Աշխատանքը կգեղեցկացնի՞ պատգամավորներին

21/01/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

ՀՀ նոր Սահմանադրության ընդունումից հետո այսօր արդեն անհրաժեշտություն է առաջացել երկրի մի շարք օրենքներ, այդ թվում եւ` ԱԺ կանոնակարգ օրենքը համապատասխանեցնել երկրի Մայր օրենքի պահանջներին: ՄԱԿ խմբակցությունը հրաժարվել է մասնակցել ԱԺ կանոնակարգ օրենքը ՀՀ նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով ԱԺ նախագահի որոշմամբ ստեղծված 5 հոգանոց հանձնաժողովի աշխատանքներին: Եվ հիմա իրենք իրենց սեփական նախագիծն են ներկայացրել ԱԺ-ին: Ըստ այդմ` ՄԱԿ-ն առաջարկում է ԱԺ կանոնակարգ օրենքում շուրջ 200 փոփոխություն կատարել: Իսկ ՄԱԿ-ի առաջարկած օրենսդրական փոփոխություններն ուղղված են «ծույլ եւ աշխատանքի չհաճախող» պատգամավորների դեմ: Բոլորին է հայտնի, որ այսօր ԱԺ պատգամավորների ողջ գործունեությունը սահմանափակվում է ամիսը մեկ-երկու անգամ ԱԺ գալով, կոճակ սեղմելով, իրար վրա «բոչկա գլորելով» ու վերջ (եթե, իհարկե, բարեհաճում են գալ աշխատանքի): Իսկ այդ «ծանր աշխատանքի դիմաց» նրանք ՀՀ քաղաքացիների մուծած հարկերից գոյացած պետբյուջեից բավական պատկառելի գումար են ստանում` շուրջ 600 ԱՄՆ դոլար: Եվ ահա ՄԱԿ խմբակցությունն առաջարկում է վերջ դնել «ձրիակերությանը»: ՄԱԿ-ի առաջարկած նախագծով` ԱԺ լիագումար նիստերը կհրավիրեն ամեն շաբաթ՝ առնվազն 2 օր (երեքշաբթի չորեքշաբթի) աշխատանքային ռեժիմով, ընդ որում՝ նիստերը պետք է տեղի ունենան անկախ քվորումից: Անկախ քվորումից պատգամավորները կկարողանան նաեւ հանդես գալ հայտարարություններով, հարցեր ուղղել ՀՀ կառավարությանը: Բացի այդ, պատգամավորի` օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու իրավունքը չի կարող վիժեցվել օրակարգից եւ չքննարկվել լիագումար նիստի ընթացքում: Մի խոսքով, բոլոր հնարավոր պայմանները ստեղծված են ԱԺ պատգամավորներին աշխատեցնելու համար: Սակայն Գուրգեն Արսենյանի ներկայացրած նախագիծը դժվար թե հաջողություն ունենա: Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրամանով արդեն ստեղծվել է համապատասխան աշխատանքային հանձնաժողովը, որը մինչեւ հունվարի 20-ը ԱԺ կանոնակարգ օրենքի վերաբերյալ ներկայացնելու է իր առաջարկները: Հետո ԱԺ խումբ-խմբակցությունների ներկայացուցիչները դրանց հիման վրա կներկայացնեն համապատասխան նախագիծը:

«Իրենք, որպես պատգամավորներ, իրավունք ունեն իրենց առաջարկությունները ներկայացնելու: Թե այդ առաջարկությունները որքանով կընդունվեն, կախված է քննարկումներից: Քանի դեռ այդ նախագիծը շրջանառության մեջ չի մտել, մենք հիմա որեւէ բան չենք կարող ասել: Իրենց առաջարկները կներկայացնեն, մենք կքննարկենք»,- ՄԱԿ-ի ներկայացրած նախագծի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը: Իսկ մինչ այդ, պատգամավորները դեռ չեն ստացել ՄԱԿ-ի կազմած նախագիծն ու երեկ մեզ հետ զրույցում ասացին, որ մանրամասն ծանոթ չեն դրան: «Եթե լավ առաջարկներ կան, ինչո՞ւ չէ, ես էլ եմ համաձայն, որ պատգամավորները պետք է բոլորը աշխատեն, այլապես հնարավոր չէ, որ այդքան բարձր աշխատավարձ ստանան ու չաշխատեն»,- այսպես արտահայտվեց Ս. Բալասանյանը: Գ. Արսենյանի ներկայացրած նախագծում ընդունելի դրույթներ կան Հանրապետականների համար եւս: Բայց չնայած այս ամենին, պարոն Արսենյանը համոզված է, որ իրենց օրենսդրական նախաձեռնությունը չի անցնի: Ավելին, նախօրեին հրավիրած ասուլիսի ժամանակ նա հիշեցրեց, որ դեռ մի տարի առաջ, երբ կրկին փոփոխություններ էին կատարվում ԱԺ կանոնակարգ օրենքում, իրենք էլ իրենց սեփական նախագիծն էին ներկայացրել (որն, ի դեպ, շատ նման է նոր նախագծին): Սակայն նրանց նախագիծը ԱԺ լիագումար նիստի ժամանակ նույնիսկ չքննարկվեց էլ: Փոխարենն ընդունվեց կոալիցիայի ներկայացրած տարբերակը: «Ոչ մի երաշխիք չունենք, որ սա անցնելու է, որովհետեւ սա աշխատող մարդկանց կանոնակարգ է»,- կարծում է Արսենյանը: Իսկ եթե նրա ներկայացրած նախագիծը մերժվի խորհրդարանական մեծամասնության կողմից, ապա 2007-ի ԱԺ ընտրություններից առաջ իրենք ժողովրդին կներկայացնեն մերժողների իրական դեմքը: Այսինքն` հասկանալի է, որ այս ողջ շոուն արված է 2007թ. ԱԺ ընտրությունների նախաշեմին դիվիդենտներ շահելու համար: Ու քաղաքական, հատկապես իշխանական դաշտի ներկայացուցիչներն այս ողջ ընթացքը բաց չեն թողնի իրար վրա «աչոկ հավաքելու», իրար մրոտելու եւ «քլնգելու» համար: Ի վերջո, առջեւում բավական լարված պայքար է սպասվում եւ հիմնական մրցակցությունն այս անգամ ընթանալու է իշխանական տարբեր բեւեռների մեջ: Այնպես որ, սպասենք թամաշաների:

Հ.Գ. Անդրադառնալով Գ. Արսենյանի այն խոսքերին, որ իրենց ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը կմերժվի, քանի որ այն «աշխատող մարդկանց կանոնակարգ է», իսկ ԱԺ պատգամավորների մեծամասնությունը չաշխատողներ են, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը նկատեց. «Ես չէի ասի, որ պատգամավորների մեծամասնությունը չաշխատող են, բոլորն էլ իրենց հնարավորությունների սահմանում աշխատող են ու հնարավորությունների սահմանում աշխատում են»: Դատելով Մելիքյանի խոսքերից, մնում է միայն ենթադրել, որ խորհրդարանի անգործությունը հետեւանք է միայն մեկ բանի՝ պարզապես մեզանում պատգամավոր են դառնում ոչ թե նրանք, ովքեր արժանի են, այլ նրանք, ովքեր շատ փող ունեն եւ այդ փողի շնորհիվ անում են «ինչ ուզում են, երբ ուզում են»: