Նախորդ տարեվերջին քաղաքական շրջանակներում հիմնական իրադարձությունները ծավալվում էին սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի շուրջ: Իսկ սահմանադրական առաջարկվող առանցքային փոփոխություններից մեկն էլ գործող Սահմանադրությունից երկքաղաքացիության արգելքի վերացումն էր:
Երկքաղաքացիության արգելքն այսօր արդեն հանված է, եւ կոալիցիայի անդամ կուսակցություններից Հայ Յեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) պատրաստվում է ԱԺ առաջիկա գարնանային նստաշրջանում շրջանառության մեջ դնել երկքաղաքացիության մասին ՀՀ օրենքի նախագիծ: Ինչպե՞ս է նախատեսվում կարգավորել այդ դաշտն այս նախագծով: ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի խոսքերով՝ սահմանադրական փոփոխություններից հետո մի շարք բնագավառներ կան, որտեղ պետք է կատարվեն լուրջ օրենսդրական նախաձեռնություններ, եւ ՀՅԴ-ն էլ խիստ կարեւորում է հատկապես քաղաքացիության բլոկը, որովհետեւ արգելքը վերացված է, եւ երկքաղաքացիության ինստիտուտն արդեն, ըստ էության, Սահմանադրությամբ թույլատրված է: Դեռեւս մինչեւ հանրաքվեն, ՀՅԴ ներկայացուցիչները հայտարարում էին, որ երկքաղաքացիության մասին ՀՀ օրենքի իրենց նախագծի 60-70%-ն արդեն պատրաստ է: «Մեր խմբակցությունը մի քանի աշխատանքային հանդիպումներ է ունեցել Հայաստանի եւ սփյուռքի մասնագիտական շրջանակների հետ»,- տեղեկացնում է Լ. Մկրտչյանն ու հավելում, որ հարցադրումները հիմնականում հայեցակարգային բնույթի են: «Մենք պատրաստվում ենք արդեն ԱԺ գարնանային նստաշրջանում ունենալ եւ՛ նոր օրենքի հայեցակարգը, եւ՛ կոնկրետ օրինագիծը, որը կդնենք շրջանառության մեջ»,- շարունակում է ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Վերջինիս փոխանցմամբ՝ օրենքի նախագծի վրա աշխատող աշխատանքային խմբի աշխատանքներն այժմ արդեն ավարտական փուլում են: «Կփորձենք սկզբում ունենալ օրենքի հայեցակարգը, որը կձեւակերպենք եւ կդնենք հասարակական քննարկման, այնուհետեւ հայեցակարգի դրույթների հիման վրա կներկայացնենք նաեւ համապատասխան օրենքի նախագիծը»,- մանրամասնում է պարոն Մկրտչյանն ու ավելացնում, որ այդ օրենքը փոփոխություններ է բերելու բազմաթիվ այլ օրենքների մեջ: Իսկ ինչպե՞ս են դաշնակցականները պատկերացնում ՀՀ քաղաքացի երկքաղաքացիների ընտրական իրավունքի հետ կապված հարցերի կարգավորումը: Մեր զրուցակցի հավաստմամբ՝ ընտրելու, ընտրվելու, հարկային պարտավորությունների, բանակում ծառայության եւ այլ իրավունքներն օրենքի ավելի հեշտ մասերն են, որովհետեւ կարգավորված են միջազգային փորձով՝ կան համապատասխան կոնվենցիաներ: Նրա խոսքերով՝ կոնվենցիաները, որոնց մեծ մասը ստորագրել է նաեւ Հայաստանը, կարգավորում են բանակի ծառայության եւ հարկային պարտավորությունների խնդիրները: «Այստեղ աշխատելու է հավասարաչափության սկզբունքը, այսինքն՝ քաղաքացին իր պարտականությունների կատարմանը համարժեք կունենա նաեւ դրան համապատասխան իրավունքներ»,- պարզաբանում է Լ. Մկրտչյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ եթե անձը տվյալ երկրի նկատմամբ կատարում է իր հարկային պարտավորությունները, ունի մշտական նստակեցության ցենզ, լրացնում է բոլոր նորմերը, ուրեմն՝ կունենա համապատասխան՝ ընտրելու եւ ընտրվելու իրավունք: Իսկ ի՞նչ է նշանակում՝ ունենալ «նստակեցության մշտական ցենզ»: ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքերով՝ նախագահի ինստիտուտի, պատգամավորների համար ունի Սահմանադրությամբ արդեն նշված համապատասխան ցենզը: «Հիմա այդ նույն տրամաբանությամբ նաեւ երկքաղաքացիության մասին օրենքում կլինի համապատասխան դրույթ»,- փոխանցում է նա: Ըստ նրա, խնդիրը հետեւյալ հայեցակարգային հարցադրման մեջ է. մենք երկքաղաքացիության մասին օրենք գրում ենք Հայրենիքից դուրս գտնվող ծագումով եւ ազգությամբ հայ մարդկանց մասի՞ն, որոնց տալիս ենք ՀՀ քաղաքացի լինելու իրավունք, թե՞ ընդհանրապես ընդունում ենք երկքաղաքացիության դրույթը բոլորի համար՝ այդ թվում եւ ՀՀ-ում ներկայումս ապրող քաղաքացիների: «Կան օրենսդրական ծավալներ, որոնք ունեն արյան սկզբունքի կիրառումը, կան երկրներ, որոնք կիրառում են տարածքի սկզբունքը: Մեր նախկին եւ ներկա Սահմանադրություններում այս երկու սկզբունքներն էլ ընդունվում են»,- նշում է պատգամավորը, ով կարեւորում է, որ այս օրինագիծը խորհրդարանում եւ հասարակության մեջ ընկալում ունենա: Հայտնի է, որ 1990-ականների սկզբներին սկսեցին գործել այսպես կոչված՝ «կեցության վկայականները»: Այդ վկայականները ստացող, ՀՀ քաղաքացի չհանդիսացող այլ երկրի քաղաքացիները ստանում էին ՀՀ քաղաքացու գրեթե բոլոր իրավունքները՝ բացառությամբ ընտրական իրավունքի եւ հողի սեփականության իրավունքի: Հարց է ծագում. ի՞նչ հարց չի լուծում կեցության վկայականը, որը փորձ է արվում լուծել երկքաղաքացիության մասին օրենքի ընդունմամբ: «Կեցության վկայականը տալիս էր քաղաքացիական որոշակի իրավունքներ, բայց քաղաքացիության իրավունք այն չէր տալիս: Եվ սա որոշակիորեն ստորադասում էր մեր այն հայրենակիցներին, որոնք ցանկանում էին Հայրենիքի հետ ունենալ ավելի սերտ եւ ավելի կանոնակարգված հարաբերություններ»,- կարծում է մեր զրուցակիցը: Իսկ օրենքի նախագծի հեղինակները մտավախություն չունե՞ն, որ ավելի շատ ՀՀ-ում բնակվող ՀՀ քաղաքացիները կձգտեն դառնալ այլ երկրի քաղաքացի, քան արտերկրում բնակվող մեր հայրենակիցները: «Գիտե՞ք, այդ հարցը կա, սակայն մենք պետք է փորձենք այս օրենքն այնպես շարադրել, որ թույլատրենք մեր հայրենակիցներին, որոնք ապրում են ՀՀ-ից դուրս, ստանալ Հայաստանի քաղաքացիություն»,- նշում է Լ. Մկրտչյանը: Ըստ նրա, առաջարկվում է ոչ թե երկքաղաքացիության ինստիտուտի իրավունքն ընդհանրապես «բացել եւ ընդունել», այլ երկքաղաքացիությունն ընդունել՝ պատմական որոշակի հիմնավորումներով: Մենք ինչո՞ւ ենք ընդունում երկքաղաքացիությունը: Իր առաջադրած այս հարցին պրն Մկրտչյանն ինքն էլ պատասխանում է հետեւյալ կերպ. «Որովհետեւ Ցեղասպանության եւ այլ պատճառներով մեր ժողովրդի մի զգալի հատված, կորցնելով իր Հայրենիքը, հայտնվել է արտերկրում: Եվ այդ մարդկանց իրավունքն է՝ ունենալ իրենց Հայրենիքի քաղաքացիություն: Մենք այդ իրավունքն ենք վերադարձնում, այլ ոչ թե ընդհանրապես ապրիոր ընդունում ենք այդ սկզբունքը»: Մի խոսքով, չի բացառվում, որ շատ մոտ ապագայում ՀՀ-ն ունենա երկքաղաքացիության մասին օրենք: