր ապրանքների ու ծառայությունների համար: Գազի գնի վերահաս ու անխուսափելի թանկացումը շրջանցելով, հիշեցնենք, որ 2005թ. նոյեմբերի
1-ից գազասպառման ներտնային համակարգի սպասարկումն ամբողջովին անցավ «ՀայՌուսԳազարդ» ընկերությանը:
«Օրինակ, հանձնաժողովն անցած տարվա վերջին հաստատեց գազի սպառման ներտնային ցանցի սպասարկման սակագները,- ասում է պարոն Պողոսյանը: -Բայց հաստատելու ժամանակ նշված չէր, թե բաժանորդն այդ գումարը կոնկրետ ո՞ր ծառայությունների դիմաց պետք է վճարի: Հաստատվելուց հետո նոր պարզվեց առաջարկված աշխատանքների ծավալը: Դա ճիշտ չէ, փաստորեն ընդունվեց մի գին, որը պարզ չէր, թե ինչի համար պիտի վճարվեր: Ճիշտ կլիներ, եթե հաստատվեր նախ` աշխատանքների ծավալը, հետո նոր` դրա դիմաց պահանջվող գումարը: Իմ կարծիքով` այդ աշխատանքները հաստատված գումարի համար քիչ են, եւ այդ աշխատանքների սակագինը վերանայելու համար մենք անպայման դիմելու ենք հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին»:
Պարոն Պողոսյանի ասելով` միջին հնարավորություններ ունեցող սպառողը տաք եղանակներին վառում է ամսական միջինը 500-600 դրամի գազ, ու ծառայությունների համար հաստատված սակագինը բաժանելով տարվա վրա, յուրաքանչյուր ամսին հասնում է նորից 500-600 դրամ: Այսինքն՝ միջին սպառողը ծառայության համար վճարում է նույնքան, որքան ապրանքի համար: Սպառողի շահերի պաշտպանի կարծիքով` սա արդար չէ:
Իսկ գազի գնի անխուսափելի թանկացումը կբերի նաեւ էլեկտրաէներգիայի թանկացմանը: Արդեն հայտարարվել է, որ Ռուսաստանից 1000 խմ գազի դիմաց 110 դոլար վճարելու դեպքում, էլեկտրաէներգիան 4-5 դրամով կթանկանա: Սպառողների շահերի պաշտպանները գտնում են, որ այդ ապրանքը մատուցված որակի համեմատ առանց այդ էլ թանկ է: Գազի ու էլեկտրաէներգիայի թանկացումը կբերի տրանսպորտի, բոլոր ապրանքների եւ ընդհանրապես կյանքի կտրուկ թանկացմանը: Այստեղ էլ մխիթարողն այն է, որ մինչեւ թանկացումները դեռ մի քանի ամիս էլ կարող ենք «թեթեւ» ապրել: