Որոշել են «քցե՞լ» ԱՄՆ-ին

21/01/2006 Յուրի ՍԻՄՈՆՅԱՆ

Վրաստանում կրկին խոսում են գլխավոր գազամուղը վաճառելու մասին: Երեւում է` այս անգամ խոսակցություններին կհետեւեն կոնկրետ քայլեր: Իսկ դա կարող է որոշակի դժվարություններ առաջացնել գլխավոր միջազգային հովանավորի` ԱՄՆ-ի հետ: Դեռ անցյալ տարի Վաշինգտոնը «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում Թբիլիսիին գրանտ էր հատկացրել (մոտ 300 մլն դոլար) գազամուղը վերականգնելու համար` պարտադիր պայմանով, որ այն կմնա պետության սեփականությունը:

«Մեզ անդադար փորձում էին համոզել, որ գազամուղը չսեփականաշնորհենք, բայց գազն այնուամենայնիվ թանկացավ»,- լրագրողներին հայտարարեց տնտեսական բարեփոխումների պետնախարար Կախա Բենդուկիձեն: Նա շատ կտրուկ արձագանքեց ԱՄՆ-ի պետքարտուղարի խորհրդական Մեթյու Բրայզի հանձնարարականին, թե անհրաժեշտ է գազամուղը թողնել պետության սեփականությունը, որպեսզի չմեծանա կախվածությունը Ռուսաստանից: «Թող ԱՄՆ-ը նախ լուծի Եվրոպայի էներգետիկ խնդիրները, հետո խորհուրդներ տա Վրաստանին»,- հայտարարեց նախարարը:

«Գազպրոմը» մեթոդաբար իրագործում է իր առջեւ դրված նպատակը` տիրանալ գլխավոր գազամուղին, որով «երկնագույն վառելիքը» հասնում է եւ մյուս հարավկովկասյան երկիրը` Հայաստան: Տեղի փորձագետների կարծիքով` բանը միայն խնդրի տնտեսական շահավետությունը չէ, այլ այն, որ այդպիսով Ռուսաստանը մնում է տնտեսական շուկայի ամենաազդեցիկ խաղացողը տարածաշրջանում` դրանից բխող հետեւանքներով` նույնիսկ Բաքու-Թբիլիսի-Էրզրում հարավկովկասյան գազամուղի կառուցման եւ իրանական գազամուղի` հայ-վրացական ուղղությամբ վերականգնվելու ու ամբողջ թափով շահագործվելու դեպքում: Վրաստանի համաձայնությունը` Ռուսաստանին վաճառել գազամուղը, կարող է դիտարկվել երեւի թե մի տեսանկյունով` «Գազպրոմի» հետ հարաբերությունները կարգավորել այնպիսի մակարդակով, որ հետագայում գոնե ինչ-որ կերպ ապահովագրի իրեն գազի գների աղետալի թանկացումներից: Ճիշտ է, դեռ փաստ չէ, որ այդ գործարքը կարող է իրական երաշխիք դառնալ: Ռուսաստանը, որ Հայաստանում գրեթե ամեն ինչի սեփականատերն է, նույնիսկ Հայաստանին` Կովկասում իր միակ ռազմավարական դաշնակցին, չխնայեց գազի հարցում: Ընդ որում` «Գազպրոմի» մենեջերներն առաջվա պես պնդում են, որ իրենց գործողություններում քաղաքական ենթատեքստ չկա, ամեն ինչ թելադրված է բացառապես տնտեսական նկատառումներով:

Քաղաքագետ Ռամազ Սաքվարելիձեն նրանց բացատրություններն անկեղծ չի համարում: «Ժամանակին որոշում էր կայացվել ԱՊՀ անդամ երկրներին գազ վաճառել արտոնյալ գներով: Դա քաղաքական որոշում էր: Այդ պատճառով գազի գները վերանայելու ներկայիս որոշումը չի կարելի զուտ տնտեսական համարել, այն քաղաքական ենթատեքստ ունի»,- հայտարարեց քաղաքագետը «168 Ժամ»-ին: Ակնհայտորեն, դրանից ելնելով էլ պետք է դիտարկել Վրաստանի՝ գազամուղը վաճառելու վերաբերյալ որոշումը:

Վրաստանում «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Դավիթ Մորչիլաձեն լրագրողներին հաստատեց բանակցությունների փաստը: «Եթե մենք համաձայնության գանք գնի շուրջ, գործարքը կարելի է կայացած համարել»,- հայտարարեց նա: Սակայն վրացական կողմն իրավիճակն այլ կերպ է ներկայացնում: Վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտարարեց, որ գլխավոր գազամուղի ճակատագրի մասին որոշում կայացնելիս Վրաստանն առաջնորդվելու է` ելնելով իր սեփական շահերից: «Մենք դեռ մանրամասն չենք ուսումնասիրել «Գազպրոմի» առաջարկությունը գլխավոր գազամուղը սեփականաշնորհելու մասին: «Գազպրոմի» ղեկավարությունն այդ մասին սկսել է խոսել 2005թ. դեկտեմբերի վերջին` Թբիլիսի կատարած այցի ժամանակ` հրաժարվելով Վրաստանի առաջարկից` ստեղծելու համատեղ ձեռնարկություն: Մենք առաջարկում էինք ստեղծել համատեղ ձեռնարկություն` հավասար պայմաններով` 50-50, բայց ռուսական կողմին դա չգիտես ինչու ձեռք չտվեց»,- ասաց վարչապետը: Համաձայն տեղեկացված աղբյուրների` սեփականաշնորհման մասին պայմանագրում վրացական կողմը պայման է դնում` գազի մատակարարման 25 տարվա երաշխիք, 1000քմ-ի համար 110 դոլար առավելագույն գնով: «Գազպրոմը» հավանաբար նման «մանրուքների» դեմ չի առարկի, քանի որ հասնում է իր նպատակին: Պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ը միշտ դեմ է եղել գազամուղը վաճառելուն, Նողաիդելին հերթական անգամ հայտարարեց, որ Վրաստանը առաջնորդվելու է իր ազգային շահերից ելնելով:

Լավ է, որ ազգային շահերն ամեն ինչից վեր են դասվում: Բայց ի՞նչ անել արդեն հիշատակված 300 մլն գրանտի հետ, որ ԱՄՆ-ը տրամադրել էր մի պայմանով` գազամուղը չվաճառել Ռուսաստանին: Հարցի պատասխանը հավանաբար մնում է Վրաստանի առաջիկա պատմությանը: