Հայտնաբերվել է 461 հանցագործություն

21/01/2006 Գագիկ ՇԱՄՇՅԱՆ

Թմրամոլությունը չարիք է, որը կարող է լուրջ վտանգների առաջ կանգնեցնել հասարակությանը, եւ դրա դեմ պետք է պայքարել ազգովի, նրա արատավոր ու վտանգներով հղի հետեւանքների մասին պետք է տարվի համակողմանի եւ արդյունավետ աշխատանք, որը պետք է սկսել դպրոցից:

ՀՀ Ոստիկանության օպերատիվ ամփոփագրերը պարբերաբար ներկայացնում են «Կանեփ-կակաչ» գործողության ընթացքը, աշխարհագրությունը, արդյունքները:

Ոստիկանության ստորաբաժանումները հայտնաբերում ու ոչնչացնում են թմրաբույսերի ցանքսերը: Կրակին տրված կանեփի կանաչ զանգվածը հասնում է տոննաների, իսկ աշխարհագրությունն ընդգրկում է բառացիորեն ողջ Հայաստանը: Ընդ որում, հավաքում ու ոչնչացնում են եւ՛ վայրի, եւ՛ մշակովի թփերը: Կանեփի վտանգներից մեկն այն է, որ հանդիպում է գրեթե ամեն քայլափոխի, շատերն այն նույնիսկ չեն համարում թմրանյութ, այլ` ծխախոտին համարժեք գլանակ: Վտանգն առավել մեծ է պատանիների ու անչափահասների համար, քանզի այնքան հեշտ է գայթակղվելն ու սխալվելը, իսկ թմրանյութը` այնքան մատչելի ու սովորական է: Թմրամոլության ցանկացած դրսեւորման դեմ պայքարը պետք է լինի հասարակության եւ իրավապահների ուշադրության կենտրոնում: Զուտ ոստիկանական մեթոդներով մեծ հաջողության չես հասնի: Նախորդ տարվա

9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է թմրամիջոցների հետ կապված 461 հանցագործության դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 339-ի դիմաց, աճը կազմել է 122 դեպք կամ 36,0%։ Հայտնաբերված դեպքերից 275-ը կամ 59,6%-ը կազմել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են 35-ով (2004-ի 9 ամսում՝ 310)։ 2005-ին եւս արձանագրվել են անչափահասների կողմից թմրամոլությամբ զբաղվելու դեպքեր։ Սակայն նախորդ տարիների համեմատությամբ նվազման միտում կա։ Բացահայտվել են նաեւ բազմաթիվ թմրամոլներ, որոնք ոչ միայն օգտագործում են այն, այլեւ վաճառում։ Թմրամոլների զգալի մասն այն վաճառում է անձանց, ովքեր կանխիկ դրամ ունեն։ Ցավալի իրողություն է, որ թմրամոլների 90%-ն ունի ընտանիք եւ անչափահաս երեխաներ։ Լինում են դեպքեր, երբ տարբեր աղբյուրներից ոստիկանության համապատասխան ծառայությունների աշխատակիցները ահազանգեր են ստանում, թե այս կամ այն թմրամոլն իր հարազատներից գողանում է ոսկեղեն, դրամ, բջջային հեռախոս կամ, ասենք, տանը աչքի ընկնող որեւէ թանկարժեք իր։ 2005-ի նոյեմբերի 10-ին մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ներմուծելու կասկածանքով ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊ Գլխավոր վարչություն բերման է ենթարկվել 1964թ. ծնված Երեւան քաղաքի բնակիչ Աննա Մ.-ն։ Նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են փաթեթներ, որոնց մեջ եղել է մոտ 98 գրամ հերոին տեսակի թմրանյութ։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Աննան հերոինը ձեռք է բերել Ստամբուլ քաղաքից եւ մաքսանենգ ճանապարհով ներմուծել է Հայաստան։ Իսկ մինչ այդ Ոստիկանության Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության աշխատակիցներն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Երեւանի բնակիչ, նախկինում դատապարտված Ժ. Մալոյանը Արարատի մարզի բնակիչ Ռ. Վարդեւանյանի միջնորդությամբ եւ օժանդակությամբ, իրացնելու նպատակով, մաքսանենգ ճանապարհով ՀՀ է ներմուծել մոտ 1 կգ 300 գ հերոին, հայտնաբերված թմրանյութի գինը համաշխարհային սեւ շուկայում գերազանցում է 100.000 ԱՄՆ դոլարը։

Հ.Գ. Նկարում ներկայացված է ՀՀ Ոստիկանության կողմից 2005թ. կազմած «ՀՀ-ում հանցավորության շարժընթացը 1991-2004թթ.» թողարկման «Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի շարժընթացը» աղյուսակը: