Կորչե՛ն խաղաղարարները

21/01/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հայտնի է, որ հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման հնարավոր վայրերում արդեն ուսումնասիրություններ են կատարվել: Եվ խաղաղապահ ուժերի հնարավոր տեղակայման մասին խոսակցություններն ու վերոնշյալ ուսումնասիրություններն առաջացրել են Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանի զայրույթը: Այդ մասին հունվարի 14-ին հայտարարեց Դ. Հակոբյանն՝ Ավանի պոլիկլինիկայում հրավիրած ասուլիսում: «Ի՞նչ են իրենցից ներկայացնում, այսպես կոչված, գրավյալ տարածքները: Գրավյալ տարածքներն առաջին հերթին պատմական Արցախի պատմաաշխարհագրական մասն են` ըստ բյուզանդական եւ արաբական աղբյուրների, եւ ըստ Գյուլիստանի պայմանագրի»,- տեղեկացնում է պրն Հակոբյանն ու հավելում, որ դրանք ազատագրված տարածքներ են, ԼՂ անվտանգության բուֆերային եւ երրորդ պետության` Իրանի հետ սահմանային գոտի են: «Եթե մենք ցանկանանք, որպեսզի միջազգային ատյանները ճանաչեն Արցախը որպես երկրորդ հայկական հանրապետություն` միջազգային իրավունքի սուբյեկտի կարգավիճակով, ուրեմն նա երրորդ պետության հետ սահման պետք է ունենա»,- պնդում է նա: Նրա համոզմամբ` եթե մենք խաղաղարար ուժերը մտցնում ենք այդ հատվածը, փաստորեն, ստացվում է, որ այդ կարգավիճակի համար նախապայմանը հանում ենք: «Այդ տարածքը նշանակում է նախահարձակ կողմի` թուրք ազերիների պարտության հետեւանքով ռազմական կոնտրիբուցիայի առարկա, ինչպես Քյոնիսբերգը, որն առ այսօր Գերմանիան չի պահանջում ռուսներից: Գրավյալ տարածք` նշանակում է` ադրբեջանական ՍՍՀՄ-ից բռնահանված 1,5 մլն հայության կենսական տարածք»,- շարունակում է Մարքսիստական կուսակցության առաջնորդը: Վերջինիս խոսքերով` միջազգային ատյաններում միջազգային իրավունքի առումով բոլոր պետությունները պարտավոր են հանգրվան տալու փախստականներին, իսկ հայերիս պարտադրում են, որ մեր 1,5 մլն փախստականներին այդ գրավյալ տարածքներում չբնակեցնենք, ու մերոնք էլ հլու-հնազանդ ենթարկվում են նրանց: «Իսկ Ադրբեջանն արդեն Գյուլիստանը` ամբողջ Շահումյանի շրջանը, վաղուց է բնակեցրել: Մոնիտորինգ, չգիտես ինչու, այնտեղ չեն անում, բայց մոնիտորինգ են անում Ֆիզուլի-Ջաբրայիլ-Զանգելան գծում, որովհետեւ այդ տարածքն ԱՄՆ-ի գեոքաղաքական շահերի տարածքն է, այն տարածքը, որտեղ ուզում են դիսլոկացիայի ենթարկել` այսպես կոչված, խաղաղարար ուժերի անվան տակ»,- խաղաղարարների թաքնված նպատակներն է բացահայտում ընկեր Հակոբյանը, ով այն համոզմանն է, որ եթե այդ տարածքները հանձնվում են, ԼՂ-ն անկլավային իրավիճակի մեջ է հայտնվում, եւ նրա անվտանգությունը երբեք ապահովվել չի կարող: Ու այս տեսակետից, Դ. Հակոբյանը պնդում է, որ կամ 16 հազար քառակուսի կիլոմետրի վրա ստեղծում ենք երկրորդ հայկական հանրապետությունը եւ առաջինը մենք ենք հայտարարում նրա ճանաչելիության մասին, կամ վերջնականապես կորցնում ենք Ղարաբաղը: Հայաստանի մարքսիստները մեր «պառլամենտական դիվանագիտական ուղեղ» Տիգրան Թորոսյանին եւ «պետական պաշտոնական դիվանագիտական ուղեղ» Վարդան Օսկանյանին հայտարարում են persona non grata: Մարքսիստ Հակոբյանը համոզված է, որ մեր երկրին հարկավոր են դիվանագիտական նոր ուղեղներ: Իսկ ո՞ւմ է նա տեսնում այդ դիվանագիտական նոր ուղեղների շարքում: Բնականաբար, ինքն իրեն. «Եթե երկրում ուրիշ մարդ չգտնվի, անհոգ եղեք, ես կամ ու կամ»,- ներկաներին հանգստացրեց Դ. Հակոբյանը: Իսկ այն պետական ձեռքին, ով կհամարձակվի խաղաղարար ուժերի մուտքի մանդատի տակ դնել իր ստորագրությունը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավարը խորհուրդ է տալիս հիշել պատմիչ Եղիշեի` սերունդներին ուղղված պատմական խրատները: Վերոնշյալ ձեռքի գործը հեշտացնելու համար Դ. Հակոբյանն ինքը մեջբերեց այդ պատմական խրատներից մեկը. «Եվ Վասակը Սյունյաց տեր արյաց արքայի ոտքերի տակ թագն ակնկալելու փոխարեն` զը էշ մը զռռաց եւ քաշվեցավ, եւ շուն մը սատակեցավ` ի հեճուկս յուր փառասիրության եւ դիվանագիտական տկարամտության»: Պարոն Հակոբյանի համոզմամբ` խաղաղարար ուժերի մասին խոսք լինել չի կարող: Իսկ եթե այդ խաղաղարար ուժերն, այնուամենայնիվ, պետք է ինչ-որ տեղ մտցնել, նա առաջարկում է դրանք մտցնել Նոր Ջուղա` համաշխարհային քաղաքակրթությունն ավերող թուրքերի ձեռքը պահելու համար: «Մենք այստեղ խաղաղարար ուժերի անհրաժեշտություն չենք զգում»,- խաղաղապահների մասով այսպես եզրափակեց մարքսիստների առաջնորդն ու անցավ «ռուս-հայկական դիվանագիտության ոլորտում գազի գնագոյացման պրոցեսների շահարկմանը»: Դ. Հակոբյանը համոզված է, որ ռուսական գազի գների գրեթե կրկնակի թանկացման հարցում ռուսները բացարձակապես մեղք չունեն: Պարզապես այդպիսով նրանք ընդամենը պատասխանում են «Իրաք սահմանափակ կոնտինգենտ ուղարկելու եւ Արեւմուտքին շնանալու ու ՆԱՏՕ-ի հետ քիչի-փիչի անելու համար»: Անդրադառնալով հայրենի ընդդիմությանը` Մարքսիստական կուսակցության առաջնորդը համոզմունք հայտնեց, որ այսօրվա ընդդիմությունն ուշադրության արժանի չէ: