Ինքնաբուժման հետեւանքները

21/01/2006 Նարինե ԱՎԵՏՅԱՆ

Մարդկանց մեջ որոշակի խուճապ կա, եւ սովորական փռշտոցի դեպքում անգամ արդեն վազում են դեղատուն եւ գնում առաջին իսկ պատահած հակագրիպային դեղամիջոցը: Թեեւ փռշտոցը կարող է ամենեւին էլ գրիպի հետեւանք չլինել, սակայն դա չի խանգարում, որպեսզի դեղատները ստեղծված իրավիճակից օգտվելով վաճառեն ձեռքի տակ եղած դեղորայքը: Դեղատներում պնդում են, որ արտասովոր ոչինչ չկա եւ հակագրիպային դեղերի ակտիվ վաճառքը սեզոնային են համարում, սակայն որոշ մասնագետներ արդեն ահազանգում են հակավիրուսային դեղամիջոցների անհարկի օգտագործման եւ դրա հնարավոր հետեւանքների մասին:

Իմունիզացիայի ազգային ծրագրի ղեկավար Սիրակ Սուքիասյանի բնորոշմամբ` դեղորայքի նման անհարկի օգտագործումը հետագայում կարող է ավելի ծանր հետեւանքներ ունենալ: Մասնագետը խորհուրդ է տալիս առանց բժշկի ցուցման խուսափել ինքնագլուխ դեղորայք ընդունելուց: «Մեր ժողովուրդն այսօր ինքն իրեն բժշկի տեղ է դրել, ինքն իրեն նշանակումներ է անում, անգամ՝ նշանակումներ փոխելու, դադարեցնելու կամ շարունակելու խնդիր է ինքն իր համար լուծում՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ ցանկացած դեղամիջոց, ունենալով դրական ազդեցություն, անպայման ունենում է նաեւ իր բացասական ազդեցությունը»,- փաստում է Ս. Սուքիասյանը: Բացասական ազդեցություն են ունենում հատկապես քիմիական բաղադրությամբ դեղամիջոցները: Իսկ հակավիրուսային դեղամիջոցները հիմնականում քիմիական բաղադրություն ունեն: «Գրիպի վիրուսի դեմ լիարժեք դեղամիջոց գոյություն չունի,- ասում է Ս. Սուքիասյանը,- այն դեղամիջոցները, որ այսօր առաջարկվում են գրիպով հիվանդներին, ունեն որոշակի նշանակություն, եւ դրանց անհարկի օգտագործումը թեեւ տվյալ պահին իր բացասական հետեւանքները զգացնել չի տալիս, սակայն հետագայում կարող է բերել լյարդի, երիկամային, անոթային հիվանդությունների, եւ հիվանդը, որ զարմանում է, թե որտեղից հայտնվեցին այդ հիվանդությունները, մոռանում է, որ մեկ կամ երկու տարի առաջ չարաշահել է հակավիրուսային դեղամիջոցներ»: Ուստի ցանկացած հիվանդության դեպքում բժիշկը խորհուրդ է տալիս անպայման դիմել մասնագետի: Բացի այդ՝ փռշտոցը, հազը կամ մարմնի ջերմաստիճանի բարձրացումը դեռ չեն նշանակում գրիպ: «Գրիպը բավականին ծանր ընթացող ինֆեկցիա է, որ սկսվում է մարմնի ջերմության շատ կտրուկ բարձրացումով, մարմնի կոտրտվածությամբ, գլխացավով, ընդհանուր ինտոքսիկացիայով, եւ ոտքի վրա տանելի հիվանդություն չի, գրիպով հիվանդները թեեւ կարճաժամկետ, սակայն անկողնային հիվանդներ են անպայման, որովհետեւ գրիպի դեպքում ջերմաստիճանը 39-40 եւ ավելի բարձր կարող է լինել»,- բնութագրում է բժիշկը՝ նշելով, որ այն, ինչը մենք սովորաբար գրիպ ենք համարում, սուր ռեսպիրատոր վարակներ են, որոնք եւս ուղեկցվում են նույն ախտանշաններով, ինչ գրիպը, սակայն ավելի թեթեւ, ոտքի վրա տանելի հիվանդություններ են (ջերմությունն այս դեպքում չի գերազանցում 38,5 աստիճանը) եւ չեն ունենում այնպիսի բարդ հետեւանքներ, ինչպես գրիպը՝ թոքաբորբ, լարինգիտ, ֆարինգիտ եւ այլն:

Պրն Սուքիասյանի հավաստմամբ` Հայաստանում գրիպով անկողնային հիվանդացությունները նախորդ տարիների համեմատ զգալիորեն նվազել են՝ շնորհիվ հակագրիպային միջոցառումների, որոնք արվում են հասարակության ռիսկային խմբերում վակցինացիայի տեսքով: Ըստ տարիքային խմբի` գրիպով մեզանում ավելի հաճախ հիվանդանում են տարեցներն ու դեռահասները: Եթե առաջինների դեպքում թուլացած օրգանիզմն է ավելի դյուրընկալ վարակելիության բարձր աստիճան ունեցող վիրուսի նկատմամբ, ապա դեռահասների մոտ դա բացատրվում է ակտիվ կյանքով: «Առայսօր Հայաստանում գրիպից մահացության դեպքեր չեն գրանցվել: Եթե դուք էլ դեռ չեք լսել, ուրեմն հաստատ չի եղել»,- հավաստիացնում է Ս. Սուքիասյանը: