Անորոշությունը պահպանվում է

22/01/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Գազի գնի մասին շատ է խոսվում, եւ այդ խոսակցությունները շարունակվելու են մինչեւ այն պահը, երբ բնակչությանը հուզող այս հարցի կապակցությամբ կկայացվի վերջնական որոշում։ Խոսակցությունները կշարունակվեն անգամ որոշումն ընդունելուց հետո, սակայն արդեն ոչ թե կանխատեսումների, այլ հետեւանքների առումով։

Թեեւ վերջին շաբաթվա ընթացքում նորություն պարունակող պաշտոնական որեւէ հայտարարություն չեղավ, սակայն մեր պետական այրերը որոշ բաներ, այնուամենայնիվ, ասացին։ Նրանց ասածների մեջ որոշ հակասություններ կան, ինչի պատճառով խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվում։ Այսպես, հունվարի 13-ին «168 Ժամ»-ին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացում, ամենայն հավանականությամբ, չի լինի. «Առաջին հերթին պետք է թույլ չտանք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, քանի որ դա ավելի շատ է անդրադառնալու բնակչության վրա»։ Մի քանի օր առաջ լրագրողների հարցերին պատասխանելով՝ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը կարծիք հայտնեց, որ եթե հաստատվի 110 ԱՄՆ դոլար սակագինը, ապա էլեկտրաէներգիան կթանկանա 3-4 դրամով։

Երեկ այս հարցն ուղղվեց նաեւ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանին։ Նա գտնում է, որ էլեկտրաէներգիայի գնի բարձրացում դժվար թե լինի, բայցեւ շեշտեց՝ առաջիկայում։ Թե «առաջիկա» բառը կոնկրետ այս դեպքում ի՞նչ ժամանակահատվածի համար է օգտագործվում՝ ցույց կտա ժամանակը։

«Եթե շուկայում որեւէ ապրանք ունի, ենթադրենք, X գին, ապա իր տնտեսությունը նորմալ կառավարող ցանկացած տնտեսվարող սուբյեկտ պետք է կարողանա իր տնտեսությունը կարգավորել այնպես, որ հարմարեցնի աշխարհում առկա գներին, որպեսզի ինքը միշտ լինի մրցունակ։ Այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք հույսը դնում են այն բանի վրա, որ կզիջեն, էլեկտրաէներգիան, գազը էժան կտան, ու մենք կգոյատեւենք դրանով, ապագա չունեն»,- ասում է նախարարը։ Պրն Ճշմարիտյանը նույնպես շատ զգույշ էր խոսում թանկացման հետեւանքների մասին։ Ըստ նրա՝ «… Գազի գների, հետեւաբար` նաեւ էլեկտրաէներգիայի թանկացումը կարող է աղետալի ազդեցություն չունենալ էներգատար ճյուղերի վրա»։

Այստեղ մի բան, կոպիտ ասած, «չի բռնում»։ Տվյալ դեպքում պրն Ճշմարիտյանի ասած հույսերը տածում ու այդ մասին արտահայտվում են պետական պաշտոնյաները, ավելին՝ փորձում են համոզել նաեւ տնտեսվարողներին։ Իսկ վերջիններիս հարկավոր է հստակություն՝ ապագա անելիքները որոշելու համար։ Սակայն մի բան կա, որը բոլորն ընդունում են։ Ռուսական կողմը պարզապես «քցել է» Հայաստանին (կամ նրա ղեկավարությանը)։ Եթե գինն, այնուամենայնիվ, շուկայական է եւ պետք է 2 անգամ թանկանար, ապա դա կարելի էր անել աստիճանաբար։ Դժվար է հավատալ, որ դա շատ մեծ կորուստներ կպատճառեր ռուսական կողմին, եւ հնարավոր չէր ավելի մատչելի տարբերակներ գտնել։ Այլապես «ռազմավարական գործընկերություն» հասկացությունը մեր դեպքում նմանվում է «լեն օրվա ընկեր» արտահայտությանը։

Օրերս Հայաստանում գտնվող Վրաստանի Արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին հայտարարեց. «Վրաստանի տեսանկյունից` գազի գների բարձրացումն ակնհայտ քաղաքական քայլ էր, որը ոչ մի կերպ կապված չէ տնտեսական բաղադրիչի հետ»։ Ի տարբերություն նրա, Վարդան Օսկանյանն իր արտահայտություններում ավելի զգույշ էր եւ գտնում է, որ պետք չէ շտապել։ Այնուամենայնիվ, ի՞նչ է տեղի ունենալու։ Որպես տարբերակ շրջանառվում էր, որ Հայաստանը կարող է գազի դիմաց ռուսներին հանձնել էներգետիկ համակարգի որոշ կառույցներ (օրինակ, Որոտանի կասկադը) կամ վարկ վերցնել ռուսական կողմից։ Սակայն Անդրանիկ Մարգարյանի պնդմամբ. «Դա բացառվում է, մենք չենք դիմի նման քայլի»։ Իսկ վարկի հետ կապված՝ վարչապետը գտնում է, որ Հայաստանը ՌԴ-ից վարկ չի վերցնի, քանի որ հնարավորություններ կան ավելի էժան վարկեր վերցնելու։

Այս ֆոնի վրա հետաքրքիր էր «Գազպրոմ» ընկերության ներկայացուցիչ Դենիս Իգնատեւի հայտարարությունը. «Գազի սակագինը Հայաստանի համար շուկայական գին է, այդուհանդերձ, այդ սակագինը ապրիլի 1-ից Հայաստանի համար կարող էր լինել ոչ թե $110, այլ շատ ավելի մատչելի, եթե Հայաստանն ընդուներ ռուսաստանյան կողմի առաջարկները»։ Պրն Իգնատեւը չի մասնավորեցրել, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։ Շրջանառվող լուրերի համաձայն, խոսքը գնում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի, Իրան-Հայաստան գազամուղի շինարարությանը ռուսական կողմի մասնակցության եւ ռուսական վարկից հրաժարվելու մասին։

Հետաքրքրության է արժանի եւս մեկ հանգամանք. «Գազպրոմի» ներկայացուցչի հայտարարությունը կրում է այնպիսի երանգ, որ $110-ը հաստատված գին է, որը կսկսի գործել ապրիլի 1-ից։ Ինչո՞ւ հենց ապրիլի 1-ից։ Ըստ «Ռեգնում» գործակալության, հայկական կողմին հաջողվել է ժամանակավոր պայմանավորվածություն ձեռք բերել «Գազպրոմի» հետ, համաձայն որի, 2006թ. առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանը գազը ձեռք կբերի նախկին գնով՝ $56-ով։ Իսկ թե հետո ինչպե՞ս կլինի, ոչ ոք ոչ մի կոնկրետ բան չի ասում… բացի Հայաստանի Առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանից։ Ըստ երեւույթին, այս շա՜տ հեռանկարային քաղաքական գործիչը գիտի մի բան, որը դեռ ոչ ոք չգիտի։ Այլապես չէր հայտարարի, որ «Հայաստանի համար գազի սակագինը հաստատվելու է $85-ի վրա, որը գործելու է մինչեւ 2013-2014թթ»։ Այս հայտարարության վերաբերյալ հարցրինք Կ. Ճշմարիտյանի կարծիքը, որն, ըստ տրամաբանության, պետք է շատ ավելի տեղեկացված լիներ։ «Չեմ կարող մեկնաբանել, ես նման տվյալներ չունեմ»,- պատասխանեց նախարարը։

Եթե ավելի լուրջ խոսենք, ապա կարելի է ենթադրել, որ հարցը վերջնական լուծում կստանա ոչ ուշ, քան այս ամսվա վերջին՝ Ռ. Քոչարյանի Մոսկվա կատարելիք այցից հետո։ Դենիս Իգնատեւը բավական լուրջ պաշտոն է զբաղեցնում «Գազպրոմում», եւ նրա նշած ամսաթիվը՝ ապրիլի 1-ը, դժվար է պատահական համարել։ Եթե նոր գինը գործելու է այդ ամսաթվից, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին պետք է հայտ ներկայացվի դրանից 90 օր առաջ՝ մինչեւ փետրվարի 1-ը։

Այդ ժամանակ էլ պարզ կդառնա, թե մեր հարաբերությունները որքանով են ռազմավարական եւ միգուցե կստիպի նորովի նայել այդ հարաբերություններին։ Այս մասին է վկայում նաեւ վերջերս կատարված սոցհարցումը, որի արդյունքներով բնակչության 75,7%-ը կփոխի իր բարյացակամ վերաբերմունքը ՌԴ-ի նկատմամբ, եթե այս երկիրը բարձրացնի գազի գները։

Իսկ բնակչության տրամադրությունների փոփոխությունը կանդրադառնա ՞ մեր պաշտոնական հարաբերությունների վրա։ ԱԳ նախարար պրն Օսկանյանը չի բացառել։ «Բանակցությունների ավարտից հետո պարզ կդառնա, թե ինչ քայլեր անհրաժեշտ կլինի ձեռնարկել»,- նշել է նախարարը։