«Եվրոտեսիլի» երգը հեղինակ եւ կատարող ունի, բայց խոսքեր չունի

22/01/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Մայիսի 18-ին Հունաստանում մեկնարկող «Եվրոտեսիլ-2006» երգի մրցույթին առաջին անգամ կմասնակցի Հայաստանի ներկայացուցիչը: Այս առիթով Հանրային հեռուստատեսությունում գեղարվեստական խորհուրդ էր ստեղծվել, որը պետք է որոշեր հայ մասնակցին եւ մրցույթին ներկայացվող երգը:

«Եվրոտեսիլի» 38 մասնակից երկրների շարքում հայտնված Հայաստանի համար դա ներկայանալու եւ սեփական երկրի վարկանիշը բարձրացնելու լավ առիթ է լինելու: «Եվրոտեսիլը» վաղուց արդեն պարզապես երգի մրցույթից վերածվել է քաղաքական երանգ ունեցող մրցույթի, եւ շատ հաճախ որոշում է տվյալ երկրի ապագա դիրքը քաղաքական քարտեզի վրա: Վերջին տարիներին հաղթող են դարձել ուշադրության կենտրոնում հայտնված Ուկրաինան, Եվրամիության անդամ դառնալ ձգտող Թուրքիան, ապա՝ հաղթանակած տարվա ընթացքում Եվրամիության անդամ դարձած Հունաստանը: «Հ1»-ի գլխավոր պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը հպարտությամբ նշեց, որ Հայաստանը Անդրկովկասի երկրներից առաջինն է, որը մրցույթին մասնակցելու հրավեր է ստացել, քանի որ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը Եվրոպական հեռարձակողների միության անդամ է դարձել: «Մեր լավ աշխատանքի շնորհիվ ենք մենք մասնակցում այդ մրցույթին»,- ասաց նա: Արդեն որոշված է մասնակցի անունը (Անդրե) եւ երգի հեղինակը (Արմեն Մարտիրոսյան): «Եվրոտեսիլ» երգի մրցույթին կարող են մասնակցել միայն վերջին ամիսներին հնչած երգերը: Դեկտեմբերի 26-ին պաշտոնական հրավեր ստանալուց անմիջապես հետո երգի մրցույթ է հայտարարվել: «Ներկայացված երգերի քանակը բավարար էր, դրանք թվով 20-ն էին, երգեր էին ուղարկվել Գյումրիից, Ամերիկայից, Էջմիածնից եւ նույնիսկ Շվեդիայից»,- ասաց Հ. Քեշիշյանը: Թեեւ երգն արդեն ընտրված է, սակայն այն դեռ բառեր չունի: Արմեն Մարտիրոսյանի մեղեդու հիման վրա գրված երգը «Stay with me» է կոչվելու եւ Աթենքի բեմից հնչելու է անգլերեն լեզվով, թեեւ ինչպես ընդունված է՝ նաեւ հայերեն տարբերակ է ունենալու: Երգը հնչելու է կիսաեզրափակիչ փուլում, եւ հաղթանակի դեպքում` նաեւ եզրափակիչում: Պատրաստվելու են Հայաստանը ներկայացնող տեսահոլովակներ, շուտով գործելու է նաեւ eurovision.am ինտերնետային կայքը: Իսկ երգիչների կատարումների գնահատականները որոշվելու են հեռախոսային քվեարկությամբ, որի կարգը շուտով կհստակեցվի:

«Եվրոտեսիլը» դասական, խորը երաժշտության մրցույթ չէ, այլ պոպուլյար երգի մրցույթ»,- ասաց Հ. Քեշիշյանը: Փոփ երաժշտությունը նաեւ փոփ կատարող է պահանջում: Այսօրվա ամենափոփ երգիչը Անդրեն է համարվում, որը երկու անգամ Ազգային մրցանակաբաշխության որոշմամբ Հայաստանի լավագույն երգիչ է դարձել: «Նաեւ «Հ1»-ի «Թեժ տասնյակ» հաղորդման ժամանակ առաջին հորիզոնականներն է զբաղեցրել»,- ասաց «Հ1»-ի գլխավոր պրոդյուսերը: Որպես փոփ կյանքով ապրող երգիչ` Անդրեն մրցույթին իրեն ուղարկելու որոշումն ընդունել է շատ խոհեմ եւ ինչպես իրավիճակն է պահանջում` հուզված եւ պատասխանատու է ուզում երեւալ: Գուցե Անդրեի «աստղային երգչի» չգրված կարգավիճակը հենց այն է, ինչ պահանջում է «Եվրոտեսիլը», քանի որ եվրոպական փոփ ստանդարտները վարժ շարժուձեւ եւ բեմում վստահ զգալու կարողություն են ենթադրում: Միշտ էլ սկզբում առաջինն աչքի է ընկնում երգչի կերպարը, եւ հետո միայն` երգելու ունակությունները: Համենայնդեպս, եւ Անդրեն, եւ «Հ1»-ը գոհ են: Անդրեն, կարծես թե, ավելի գոհ է: Նշենք, որ մասնակիցների այլ թեկնածություններ էլ են եղել՝ Սիրուշոն ու Ինգա եւ Անուշ Արշակյանները: Սիրուշոն կարծես հենց նման մրցույթների համար է ստեղծված, քանի որ բացի գեղեցիկ արտաքինից, նաեւ կարող է անգլերեն երգել` առանց հայերին հատուկ շեշտադրումների: Իսկ Արշակյան քույրերն իսկապես երգել գիտեն, միշտ կենդանի են երգում, նաեւ` լավ կրթված եւ լայն հորիզոն ունեցող մարդիկ են, կարող են երգարվեստի մասին լուրջ զրույց վարել: Գուցե «Եվրոտեսիլին» առաջին անգամ պետք էր հենց ուժեղներով` Ինգա եւ Անուշ Արշակյաններով ներկայանալ: Իսկ գուցեեւ կարելի է ընդունել «Եվրոտեսիլի» կանոնները եւ իրենց ստանդարտներին համապատասխանող Անդրեով մասնակցել: Ամեն դեպքում, «Հ1»-ն արդեն կայացրել է իր որոշումը, եւ Անդրեն Հ. Քեշիշյանի խոսքերով ասած` «մեր մշակույթի մի մասնիկն է տալու Եվրոպային»: