Ընդդիմությունը, հանրաքվեից երեք ամիս անց` ձեռք բերելով կեղծիքների վերաբերյալ համապատասխան փաստաթղթեր, եկել է այն համոզման, որ ընտրություն, հանրաքվե կեղծելը շատ ավելի դժվար է, քան մաքուր ընտրություն անցկացնելը, որովհետեւ, ինչպես երեկվա ասուլիսում հայտարարեց ԿԸՀ-ում «Արդարություն» դաշինքի ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանը, կեղծիքներ կատարելու համար ավելի շատ խելք է պետք, քան նորմալ ընտրություններ անցկացնելու համար: Իսկ գործող իշխանությունները, ըստ ընդդիմադիրների, փաստորեն, դա էլ չունեն:
«Այդ ընկերներին, կեղծարարներին չի բավարարել խելքն ու հմտությունը, դրա համար էլ կեղծիքների փաստերը սեղանի վրա են. ցանկացած փաստաթղթի ձեռք տալիս` կեղծիքն ակնհայտ է»,- ասաց Ֆ. Խաչատրյանը: Նա իր հետ մի տրցակ փաստաթուղթ էր բերել եւ առանձին-առանձին ներկայացնելով` վստահեցնում էր, թե այս անգամ իշխանություններին չի հաջողվի խուսափել պատասխանատվությունից: «Արդարություն» դաշինքը, ինչպես նշեց պատգամավոր Գրիգոր Հարությունյանը, այս փաստերը չի ուղարկելու Դատախազություն` վստահեցնելով, թե միայն հրապարակումը բավարար է, որպեսզի նրանք ուսումնասիրություններ անցկացնեն ու պատժեն կեղծարարներին: «Մենք Դատախազության գործն ենք թեթեւացնում, որպեսզի շատ չչարչարվեն ու ստիպված չլինեն պատժել այն մարդուն, որը եղբոր փոխարեն է քվեարկել,- հեգնեց նա` ավելացնելով,- այսպիսի հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն»:
Մինչ խախտումներին անդրադառնալը` նշենք, որ ընդդիմադիրները դժգոհում էին, թե իրենց հեշտ չի հաջողվել ձեռք բերել այս փաստաթղթերը, քանի որ իշխանությունների կողմից եղել են հետապնդումներ ու ահաբեկումներ: Իսկ Ֆ. Խաչատրյանը հայտարարեց. «Բա գիտեք հե՞շտ է ընդդիմության համար նման փաստաթղթեր ձեռք գցելը: ԿԸՀ-ում բոլորին ասել են` Խաչատրյան Ֆելիքսին ոչ մի փաստաթուղթ չտաք»:
10.000 քվեաթերթիկ ավելի է շրջանառվել
Նոյեմբերի 29-ին ԿԸՀ նախագահ Գարեգին Ազարյանն ու ԿԸՀ 6 անդամներ ստորագրել են արձանագրություն, ըստ որի` ԿԸՀ-ն ստացել է 2 մլն 344 հազար 300 քվեաթերթիկ: Սակայն այն փաստաթղթում, որտեղ նշվում է, թե քանի քվեաթերթիկ են տրամադրել ԸԸՀ-երին, արձանագրված է 2 մլն 334 հազար 300 թիվը: «Այսինքն` 10.000 քվեաթերթիկ պակաս: Իսկ 10.000 քվեաթերթիկ 3-4 օր ձախ շրջանառության մեջ դնելով կարելի է կեղծել 5 մլն քվեաթերթիկ ու հասնել ցանկացած արդյունքի,- հայտարարեց Ֆ. Խաչատրյանը` ավելացնելով,- ունեմ փաստաթղթային ապացույցներ»: Նրա մոտ կային նաեւ մի քանի օրինակ այն կնքված ծրարներից, որի մեջ քվեաթերթիկները փոխանցվել են ԸԸՀ-երին: Ֆ. Խաչատրյանը ցույց տվեց, թե ինչպես էր առանց վնասելու ծրարի զմռսված հատվածը, դուրս բերվել քվեաթերթիկները: «Ծրարի ներքեւի մասից են բացվել բոլոր ծրարները, եւ մնացել են անձեռնմխելի: Սրանով ընտրատեղամասերին հնարավորություն է տրվել ժամանակից շուտ բացել ծրարները, օգտագործել ու նորից դնել տեղը: Հենց սրա միջոցով էլ նրանք իրացրել են մնացած 10.000 քվեաթերթիկները: Ես դա չէի կռահել, ինձ հուշեց ԿԸՀ անդամ Աբրահամյանը, եւ ես հրաժարվեցի ստորագրել այդ արձանագրության տակ»,- ասաց «Արդարության» ներկայացուցիչը:
Տվել են` ով ինչքան ուզել է սկզբունքով
Ֆ. Խաչատրյանի խոսքերով, այդ 10.000 «լեւի» քվաթերթիկները պտտեցնելու հաջորդ եւ հիմնական գործընթացն իրականացվել է ԸԸՀ-երի միջոցով: Նշենք, որ «Հանրաքվեի մասին» օրենքի պահանջի համաձայն, բոլոր տեղամասերին պետք է տրվեն իրենց ընտրողների թվին գումարած 3 տոկոս քվեաթերթիկ: Սակայն, ուսումնասիրելով արձանագրությունները, ընդդիմությունը բացահայտել է, որ քվեաթերթիկները բաժանվել են ըստ «աշխույժ» եւ «դմբրած» տեղամասերի: «Ով որքան ուզել է` տվել են»,- ասաց Ֆ. Խաչատրյանն ու հերթով թվարկեց այդ տեղամասերը: Օրինակ, Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 7/21 տեղամասում, որն ունի 1934 ընտրող, տրվել է 1790 քվեաթերթիկ: Իսկ հարեւան` թիվ 7/22 տեղամասին` 1644 ընտրողի դեպքում, տրվել է 1890 քվեաթերթիկ: «Մի դեպքում` 200 քվեաթերթիկ պակաս է տրվել, մյուս դեպքում` 200-ով ավելի: Երեւի այս տեղամասի տղան ասել է` ես կարող եմ ավելի շատ լցնել, ինձ շատ տվեք: Թե ինչո՞ւ, ո՞ր օրենքով, ի՞նչ պահանջով` ոչ ոք չի կարող բացատրել»,- նկատեց Ֆ. Խաչատրյանը: Նման արձանագրությունները բազմաթիվ են: Շենգավիթ համայնքի թիվ 11/33 տեղամասին 1508 ընտրողի դեպքում տրվել է 1900 քվեաթերթիկ, Իսկ Արագածոտն մարզի թիվ 14/26 տեղամասում` 751 ընտրողի համար` 1030 քվեաթերթիկ:
«Չերեզ» Արմավիր` Արագածոտն
Ընտրությունները, ավելի ճիշտ` քվեաթերթիկները վերահսկելու համար օրենքով սահմանվել է քվեաթերթիկները համարակալելու մասին դրույթ: Մինչեւ տեղամասերին բաժանվելը քվեաթերթիկները համարակալվում են: Սակայն հանրաքվեի ընթացքում խախտվել է նաեւ օրենքի այդ դրույթը: «Թիվ 3 ընտրատարածքում ընդհանուր թվով տրված եւ հետ վերադարձված քվեաթերթիկների համարները պակասում են 5464-ով: Հիմա ո՞վ կարող է բացատրել, թե ի՞նչ է տեղի ունեցել: Դրա համար ասում ենք` բերեք բացենք քվեաթերթիկները ու տեսնենք` այս ընկերոջ ստացած քվեաթերթիկները պարկո՞ւմ են, թե՞ փոխանցվել են ուրիշ տեղամասեր: Մենք ընդամենը խախտումներն ենք ցույց տալիս, ստուգումն արդեն իշխանությունների շնորհիվ պետք է արվի»,- ասաց Ֆ. Խաչատրյանը: «Նույն համարի քվեաթերթիկները կրկնվում են տարբեր տեղամասերում: Սա կարող է երկու բացատրություն ունենալ. կամ տպարանը տպագրել է նույն համարի երկու տեսակի քվեաթերթիկներ, կամ առանց հասկանալու, ինչ-որ կարգադրությամբ, հրամանով մի ընտրատեղամասն իր քվեաթերթիկները փոխանցել է մյուսին»,- ասաց Գ. Հարությունյանը: Իսկ Ֆ. Խաչատրյանը ցույց տվեց Արմավիրի թիվ 20 ընտրատարածքի թիվ 10 տեղամասի արձանագրությունը: Այս տեղամասին տրված համարակալված քվեաթերթիկները, չգիտես ինչու, կրկնվել են Արագածոտն մարզի Ծաղկահովիտ գյուղի թիվ 14/67 ընտրատարածքում: Ի դեպ, ԿԸՀ ամփոփիչ արձանագրության համաձայն, ՀՀ-ում հանրաքվեի արդյունքներով անճշտությունների թիվը կազմել է 1582: Այնինչ, ընդդիմության ներկայացուցիչները ձեռք բերած արձանագրություններն ուսումնասիրելու ընթացքում պարզել են, որ 1922 տեղամասերից միայն 4-ում (11/32, 16/34, 11/31, 9/21) տեղամասերի կազմած անճշտությունների թիվը հասնում է 4225-ի:
20:00-ին արձանագրություններ են կազմվել
Ամենաուշագրավ փաստերից մեկը, ինչը, ըստ ընդդիմադիրների մոտ եղած արձանագրությունների, գրեթե համատարած բնույթ է կրել, այն է, որ 28 տեղամասեր իրենց արձանագրությունները կազմած-վերջացրած են եղել հենց ժամը 20.00-ին: Այսինքն` տեղամասերի դռները փակելու պահին: Իսկ 40-50 տեղամասերում` մինչեւ 20:30-ը: 150-ից ավելի տեղամասեր` մինչեւ 21:00-ն են կազմել իրենց արձանագրությունները: Նույնիսկ 1500 մասնակից ունեցող տեղամասերում քվեարկության արդյունքները հասցրել են ամփոփել ու արձանագրություն կազմել ժամը 21-ին: «Մինչդեռ Արթիկի հայտնի Ձորակապ գյուղի թիվ 36/37 տեղամասը, որտեղ քվարկությանը մասնակցել է մեկ մարդ, արդյունքներն ամփոփել են 20:15 րոպեին: Այսինքն` մեկ մարդու քվեարկության արդյունքը ամփոփելու համար գոնե 15 րոպե պահանջվել է,- ասաց Ֆ. Խաչատրյանն ու հարցրեց,- եթե ասուլիսից 10 րոպե հետո զանգահարեմ ձեզ ու ասեմ, որ ես Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում եմ` կհավատա՞ք: Չէ` չէ՞: Դա տեսականորեն էլ հնարավոր չէ»: Իսկ Արտաշատում, ըստ ընդդիմադիրների, ընդհանրապես խայտառակ իրավիճակ է եղել: «Այնտեղ կարծես մրցել են, թե ով իր արձանագրությունն ամենաշուտը կհասցնի ԸԸՀ: Արտաշատում ժամը 24:00-ին արդեն ստորագրված են եղել 44 տեղամաս ունեցող ԸԸՀ արդյունքները»:
«Կեղտոտ լվացք»-2
«Արդարություն» դաշինքը, ինչպես նշեց Արամ Գ. Սարգսյանը, գարնանային նստաշրջանը սկսվելուն պես եւս մեկ անգամ ԱԺ-ից պահանջելու է հանրաքվեի արդյունքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: «Մենք այդ օրինագիծը կդնենք շրջանառության մեջ, եւ ես պետք է տեսնեմ բոլոր այն պատգամավորներին, ովքեր այս փաստարկներն իմանալով հրաժարվելու են նման հանձնաժողով ստեղծել: Միանշանակ է, որ այսօրվա մեծամասնությունն է պատասխանատու այս ամենի համար, եթե նույնիսկ իրենք անձամբ մասնակից չեն եղել այս ամենին»,- ասաց Ա. Սարգսյանը: ԵԽ ԽՎ հունվարի 23-ի նստաշրջանում, որին առաջին անգամ ընդդիմությունից մասնակցելու է Ստեփան Դեմիրճյանը, լսվելու է նաեւ հանրաքվեի վերաբերյալ ԵԽ ԽՎ զեկույցը: Ա. Գ. Սարգսյանը նշեց, որ Ս. Դեմիրճյանն առանձին ելույթ չի ունենալու այս առնչությամբ: «Մենք դրա կարիքը չունենք, եւս մեկ անգամ «կեղտոտ լվացքը» դուրս է գալու Եվրոպա ոչ մեր մեղքով, այլ իշխանությունների եւ նրանց կամակատարների: Թող իրենք պատասխան տան, Եվրոպան է մեզ պատասխանելո՞ւ»,- ասաց նա: Իսկ Գրիգոր Հարությունյանը հայտարարեց, թե այս ընտրակեղծիքների պատասխանատուն Ռ. Քոչարյանն ու կոալիցիան են, ոչ թե Եվրոպան, ուստի այդ հարցով Ս. Դեմիրճյանը ԵԽ ԽՎ-ում հանդես չի գա: «Սա ծրագրվել է իշխանությունների կողմից: Թող որեւէ մեկը չփորձի իրեն առանձնացնել, թե մենք լավ չգիտեինք, տեղյակ չէինք… Խելք չունեն: Սա արվել է Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ, որպեսզի կոալիցիա կոչեցյալին ասի` դուք սա եք: Հատուկ 1,5 մլն սարքեցին, որ կոալիցիային փաստի առջեւ կանգնեցնեն: Թող միանան մեզ ու պարզենք, թե իսկապես ինչ է կատարվել, ու մեծ-մեծ չխոսեն»,- ասաց Գ. Հարությունյանը: