«Ուզում եմ Նախագահի ոտքերն ընկնեմ, որ ուղարկեն ծերանոց». ասում է «բոմժ» դարձած Ստեփան պապիկը

22/01/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հսկիչ ոստիկաններն ասացին, որ նույնիսկ լրագրողները հանդիպմանը մասնակցել չեն կարող, քանի որ իրենք հրահանգ են ստացել ոչ ոքի թույլ չտալ շենք մուտք գործել: Հանդիպմանը մասնակցել են միայն «Հայլուր» լրատվական ծառայության աշխատակիցները: Մինչ քաղաքապետարանի ներսում նախագահ Ռ. Քոչարյանն ու քաղաքապետ Երվանդ Զախարյանն ինչ-որ հարցեր էին քննարկում՝ պատառոտված պայուսակը քաշ տալով քաղաքապետարանի շենքի մուտքերից այս ու այն կողմ էր վազում մի ծեր մարդ: Ոստիկանները նրա առջեւ դռները բաց չէին անում, իսկ նա խնդրում էր, որ իրեն թույլ տան հանդիպել նախագահին կամ քաղաքապետին, որովհետեւ նրանց տեսնելու իր վերջին հնարավորությունն է: «Ի՞նչ կլինի, աղջիկս, ասա թողնեն ներս մտնեմ, ցուրտ ա, էլ չեմ դիմանում, ցրտահարվում եմ»,- աղեկտուր խնդրում էր ծերունին: Երբ նրան բացատրեցի, որ պաշտոնական հանդիպումների ժամանակ քաղաքացիների ընդունելություն չի լինում, շատ ընկճվեց ու ասաց. «Իսկ դու ո՞վ ես, չե՞ս կարող ինձ օգնել, մտնեմ ներս, ես ուզում եմ քաղաքապետի կամ Քոչարյանի ոտքերն ընկնեմ, աղաչեմ, որ ինձ ուղարկեն ծերանոց: Եթե հիմա ինձ չթողնեն ներս մտնեմ, էլ չեմ կարա գամ, չգիտեմ կդիմանա՞մ էս ցրտին, էսօր ուժեղ ձյուն ա գալիս, փողոցներում չեմ դիմանա»: Անօթեւան ծերունուն հրավիրեցի խմբագրություն: Տաք թեյ խնդրեց, ասաց, որ շատ է սառել, փայտացել է: Ասում է՝ «Ես ոչինչ չեմ ուզում, միայն ուզում եմ ինձ ուղարկեն ծերանոց, տեղ չունեմ գնալու, անտուն եմ, փողոցներում, կայարաններում եմ քնում, էնտեղից էլ ոստիկանները հանեցին: Հիմա չգիտեմ ուր գնամ»: Ծերունին Ստեփան Հարությունյանն է: 76 տարեկան է: Ասում է, որ թեեւ ծեր է, բայց «ձրիակեր» չի, եթե իրեն ուղարկեն ծերանոց՝ այնտեղ կաշխատի, հողագործությամբ կզբաղվի ու ծերանոցին իր աշխատանքով օգուտ կբերի: Ստեփան Հարությունյանը միայնակ է, ընտանիք չունի, այսինքն՝ 2 որդի ուներ, որոնց կորցրել է: Լենինականում բնակվող Ստեփանը 1960թ. կնոջ ու 2 տղաների հետ մեկնել է Ղազախստան աշխատելու: Ասում է՝ «Եսիմ, Ռոբինզոն Կրուզոյի նման որոշեցի, ու գնացինք: Նորմալ աշխատում-ապրում էինք: Տարիներ անց, երբ սումգայիթյան դեպքերը սկսվեցին, մուսուլմանները քրիստոնյաներին սկսեցին հալածել: Ղազախստանում, մի օր, երբ աշխատանքի էի գնացել, մուսուլմանները մտել էին մեր տուն ու ուզեցել էին 2 տղաներիս տանեն, վերացնեն: Կինս չէր թողել, բռնել-սպանել էին: Եկա տուն, տեսնեմ՝ կինս մահացած, 2 տղաներիս էլ տարել էին»: Այդ օրվանից սկսած՝ Ստեփանը որդիների մասին տեղեկություն չունի. ասում է՝ կամ փախել են, կամ էլ մուսուլմաններն են սպանել: Ազգությամբ ուզբեկ մի մարդ օգնել է, որ Ս. Հարությունյանը վերադառնա Հայրենիք: 1988-ի դեկտեմբերի 7-ին երկրաշարժ եղավ, իսկ 8-ին Ստեփանը հասավ Լենինական: Փրկարարական աշխատանք էր կատարում եւ ապրում էր եղբոր տանը: Եղբոր կինը որոշ ժամանակ անց վռնդել է նրան: Մեկնել է Ղարաբաղ կռվելու, բայց ետ են ուղարկել, որովհետեւ տարիքով մեծ է եղել: Ղարաբաղում մի քանի օր մնալով` ինչ-որ մեկի ոչխարներն է պահել, որպեսզի փող տան՝ հասնի Լենինական: 10.000 դրամ են տվել, կարողացել է կոշիկ գնել, որովհետեւ կալոշներով է եղել: Հասել է Գյումրի ու նրան տեղավորել են ծերանոցում: 15 օր առաջ Ստեփանին ծերանոցից հանել են: «Գնացի քաղաքապետարան: Քաղաքապետ Վարդան Ղուկասյանի տեղակալն ասեց, որ ծերանոցում 160 հոգի մարդ կա, չեն կարա ինձ պահեն: Ասեց, որ ծերանոցի շենքը վերանորոգում են, ես էլ չեմ կարա մնամ էնտեղ: Հիմա եկել եմ, որ Երեւանի քաղաքապետի ոտքերն ընկնեմ, ասեմ՝ մի ծերանոցում ինձ տեղավորի, փոխարենը կառաջարկեմ աշխատել, ծերանոցին օգնել իմ աշխատանքով»,- աղերսում է նա: Ստեփանը Գյումրիից Երեւան է եկել էլեկտրական գնացքով: 15 օր է ինչ կայարաններում է քնում՝ վագոնների մեջ: Ասում է, որ ոստիկաններն այլեւս թույլ չեն տալիս կայարաններում գիշերել ու, թե այսօր որտեղ կմնա՝ չգիտի: «Պատկերացրու` ի՞նչ օրն եմ ընկել, որ երեկ մի երկու հոգուց հաց եմ խնդրել, էլ ապրել չի լինում»,- ամաչելով ասում է Ստեփանը: Խմբագրությունից հեռանալիս Ստեփան պապը մի պահ իրեն պատին կախված հայելու մեջ տեսավ ու քարացավ. «Էս ի՜նչ դարձա Աստված իմ, էս ի՜նչ վիճակում եմ»,- եւ ինքն իրեն հայելու մեջ չգտնելով՝ շվարած հեռացավ: