Երեկ ժամը 17.00-ի սահմաններում Երեւանի Արաբկիր համայնքի Ավետիսյան 36 հասցեի բնակիչները շենքի մուտքի մոտ սատկած թռչուն հայտնաբերելով՝ ահազանգել են համապատասխան մարմինների: Թռչնի դիակը տոպրակով տեղափոխել է Արաբկիր, Քանաքեռ, Զեյթուն, Նոր Նորք, Նորք-Մարաշ եւ Ավան համայնքների անասնաբույժ Սլավիկ Իգիթյանը: Ըստ պրն Իգիթյանի՝ սատկած թռչունը վայրի տատրակ է եղել: «Չեմ կարծում, որ մահը թռչնի գրիպից լինի, հետանցքի արտաքին նշաններից դատելով ենթադրում եմ, որ մահվան պատճառը լուծն է եղել, սակայն քանի դեռ լաբորատորիա չենք տարել, հստակ ոչինչ ասել չեմ կարող»,-ասաց անասնաբույժը: Մեր տեղեկություններով, սակայն, մեր հարցման պահին թռչնի դիակն արդեն հանձնված է եղել լաբորատոր հետազոտման: