Ժամանակավոր մշակույթի վտանգը

21/01/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Նախարարության տարբեր սենյակներում աշխատակիցները հիմնականում օրաթերթեր են կարդում, կոմպյուտերային խաղեր խաղում եւ զրուցում իրար հետ: Գրեթե բոլորը վստահեցնում են, որ առանց նախարարի էլ իրենց աշխատանքը կանգ չի առել, քանի որ նախարարի պաշտոնակատար կա: Ըստ տրամաբանության` պաշտոնակատարը պետք է փոխնախարարը լիներ, սակայն արդեն նախկին նախարար Հովիկ Հովեյանի հրամանի համաձայն` նախարարի պաշտոնակատար է դարձել Գագիկ Գյուրջյանը: Փոխնախարար Կարինե Խոդիկյանը կարճատեւ զրույցում ասաց, որ նախարարի հետնորդ պատրաստելը բնականոն կարգ է: «Փառք Աստծո, որ ես չեմ նախարարը, քանի որ երբեք չեմ ձգտել նախարար լինել` որեւէ կուսակցության անդամ դառնալով»,- ասաց նա: Եվ ավելացրեց, որ ով էլ լինի հաջորդ նախարարը, Հովեյանից լավը կլինի ու գոնե նրա չափ անպարկեշտ արտահայտություններ ու հայհոյանքներ իրեն թույլ չի տա: Նախարարության աշխատանքի մասին որեւէ այլ տեղեկություն ստանալու համար պետք է դիմել հասարակայնության հետ կապերի պատասխանատուին, ով նախարարության շենքից բացակայում էր: Թեեւ Հովեյանը շարունակում է նախարարության շենք այցելել, սակայն բոլորը հասկանում են, որ շատ շուտով կադրային փոփոխություններ են լինելու, եւ շատերի տրամադրությունը «ճամպրուկային» կարելի է անվանել:

Ստացվել է այնպես, որ չի երեւում Մշակույթի նախարարության ոչ ամենօրյա աշխատանքը, ոչ էլ տեղեկություններ կան նախարարության ծրագրերի ու նպատակների մասին: Նախարարության լավ կամ վատ աշխատանքը երկրի քաղաքացիները հաճախ գնահատում են միջոցառումների եւ փառատոների կազմակերպման քանակով եւ արվեստի գործիչներին սատարմամբ: Սակայն տարվա ընթացքում կազմակերպվող փառատոներից շատերն անցկացվում են առանց նախարարության աջակցության (եթե հաշվի չառնենք հոբելյանների նշումը), իսկ պետական աջակցություն ակնկալող արվեստագետները փորձում են լավ հարաբերություններ հաստատել նույն այդ նախարարության չինովնիկների հետ: Մշակույթի նախարարության աշխատանքը հիմնականում ոչ դրական է գնահատվում եւ արժանանում է հեգնական վերաբերմունքի: Նախարարությունում պարբերաբար կատարվող ցնցումները կարծես թե առնչություն չունեն մշակութային գործընթացների հետ: Մշակույթը ինքնաբերաբար զարգանում, արգելակվում կամ տեղում դոփում է: Ընդհանրապես, արվեստը շուկայի պայմաններին արագ ընտելանալու հատկություն ունի: Վատ է դա, թե լավ՝ վիճելի հարց է, բայց կարելի է սպասել, որ Մշակույթի նախարարությունն այդ պահանջարկը կարող է կռահել ու ձեւավորել: Արվեստը շուկայի ոլորտ մուտք գործելով է մշակույթ դառնում, եւ արվեստի մարդիկ պետք է իրենց ստեղծագործությունների գինը եւ տեղը լավ իմանան: Ստացվել է այնպես, որ Մշակույթի նախարարությունը չի կարող ազդել ոչ շոու-բիզնեսի, տպագրվող գրքերի, հեռարձակվող հաղորդումների վրա, ոչ էլ մասսայական ճաշակ է ձեւավորում: Եվ թատրոնների, եւ ստեղծագործական միությունների ղեկավարները կարծում են, որ եթե ղեկավարի աթոռին են նստել, ապա երբեք չեն հեռանալու եւ իրենց աշխատանքի ոճն ամենալավն է: Մեր մշակութային կյանքի գլխավոր պրոբլեմը նրանում է, որ մենք իրականում չգիտենք` թե ով է լավը, իսկ ով` ժամանակավորը, ով տեղ ունի համաշխարհային մշակույթում, իսկ ով ազգայինի իմիտացիայից ավելի բան ստեղծել չի կարող: Ֆիլմերը, կտավները, ներկայացումները, երաժշտությունը, ճարտարապետական կառույցները ստեղծվում են ինքնաբերաբար եւ, ուզենք թե չուզենք` դրանց արժեքավոր լինելը շուկան է որոշում: Մշակույթի ճիշտ ֆինանսավորումը կարող է արժեքների սանդղակը որոշել, նաեւ այդ սանդղակում ապագա հաջողություններին ուղղված փոփոխություններ անել: Ո՞ւմ են պետք այն ֆիլմերն ու ներկայացումները, որոնք հանդիսատես չեն ունենում, կամ այն նկարիչների ու քանդակագործների ստեղծագործությունները, որոնք գնորդ չեն գտնում: Ժամանակի հետ քայլելն ու ժամանակի շունչը որսալը պետք է լինի Մշակույթի նախարարության դերերից մեկը: Եվ եթե նախարարությունը չունի արվեստի խթանման ծրագիր, այն գոնե պետք է զբաղվի ազգային արժեքների պահպանմամբ ու քարոզչությամբ: Մշակութային ժառանգության պրոպագանդումը նախարարության աշխատանքից այդքան էլ չի երեւում: Հարկ է հիշել վերջերս տեղի ունեցած պետական Ֆիլմադարանը մասնավոր անձանց հանձնելու փաստը: Եվ քանի դեռ Մշակույթի նախարարությունն աշխատում է «Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը» սկզբունքով` մշակութային քաղաքականություն ունենալը մեզ չի սպառնում: Հաջորդ նախարարի թեկնածությունը քննարկումների մեծ ալիք է բարձրացրել: Նախարարի բաղձալի պաշտոնը շատերին արվեստի բնագավառում սեփական անփոխարինելիությունն ապացուցելու առիթ է թվում: Իսկ արվեստի ոլորտի մարդիկ` չինովնիկ դառնալով, հաճախ կորցնում են արվեստում ունեցած իրենց դերը եւ փոխարենը` ժամանակավոր իշխանություն ձեռք բերում՝ մտածելով, որ պաշտոնն ու աթոռը հավերժ իրենց են պատկանում: