Ռուսներին պետք չէ՞ հավատալ

21/01/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Համենայնդեպս, այդ երկրի անվտանգության հայեցակարգում՝ Հայաստանի հետ հարաբերությունները որակված են որպես «պրագմատիկ», իսկ Ադրբեջանի պարագայում` «ստրատեգիական գործընկերություն» (իսկ ՌԴ-ի հետ հարաբերությունները «Վարդերի հեղափոխությունից» հետո բոլորը գիտեն, թե ինչպիսին են): Երեկ ՀՀ Արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Հայաստանում գտնվող Վրաստանի արտաքին գործերի նախարար Գելա Բեժուաշվիլին այս կապակցությամբ նկատեց. «Վրաստանի «Ազգային անվտանգության հայեցակարգում» որպես ռազմավարական դաշնակիցներ նշված են երեքը` ԱՄՆ-ը, Թուրքիան եւ Ուկրաինան: Այստեղ նշված է, որ Վրաստանը զարգացնում է իր հարաբերությունները հարեւան Ադրբեջանի եւ Հայաստանի հետ: Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի դեպքում այնտեղ օգտագործված է «ստրատեգիական» հասկացությունը: Դա արվել է այն պատճառով, որ այսօր Վրաստանի տարածքով անցնում են մի քանի էներգետիկ միջանցքներ, որոնք Վրաստանի համար չափազանց կարեւոր են ոչ թե տնտեսության, այլ անվտանգության տեսանկյունից»: Բայց եւ պարոն Բեժուաշվիլին ավելացրեց, որ երկու երկրների միջեւ ռազմավարական հարաբերությունների հաստատման համար բավական լայն հեռանկարներ կան: «Դա չի նշանակում, թե այսօր մենք չպետք է ռազմավարական հարաբերություններ կառուցենք Հայաստանի հետ: Երկու երկրների հարաբերությունները ռազմավարականի վերածվելու չափազանց լավ հեռանկար ունեն: Մեր տարածաշրջանում երեք երկրների ռազմավարական համագործակցության համար պետք են որոշակի քաղաքական պայմաններ, որոնք, ես վստահ եմ, կստեղծվեն»,- ասաց Վրաստանի արտգործնախարարը: Երեկվա ասուլիսի ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի երկաթգծի շինարարությանը: Հասկանալի է, որ այս երկաթգծի կառուցումն ամենեւին էլ չի բխում մեր երկրի շահերից եւ այդ ծրագրի իրականացման դեպքում Հայաստանի տնտեսությունը կհայտնվի մեկուսացման մեջ: Վրաստանի արտգործնախարարը շտապեց հանգստացնել, որ շինարարական աշխատանքները դեռեւս չեն սկսվել, սակայն ըստ նրա` ցանկացած նման նախագիծ Վրաստանի համար հանդիսանում է իրենց ռազմավարության մի մասը: «Ես ներկայացրել եմ մեր դիրքորոշումը. եթե կա պատրաստի երկաթգիծ, ի՞նչ իմաստ ունի ռեսուրսներ ծախսել նորը կառուցելու համար»,- այս կապակցությամբ ասաց Վարդան Օսկանյանը: Իսկ ինչ վերաբերում է իր վրացի գործընկերոջ այն մտահոգություններին, թե Իրանից, Ադրբեջանից եւ Կենտրոնական Ասիայից իրականացվող բեռնափոխադրումների ամբողջ ծավալի համար մեկ երկաթգիծը չի բավականացնի, Օսկանյանը հավելեց. «Օգտագործեք պատրաստի երկաթգիծը, եթե անհրաժեշտություն կառաջանա, կառուցեք նորը»: «Մենք չենք մտածել որեւէ ծրագիր, որը կմեկուսացնի մեր հարեւաններին»,- Վարդան Օսկանյանին հանգստացրեց Բեժուաշվիլին: Վերջինս նաեւ ասաց, որ պաշտոնական Թբիլիսին դեմ չէ Գյումրի-Նինոծմինդա երկաթուղու շինարարության գաղափարին. «Մենք չենք խոչընդոտի ոչ մի նախագծի, որը կնպաստի մեր տրանսպորտային միջանցքների դիվերսիֆիկացմանը: Հնարավոր է, որ մենք չկարողանանք միջոցներ ներդնել այդ գործում, սակայն, ամեն պարագայում, չենք խոչընդոտի»,- ընդգծեց Վրաստանի արտգործնախարարը:

Ինչ վերաբերում է այս օրերին ամենաշատ շոշափվող թեմային` ՌԴ կողմից գազի գների բարձրացմանը, ապա Բեժուաշվիլին ասաց, որ Վրաստանի պարագայում դա քաղաքական որոշում էր: «Ռուսաստանի կողմից Վրաստանին մատակարարվող գազի գնի բարձրացումը քաղաքական որոշում էր եւ ամենեւին էլ պայմանավորված չէ համաշխարհային գներով ու կապ չունի տնտեսագիտության հետ»,- ընդգծեց Բեժուաշվիլին` ավելացնելով, ռազմավարական գործընկերոջը չեն որոշում գազի գներով: «Սակայն, եթե գազի գինը, որը պայմանավորված է քաղաքական, այլ ոչ թե տնտեսական հանգամանքներով, այն գինն է, որը պետք է վճարել պետության անկախ զարգացման համար, այսինքն` ազատության գինն է, ապա մենք պատրաստ ենք վճարելու այդ գինը»,- ասաց նա: Իսկ Օսկանյանը ՌԴ-ի կողմից իր ռազմավարական գործընկերոջ` ՀՀ-ի նկատմամբ գազի գնի բարձրացման վերաբերյալ խոսելիս ասաց. «Երկու երկրների միջեւ ռազմավարական համագործակցության համար մի քանի գործոններ կան, որոնցից կարեւոր է հատկապես անվտանգության գործոնը: ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները ստրատեգիական են, եւ ես կարծում եմ, որ նավթի գների բարձրացումը չպետք է բերի երկկողմ հարաբերությունների վերանայմանը: Պետք չէ նավթի գների գործոնի պատճառով մեր վերաբերմունքը հստակեցնել հատկապես անվտանգության, ֆիզիկական պաշտպանության բնագավառում: Մեր խնդիրները եւ ընդհանուր շահերը մնում են, այնպես որ, պետք չէ նման եզրակացություններ անելիս շտապել»: Ըստ Օսկանյանի` ռուսական կողմից մատակարարվող գազի գնի շուրջ բանակցություններն ավարտված չեն: Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին Հայաստանի հետ սահմանակից Սադախլո գյուղի տոնավաճառի փակումը բացատրում է շուկայի ֆինանսական կարգավորման անհրաժեշտությամբ: «Վրաստանում վերջին երկու տարիների ընթացքում լուրջ աշխատանք է իրականացվել մաքսանենգության դեմ պայքարի ուղղությամբ: Հենց որ ճշտվեն բոլոր ֆինանսական հարցերը, խնդիրներ չեն լինի տոնավաճառի աշխատանքի վերականգնման հետ»,- նշեց Վրաստանի արտգործնախարարը:

Հ.Գ. Այս օրերին գնալով կարծես թե ի չիք է դառնում հետխորհրդային երկրներում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունների միֆը: Ըստ ռուսական լրատվամիջոցների` Վրաստանում գնալով ընկնում է Միխայիլ Սահակաշվիլու վարկանիշը: Ինչ վերաբերում է նարնջագույն Ուկրաինային, ապա այնտեղ էլ կառավարությունում քաղաքական ճգնաժամ է հասունացել: Մեր այս մասին հարցին ի պատասխան` Վրաստանի արտգործնախարար Գելա Բեժուաշվիլին ասաց, որ ռուսական լրատվամիջոցներին պետք չի հավատալ, քանի որ Սահակաշվիլին շարունակում է վրացիների շրջանում մեծ հեղինակություն վայելել: Ըստ նրա` «Վարդերի հեղափոխությունից» հետո իշխանությունները երկիրը նորից են ոտքի հանել, իսկ Վրաստանի նկատմամբ ռուսական հիստերիան պայմանավորված է նրանով, որ իրենք փակել են սահմանամերձ շուկաները, ինչի արդյունքում փորձել են վերջ տալ մաքսանենգությանը. «Եվ մարդիկ, ովքեր դրանով փող էին վաստակում, մնացել են դժգոհ»: