Վերջերս դարձյալ խոսակցություններ կան, թե վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առողջության պատճառով պատրաստվում է հրաժարական ներկայացնել: Ա. Մարգարյանը մեր թղթակցի հետ զրույցում վստահեցրել է, որ իր առողջությունը բարվոք վիճակում է, եւ որեւէ պատճառ չկա իր հրաժարականի համար: Հարցին` պարզե՞լ եք, թե այս փուլում ում է ձեռնտու նման լուրերի տարածումը, պատասխանել է. «Դա իշխանափոխության տարբերակներից մեկն է: Եթե վարչապետը, որը ներկայացնում է կոալիցիայի թեւերից մեկը եւ մեծ թվով պատգամավորներ ունի ԱԺ-ում, հրաժարական տա, ապա որոշակի անկայունություն կլինի քաղաքական դաշտում: Իսկ որքան ջուրը պղտոր է լինում, այնքան ձուկ բռնողները շատանում են: Իմ առողջությունը շատ նորմալ է եւ շատերի առողջությունից շատ ավելի բարվոք է: Ես երբեք առողջության պատճառով հրաժարական չեմ տա, իսկ այլ պատճառ չկա հրաժարական պահանջելու համար: Կառավարությունն այս վեց տարիների ծրագրերը գերակատարել է, իսկ թերություններն էլ չենք թաքցնում, առաջինը մենք ենք ասում: Պարտավորությունների կատարման առումով կառավարությանը եւ վարչապետին հրաժարականի դրդելն անհնար է: Նախագահն ու գործադիրը համատեղ են աշխատում: Կոալիցիոն ուժերի կողմից էլ նման խնդիր չկա, որովհետեւ այն կոալիցիայի կառավարությունն է, ոչ թե ՀՀԿ-ինը: Այդպիսի սեւ PR իրականացնելու նպատակն անկայուն իրավիճակ ստեղծելն է, որպեսզի որոշակի քաղաքական ուժեր փորձեն իրենց խնդիրները լուծել»: Ա. Մարգարյանից նաեւ հետաքրքրվեցինք` ԱԺ 2007թ. ընտրությունների ժամանակ նա կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ Ռ. Քոչարյանն, այնուամենայնիվ, իրեն կհեռացնի` այդպիսով թուլացնելով ՀՀԿ-ի ռեսուրսները: «Իսկ ինչո՞ւ պետք է Ռ. Քոչարյանը ցանկանա ՀՀԿ ռեսուրսները թուլացնել, կամ ի՞նչ պետք է լինի, որ նա պահանջի իմ հրաժարականը, եթե, ասենք, կենցաղային հողի վրա ինչ-որ դեպք չլինի, ինչպես, ասենք, Հովեյանի դեպքում էր: Դրա քաղաքական նպատակահարմարությունն ու խնդիրը չկա: Կամ խուլիգանական արարք պետք է լինի, որը ազդի պետության վարկանիշի վրա, կամ առողջական վիճակի վատթարացում, որպեսզի ինձ հեռացնեն: Վստահ եմ, որ առաջինը չեմ կատարի, իսկ առողջությունիցս էլ չեմ բողոքում»: