Հայկական ոսկու շուրջ կրքերը բորբոքվում են

21/01/2006 Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

««Ալռոսա»-ն չի կարողացել պայմանավորվել Sterlite Industries Limited-ի հետ Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկության (ԱՈԱՁ) գնման վերաբերյալ»:

Այսպիսի վերնագրով հունվարի 11-ին «Արմինֆո» լրատվական գործակալությունը տարածեց մի հաղորդագրություն, ըստ որի` ռուսական «Ալռոսա» ալմաստի արդյունահանման ընկերությունը ցանկանում էր ձեռք բերել «Արարատ ոսկու արդյունահանման ձեռնարկությունը»: Գործարքը, սակայն, չի հաջողվել: Հաղորդագրության համաձայն` Երեւանում բանակցում էին «Sterlite Industries Limited» հնդկական ընկերության եւ «Ալռոսա»-ի ներկայացուցիչները:

…կողմերը չեն կարողացել պայմանավորվածություն ձեռք բերել, քանի որ «Ալռոսա»-ն շատ ցածր գին է առաջարկել ԱՈԱՁ-ի համար: Նշենք, որ ԱՈԱՁ-ի լիիրավ սեփականատերը հնդկական «Sterlite Industries Limited» ընկերությունն է: Վերջին տարիներին հնդկական ընկերությունն ավելի քան 40 մլն դոլար է ներդրել ԱՈԱՁ-ում»,- ասվում էր հաղորդագրության մեջ:

Մեր աղբյուրները հայտնում են, որ գործարքի համար ռուսներն առաջարկել են 25 մլն դոլար: Բացի այդ, ռուսներն առաջարկել են նաեւ 10 մլն դոլար` գործարքից դուրս:

Այս ոլորտի մասնագետները համոզված են, որ եթե ռուսները որոշել են գնել, ապա անպայման հասնելու են իրենց նպատակին: «Ալռոսա«-ն պետական ձեռնարկություն է: Այն աշխարհում խոշորագույն ընկերություններից է, որը զբաղվում է ալմաստի հետախուզմամբ, արդյունահանմամբ եւ իրացմամբ, ադամանդի արտադրությամբ: Ռուսաստանի ալմաստի արդյունահանման 100%-ը «Ալռոսա»-ինն է, այն կազմում է աշխարհի ալմաստի արդյունահանման 23%-ը:

«Եթե ռուսական այդ հսկան ձեռք բերի հայկական ոսկու ամենամեծ հանքը, ապա միանգամից կլուծվի Սոթքում կառուցվելիք գործարանի հարցը: Ռազմավարական գործընկերոջը ոչ ոք չի կարող ընդդիմանալ Հայաստանում»,- ասում է ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության մի պաշտոնյա, որը չցանկացավ հրապարակել իր անունը:

Մեր ունեցած տվյալներով` Հայաստանի Հանրապետությունը մեծ պարտք ունի «Ալռոսա»-ին, եւ սա նույնպես կարող է ազդել ոսկու գործարանի հետագա ճակատագրի վրա:

Ըստ երեւույթին, ԱՈԱՁ-ի աշխատանքներից գոհ չէ հիմնական սեփականատեր Անիլ Ագարվալը: Հունվարի 9-ին ԱՈԱՁ-ի նախագահ Սանջեյ Դալմիան «սեփական դիմումի» համաձայն ազատվել է աշխատանքից:

Անիլ Ագարվալը հետաձգեց հունվարի 15-ին Հայաստան կատարելիք այցը: Այցի հիմնական նպատակը հանդիպումն էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Մեր ունեցած տեղեկություններով` նախագահը չի ցանկացել հանդիպել Ա. Ագարվալին: Վերջինս ուզում էր համոզել նախագահին` ստանալու Սեւանի ավազանում ոսկու կորզման նոր գործարան կառուցելու համաձայնությունը:

Նախարարության նույն աղբյուրի հավաստմամբ` «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկությունը» ձեռք բերելու ցանկություն ունի նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նման հետաքրքրություն ցուցաբերել են նաեւ արտասահմանյան այլ ընկերություններ, սակայն ԱՈԱՁ-ի փաստաթղթերին ծանոթանալուց հետո հրաժարվել են։

Հավանաբար, աշխարհում ոսկու գնի աննախադեպ աճն է Հայաստանի ոսկու հանքերի շուրջ նման իրարանցման պատճառ դարձել:

www.hetq.am