14-ամյա Պետրոս Ավչիեւը մոր` Աննա Ավչիեւայի հետ ապրում է Արարատի մարզի Մասիս քաղաքի բնակելի շենքերից մեկում:
«Ես ինչքան առաջ եմ գնացել, բոլորը մեր հարեւանների ու ընկերներիս շնորհիվ: Իրանք մեզ մեկ-մեկ ուտելու բան են տալիս, շոր, կոշիկ, ամեն ինչ, ամեն ինչ, էլի… Բայց, մեկ ա, ես որ չանեմ, ո՞վ կանի»: «Հա, իմ բալիկս որ չլիներ, ի՞նչ էինք անելու,- արձագանքում է Աննան` գիրկն առնելով փոքրիկ շնիկին, որին Տուզիկ է կոչում: – Ո՞վ, դո՞ւ ես աշխատում: Հը՞, Պետո»,- անսպասելի վերադառնալով իրականություն, թե, ընդհակառակը, դրանից կտրվելով` զարմանում է Աննան:
«Մամ ջան, հլը մի րոպե սուս,- բարակ, բայց արդեն կոտրվող ձայնով մորը խստորեն ընդհատում է Պետրոսը: – Ես եմ, էլի, բերում դեղերը, մամայիս խմացնում: Խառնում եմ սուրճի մեջ ու խմացնում մամայիս»:
Աննան, որ որդու նախատինքից փոքր-ինչ մտահոգված անշարժ նստած է, բարձրացնում է աչքերը. «Ես դեղ չեմ խմում»:
«Խմում ես,- առարկում է որդին: – Խառնում եմ քո սուրճի մեջ, խմում ես»: «Բայց ես հիվանդ չեմ, Պետո: Գիտես, մաման որ սենց ա, բան չի՞ հասկանում»,- Աննան խոժոռ նայում է Պետոյին` շարունակելով շոյել իր Տուզիկին: Աննա Ավչիեւան տառապում է շիզոֆրենիայից: Նա պարբերաբար բուժվում է Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցում, սակայն ժխտում է իր հիվանդ լինելն ու հրաժարվում բուժում ստանալուց:
Պետրոսի մայրը տղայի ապագա հոր հետ ծանոթացել է Մասիսում, եւ չնայած նա ամուսնացած էր ու երեխա ուներ, որոշում է երեխա ունենալ ու մենակ մեծացնել նրան:
Ժամանակի ընթացքում Աննան դառնում է հոգեկան հիվանդ, եւ ընտանիքի ամբողջ հոգսն ընկնում է փոքրիկ Պետրոսի ուսերին:
«Հիմա աշխատում եմ ինտերնետ կապում: Ես ու ընկերս տներով գնում ենք փողերը հավաքում, հետո ամսվա վերջում ստանում ենք մեր մասը: Ամսական միջինը 5000 դրամ գալիս ա, էլի»,- ասում է Պետրոսը:
Հիմնական եկամուտը, այդուհանդերձ, աղքատության ընտանեկան նպաստն է, մոր հիվանդության թոշակը, «Փարոսից» ստացվող նպաստը, ինչպես նաեւ գումարները, որը Պետրոսի դիմումներից հետո պարբերաբար հատկացնում է Մասիսի քաղաքապետը:
Այս գումարները բավարարում են միայն ընտանիքի ծախսերի մի մասը հոգալուն եւ մորը խնամելուն:
«Ես շատ եմ սիրում սովորել: Բայց, դե, հիմա չեմ կարող դպրոց գնալ: Համ էլ ինձ հանել են դպրոցից,- ափսոսանքով ասում է Պետրոսը, որը դպրոց հաճախելու ոչ մի գրենական պիտույք չունի: – Էս բոթասներս ընկերս ա տվել: Ես էլ որ դպրոց չէի գնում, իմ սաղ տետրերս տվեցի մեր հարեւանին, իրան սեւագրեր էին պետք»:
«Չէի հասցնում, մի ամիս առաջ զանգեցին, ասեցին` եթե չես գալու դպրոց, արի, փաստաթղթերդ տար»:
«Մինչեւ հինգերորդ դասարան լավ եմ սովորել: Բայց համ էլ չեմ ուզում գնամ, որովհետեւ, երբ դասարանով փող ենք հավաքում, ես չեմ կարում էդ փողը տամ, էրեխեքը ինձ վրա ծիծաղում են կամ էլ մեղքում: Դրա համար էլ չեմ գնում»:
«Բայց, դե, սովորել շատ եմ ուզում: Եթե հասցնեմ, շատ կուզեմ ավարտեմ դպրոցը, հետո էլ ուզում եմ վարսավիրի գործ սովորեմ: Ինձ խոսք են տվել տանեն Մոսկվա, որ աշխատեմ, մեզ պահեմ: Դրա համար պիտի սովորեմ, էլի,- ասում է Պետրոսը: – Մասիսի սպորտդպրոցում սովորացնում են, էլի, ես իմացել եմ, ամիսը հազար դրամով»: