Յոթ անօթեւան արդեն մահացել է

22/01/2006

Ուղիղ մեկ տարի առաջ «Հետք»-ը հատուկ թողարկում պատրաստեց Երեւանի անօթեւանների մասին: Մեր ուսումնասիրություններից պարզվեց, որ վերջին չորս տարիներին յուրաքանչյուր ձմեռվա ընթացքում մայրաքաղաքում ցրտից մահանում է մոտ հիսուն անօթեւան:

Հայաստանում չկար (առ այսօր էլ չկա) որեւէ պետական մարմին կամ հասարակական կազմակերպություն, որը զբաղվեր անօթեւաններով, փորձեր գոնե ձմեռվա ամիսներին լուծել նրանց խնդիրները:

Փողոցում հայտնված մարդկանցից ամեն մեկն ունի իր պատմությունը: Նրանցից շատերը չեն դիմացել կյանքի հարվածներին, մի մասին լքել են հարազատները, մի մասն ամենաանհավանական հանգամանքներում կորցրել է ունեցվածքը, բնակարանը եւ ապաստան գտել փողոցում:

Պետական մարմինների եւ հասարակության ուշադրությունն այս խնդրի վրա սեւեռելու համար «Հետք»-ը 2005-ի հունվարի 27-ին կազմակերպեց մի ակցիա, որի ժամանակ ցուցադրվեցին լուսանկարիչ Օնիկ Գրիգորյանի լուսանկարները եւ «Հետաքննող լրագրողների» ու «Երկիր մեդիա» հեռուստաընկերության համատեղ պատրաստած «Անանուն շիրիմներ» ֆիլմը: Տարբեր կազմակերպություններ, անհատներ արձագանքեցին, եւ այդ ժամանակ համատեղ ջանքերով կարողացանք փրկել մի քանի տասնյակ մարդկանց կյանք՝ ձմռան ամիսներին նրանց համար բնակարան վարձելով, տաք հագուստներ բաժանելով, տեղավորելով հիվանդանոցներում: Միջազգային տարբեր կազմակերպություններ նույնպես ընդունեցին, որ Հայաստանում կա նման խնդիր եւ խոստացան կառավարությանն աջակցել այն լուծելու համար: Մասնավորապես, նման խոստումներ տվեցին ՄԱԿ-ի Հայաստանյան գրասենյակի համակարգող Լիզ Գրանտեն, «ՀՕՖ» կազմակերպությունը:

Կառավարությունը, որ մինչ այդ հայտարարում էր, թե Երեւանում անօթեւանների խնդիր չկա, կարծես թե ընդունեց իրականությունը եւ Երեւանի մերձակայքում գտնվող Չորրորդ գյուղում` ծերանոցի հարեւանությամբ, անօթեւանների կացարանի համար մի շինություն հատկացրեց: Քարե երկհարկանի շենքը վերանորոգման կարիք ուներ: Սակայն կառավարությունը, չգիտես ինչու, այդ շենքի վերանորոգումը նախատեսել է 2006-ի երկրորդ կամ երրորդ եռամսյակում: Այն ժամանակ մեզ ասացին, թե համապատասխան միջոցներ չկան:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը նամակով դիմեց «Հետք»-ին` խնդրելով նախարարությանը տրամադրել այն բարերարների անունները, ովքեր պատրաստակամություն են հայտնել օժանդակել Հայաստանում անօթեւանների համար կացարանի կառուցման գործում: Մենք այդ նամակը տեղադրեցինք «Հետք»-ում, սակայն բարերարներից ոչ ոք կապ չհաստատեց նախարարության հետ: Մի քանի սփյուռքահայեր մեզ տարբեր չափերի գումարներ առաջարկեցին, որպեսզի մենք ստանձնենք հատկացված շենքի վերանորոգման գործը: Բնականաբար, մերժեցինք՝ համարելով, որ դա լրագրողների խնդիրը չէ: Դեկտեմբերին սփյուռքահայ մի բարերար` այցելելով «Հետք»-ի խմբագրություն՝ առաջարկեց իր միջոցներով այդ շենքում շուտափույթ վերանորոգել երեք սենյակ, որպեսզի այս ձմռանն անօթեւանների մի մասը կարողանա պատսպարվել այնտեղ: Հեռախոսով կապվեցինք Սոցապնախարարության պատասխանատուներից մեկի` Ջեմմա Բաղդասարյանի հետ, եւ բարերարը նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերեց այդ մի քանի սենյակի վերանորոգման եւ անօթեւաններին տեղավորելու մասին: Կես ժամ հետո մենք այդ շինությունում էինք: Հաջորդ օրն իսկ բարերարը (նա չուզեց հրապարակել իր անունը) շինարարների խումբ բերեց, եւ սկսվեց վերանորոգումը: Այս պահին այդ շենքում երեք մեծ սենյակներ վերանորոգված են, բայց աշխատանքներն ավարտելուց հետո նախարար Աղվան Վարդանյանը հայտնեց, որ առայժմ չեն կարող տեղավորել անօթեւաններին, քանի որ կացարանում աշխատողներ ունենալու համար համապատասխան հաստիքներ չունեն:

Կարծում ենք՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Մեկ տարի շարունակ նախարարությունն անգործություն է դրսեւորել այս հարցում եւ որեւէ քայլ չի ձեռնարկել կառավարության որոշումը կյանքի կոչելու համար: Նրանք նույնիսկ չգիտեն, թե քանի՞ անօթեւան կա այսօր Երեւանում, որտե՞ղ են նրանք գիշերում, ի՞նչ տարիքի են: Հետեւապես, նախարարությունն ի վիճակի էլ չէ կարգավորել անօթեւանների խնդիրը, որոնց բախտը պարզապես բերել է այնքանով, որ Երեւանում դեռ ուժեղ ցրտերը չեն սկսվել, չնայած յոթ անօթեւան արդեն մահացել է: Օրերս նախարարությունը դիմել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական-հասարակական կազմակերպությանը, որպեսզի վերջինս մինչեւ մայիս ժամանակավորապես ապաստանի անօթեւանների մի մասին:

«Հետք», www.hetq.am