Կառավարական «քննաշրջանը» սկսված է

21/01/2006 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ, Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Երեկվանից ՀՀ նախարարությունները եւ կառավարությանն առընթեր մարմինները սկսել են հաշվետվությունների ներկայացումը։ Փոքր-ինչ հումորով վերաբերվելու դեպքում, այս պրոցեսը կարելի է նույնացնել ուսանողական քննաշրջանի հետ։ Ավելի համարձակները առաջինն են մտնում քննության, մյուսները սրտատրոփ սպասում են «պիոներին», իսկ նրա դուրս գալուց հետո սկսվում է հարցերի տարափը, ինչից հետո առաջին քննություն հանձնողը պատմում է իր տպավորությունների մասին եւ պրակտիկ խորհուրդներ տալիս։

Այս դեպքում քննություն վերցնողը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր, հարցեր տվողների դերում հանդես էին գալիս լրատվամիջոցների ներկայացուցիչները, իսկ «պիոները» ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն էր, որն արժանացել էր «բավարար» գնահատականի (նշենք, որ, ի տարբերություն անցյալ տարվա, այս տարվա նախարարությունների աշխատանքները գնահատվում են «անբավարար», «բավարար» եւ «լավ» գնահատականներով)։

Դեռ անելիքներ կան

ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանն իր հաշվետվությունը սկսեց համակարգի ձեռնարկությունների թվային ցուցանիշները ներկայացնելով: Նախարարության համակարգում գործող ընկերությունները 2005թ. ընթացքում ստացել են ընդհանուր առմամբ 18 մլրդ 24 մլն դրամի եկամուտ, ընդ որում, միայն «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի եկամուտը կազմել է մոտ 9 մլրդ 558 մլն դրամ: 2004թ. համեմատ՝ 2005թ. նշված ընկերությունների շահույթն աճել է 86.5%-ով՝ կազմելով 2 մլրդ 286 մլն դրամ: Այդ ընկերությունները պետական բյուջեն «հարստացրել» են 2 մլրդ դրամի հարկերի տեսքով: Նախարարի խոսքերով՝ դրական տեղաշարժեր են կատարվել երկաթուղով փոխադրումների ոլորտում: Մասնավորապես, այս ճանապարհով արտահանման ծավալները տարվա ընթացքում աճել են 22.7%-ով: Իսկ ներհանրապետական երկաթուղային բեռնափոխադրումների ծավալները նվազել են, ինչն, ըստ Ա. Մանուկյանի, պայմանավորված է հիմնականում Արարատի ոսկու գործարանի կողմից հումքի փոխադրումների նվազեցմամբ: Նախարարն անդրադարձավ նաեւ Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցմանը: «Մենք ամեն ինչ անում ենք՝ ապացուցելու համար, որ դա կմեկուսացնի Հայաստանը: Պետք է նախ վերագործարկենք Կարս-Գյումրի երկաթգիծը, այնուհետեւ եթե այն չբավարարի, նոր հնարավոր կլինի խոսել Կարս-Ախալքալաք երկաթուղային ճանապարհի մասին»,- ասաց Ա. Մանուկյանը: Վերջինիս համոզմամբ՝ «Հայկական երկաթուղու» սեփականաշնորհման մասին խոսք լինել չի կարող, քանի որ «գոյություն ունի պետական դիրքորոշում՝ երկաթուղային ենթակառուցվածքները պետք է մնան պետության տրամադրության տակ»:

Նույնը չես ասի կապի ոլորտի մասին: Վերջինիս ամենամեծ առաջընթացը նախարարը համարում է «ԱրմենՏելին» մենաշնորհային լիցենզիայից զրկելը: «Մենք խոստացել էինք, որ «ԱրմենՏելի» սակագները չեն բարձրանա, այդպես էլ եղավ, իհարկե, մեծ ջանքերի գնով եւ փոքր զիջումներով»,- ասաց Ա. Մանուկյանը: Անդրադառնալով ինտերնետային կապի որակին՝ նա նշեց, որ եթե «մեկ օր շուտ այս ոլորտում ընկերության մենաշնորհը վերանա», ապա ոլորտում զարգացում կգրանցվի: Ի դեպ, նախարարն առիթը բաց չթողեց «Վիվա Սելլ»-ի կապի որակը գովաբանելու համար:

Ինչո՞ւ Տրանսպորտի եւ կապի նախարարության տարեկան աշխատանքը գնահատվեց «բավարար» եւ ոչ թե «լավ»: Որովհետեւ Մեղրի-Ղափան ավտոճանապարհի շինարարությունը կավարտվի միայն այս տարվա հոկտեմբերին: Բացի այդ, անելիքներ կան երկաթուղային ոլորտում: Մասնավորապես, «Հայկական երկաթուղու» շարժակազմի 95%-ը բարոյապես մաշված է: Համենայնդեպս, Ա. Մանուկյանի խոսքերով, վարչապետը շեշտել է նախարարության հենց այս թերացումները:

Վարչապետը գոհ է էներգետիկներից

Ի տարբերություն Ա. Մանուկյանի, ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի ղեկավարած կառույցի աշխատանքը վարչապետի կողմից արժանացել էր «լավ» գնահատականի (բուհական չափանիշներով՝ գերազանց)։ Պրն Մովսիսյանը նշեց, որ նախարարությունը կատարել է իր առջեւ դրված խնդիրները։ 2005թ. ընթացքում հանրապետությունում արտադրվել է 6316.5 մլն կՎտժ էլեկտրաէներգիա, որը 4,5%-ով ավելի է 2004-ի համեմատ։ Իրականացված գազիֆիկացման ընդլայնման աշխատանքների շնորհիվ բնական գազից օգտվողների թիվն ավելացել է 91.988 բաժանորդով եւ կազմել է 364.115։ Ըստ հաշվետվության, զգալի առաջընթաց է արձանագրվել էներգահամակարգի տեխնիկական վերազինմանն ու զարգացմանն ուղղված ծրագրերում։ Տարեվերջին գործարկվել եւ սկսել է էլեկտրաէներգիա արտադրել Իրանի տեխնիկական օգնությամբ Պուշկինի լեռնանցքում կառուցված 2.6 ՄՎՏ հզորությամբ առաջին հողմաէլեկտրակայանը։ Շարունակվում են նաեւ փոքր ՀԷԿ-երի կառուցման աշխատանքները։ Ըստ պրն Մովսիսյանի, եթե մի քանի տարի առաջ դրանք արտադրում էին 60մլն ԿՎտ էլեկտրաէներգիա, ապա այժմ այդ ցուցանիշը կազմում է 230մլն։ Նախատեսվում է մոտ ապագայում փոքր ՀԷԿ-երի կողմից արտադրվող էներգիայի ծավալը հասցնել 500մլն ԿՎՏ-ի, որը կազմում է ներքին պահանջարկի մոտ 10%-ը։

2006թ. էներգետիկ բնագավառի հիմնական խնդիրների մեջ են Իրան-Հայաստան գազամուղի վրա կատարված աշխատանքները։ 2007թ. ավարտին կհասցվեն 2-րդ փուլի՝ Ջերմուկ-Արարատ հատվածի աշխատանքները եւ հնարավորություն կստեղծվի ներմուծել տարեկան մոտ 2մլրդ 800մլն խմ գազ։

Նախարարի հավաստմամբ, 2007թ. ավարտված կլինեն նաեւ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկի աշխատանքները։ Դրանք իրականացվելու են իրանական կողմի ներդրումներով, որոնք կազմում են մոտավորապես 170մլն դոլար։ «Այդ գումարները հետագայում փոխհատուցվելու են էլեկտրաէներգիայի տեսքով, այնպես որ, 5-րդ էներգաբլոկը մնալու է Հայաստանի սեփականությունը»,- ասաց պրն Մովսիսյանը։

Հնչեց նաեւ անխուսափելի հարցը՝ ռուսական գազի մասին։ Պատասխանը որեւէ նոր բան չէր պարունակում. «Բանակցությունները դեռ ընթացքի մեջ են»։ Վարչապետ Ա. Մարգարյանը նշել էր, որ իրենք ռեսուրսներ ունեն գազի գնի հարցում քիչ թե շատ ընդունելի գնի հասնելու համար։ Էներգետիկայի նախարարի խոսքերով, պրն Մարգարյանն այս հարցում շատ ավելի տեղեկացված է, քան ինքը։ Այնուամենայնիվ, եթե գազի գինը հաստատվի 110 ԱՄՆ դոլար, որքանո՞վ կթանկանա էլեկտրաէներգիան։ «Մոտավորապես 3-4 դրամ»,- պատասխանեց պրն Մովսիսյանը։

Ես համ էլ մեդալ եմ ստացել

«Լավ» գնահատականի էր արժանացել նաեւ Մաքսային պետական կոմիտեի (ՄՊԿ) աշխատանքը։ Լրագրողներին հետաքրքրում էր, թե որքանով են իրար համապատասխանում նախագահի եւ վարչապետի՝ այս կառույցին տրված գնահատականները՝ նկատի ունենալով Ռ. Քոչարյանի թեթեւակի քննադատությունը։ «Ես ճիշտն ասած զարմանում եմ այդ բնույթի հրապարակումների վրա։ Պարզապես կասեմ հետեւյալը. եթե նախագահը կառույցի ղեկավարին պարգեւատրում է մեդալով, նշանակում է` գոհ է նրա կատարած աշխատանքից»,- ասաց ՄՊԿ պետ Ա. Ավետիսյանը։ Ըստ հաշվետվության՝ 2005թ. համար նախատեսված են եղել մաքսային մարմինների կողմից հավաքագրման ենթակա 140մլրդ 400 մլն դրամի հարկային մուտքեր։ Այս ցուցանիշը գերակատարվել է 564 մլն դրամով, կամ 0,4 տոկոսով։ «Հիմնականում վարչարարության ուժեղացման հաշվին»,- նշեց ՀՀ գլխավոր մաքսավորը։ Այն հարցին, թե իրենց գնահատականներով որքա՞ն է կազմում հանրապետություն ներկրված մաքսանենգ ապրանքների գումարային մեծությունը, պրն Ավետիսյանը պատասխանեց. «Եթե մենք իմանանք, թե մաքսանենգ ճանապարհով որքան ապրանք է մտնում Հայաստան, ապա նաեւ կիմանանք, թե ում կողմից եւ որտեղից է ներկրվում այդ ապրանքը, եւ դրա դեմը կառնենք։ Համենայնդեպս, կարող եմ հստակ ասել, որ, օրինակ, էներգակիրների, ցորենի կամ շաքարավազի դեպքում մենք մաքսանենգության դեպք չունենք»։