Հունվարի 19-ին Համաշխարհային բանկը (ՀԲ) հաստատել է Հայաստանին տրամադրվելիք 20 մլն դոլար գումարով Աղքատության հաղթահարման աջակցության 2-րդ վարկը (ԱՀԱՎ): Այն հիմնված է կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի քաղաքականությունների եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների վրա: Վարկը Հայատանին կտրամադրվի 40 տարի մարման ժամկետով եւ 10 տարի արտոնյալ ժամկետով: ԱՀԱՎ ծրագիրն իրագործվելու է 4 ուղղություններով` մակրոտնտեսական կարգապահության բարելավում եւ կառավարման ամրապնդում, մրցակցային միջավայրի զարգացում եւ գույքային իրավունքների ամրապնդում, սոցիալական եւ բնապահպանական ռիսկերի զսպում, ինչպես նաեւ` գյուղական շրջանների տնտեսության արդիականացում:
Դեռ նախորդ տարվա վերջերից ՀԲ-ն միջազգային այլ կառույցների հետ որոշել է ֆինանսավորել թռչնագրիպի դեմ պայքարը: ՀԲ Երեւանյան գրասենյակի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանի խոսքերով` այդ միջոցառումները, ցավոք, երկարաժամկետ բնույթ պետք է կրեն: Հայաստանը պետք է տեխնիկապես հագեցած լինի, որպեսզի հետագայում նույնպես կարողանա պայքարել այս հիվանդության դեմ: ՀՀ կառավարությունը ՀԲ-ին ներկայացրել է 4մլն դոլար գումարով վարկի հայտ (Վ. Սարգսյանի հավաստմամբ` այս թիվը դեռ վերջնական չի): Սակայն, մինչեւ ծրագրի հաստատվելը թռչնագրիպի կանխարգելման միջոցառումներն իրականացնելու համար կառավարությունն այսօր օգտագործում է ՀԲ-ի Գյուղական զարգացման ծրագրի գումարները, ինչը հետագայում կփոխհատուցվի:
ՀԲ-ն Հայաստանի կառավարության հետ համագործակցում է նաեւ կառուցվածքային բարեփոխումների առումով: Մասնավորապես, նախատեսվում են բարեփոխումներ ավիացիայի ոլորտում եւ «Հայկական երկաթուղու» կառավարման մեջ: «Հայաստանը պոտենցիալ հնարավորություն ունի ավելի շատ տուրիստներ ներգրավել եւ ավելացնել արտաքին ապրանքաշրջանառության ծավալները: Ուստի շատ կարեւոր ենք համարում քաղաքացիական ավիացիայի բարելավումը»,- ասում է ՀԲ Երեւանյան գրասենյակի տնտեսագետ Գոհար Գյուլումյանը:
ՀԲ-ն նախատեսում է նաեւ հարկային եւ մաքսային դաշտերում ինքնահայտարարագրման համակարգի ներդրումը: Վերջինս հնարավորություն կտա թուլացնել հարկատու-հարկադիր կապերը, ինչի հետեւանքով կնվազի համակարգում կոռուպցիայի մակարդակը: Մեզ հետ զրույցում Գ. Գյուլումյանը մանրամասնեց այդ համակարգի էությունը: Ըստ նախատեսվող փոփոխությունների, մասնավորապես, հարկատու սուբյեկտները ոչ թե կգնան հարկային մարմինների հետ առանձին եւ առերես «հարց լուծելու», այլ հաշվետվությունների ձեւով իրենց գործունեության արդյունքները կներկայացնեն հարկադիրին: Վերջինս, իր հերթին, տնտեսվարող սուբյեկտների արդարությունը ստուգելու համար ընտրանքային ձեւով ստուգումներ կանցկացնի նրանցից շատերի մոտ:
Գազի գնի առաջիկա թանկացման տնտեսական հետեւանքների մասին Գ. Գյուլումյանը չխոսեց` ասելով, որ տարածաշրջանում ուսումնասիրություններ են անցկացվելու, եւ հետո պարզ կդառնա, թե «տարբեր սցենարների դեպքում գազի գինն ինչպիսի ազդեցություն կունենա երկրի մակրոտնտեսական ցուցանիշների եւ աղքատության վրա»: