Ծանր ժամանակներ ԿԲ-ի կյանքում

21/01/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Հունվարի 1-ից ՀՀ Կենտրոնական բանկը (ԿԲ) վերահսկում է ոչ միայն բանկային համակարգը, այլեւ` ֆինանսական հատվածի մյուս ենթահատվածները` ապահովագրական եւ արժեթղթերի շուկաները: Միասնական ֆինանսական վերահսկողության մարմնի ստեղծումը տնտեսության զարգացման համար մեծ դեր կարող է ունենալ, սակայն եթե համակարգը զարգանա ճիշտ ուղով:

Նորաձեւությունը` որպես կարեւոր հարցի լուծում

Միասնական ֆինանսական վերահսկողության մարմնի` մեգառեգուլյատորի ստեղծումը, ըստ Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի պրոռեկտոր, Տնտեսության եւ ֆինանսների ամբիոնի վարիչ Էդվարդ Սանդոյանի, ողջունելի քայլ է: Մասնագետը բերում է դրա հիմնավորումը: Վերջին 10-15 տարիների ընթացքում աշխարհի շատ երկրների փորձագետներ հասկացան, որ ժամանակակից ֆինանսական շուկան սկսում է զարգանալ ոչ ավանդական, ոչ դասական ճանապարհով, եւ ֆինանսական տարբեր ինստիտուտներ բնականոն զարգացման ընթացքում ակամա եւ երբեմն էլ` նպատակադրված, ներխուժում են միմյանց գործունեության դաշտը: Այս պարագայում այլեւս հնարավոր չէ հստակ տարանջատել, օրինակ, բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների եւ այլ ֆինանսական ինստիտուտների գործունեության ոլորտները: Այս յուրօրինակ «միախառնումն» Է. Սանդոյանը բացատրում է հիմնականում տեխնոլոգիական զարգացմամբ, երբ ստեղծվեցին էլեկտրոնային կրիչներով արտահայտված բազմաթիվ եւ բազմաբնույթ ֆինանսական գործիքներ` դրանք ավելի մատչելի դարձնելով ֆինանսական ինստիտուտների համար: Վերջիններս դառնում են միասնական ֆինանսական շուկայի մասնակիցներ` հանդես գալով որպես ֆինանսական գործիքների գնորդ կամ վաճառող: «Այն արգելքները, որ չեն թողնում, օրինակ, բանկերին զբաղվել ապահովագրությամբ, կամ ապահովագրական ընկերությանը՝ բանկային գործունեությամբ, չեն վերացնում բոլոր խնդիրները: Ռիսկերը շարունակում են առաջանալ, որովհետեւ այս բոլոր ընկերություններն, ի վերջո, գործունեություն են ծավալում մեկ շուկայում: Դրա համար այն ռիսկերը, որ բնորոշ են, ասենք, բանկերին, ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում են ֆինանսական այլ ինստիտուտների վրա, քանի որ դրանք ունեն փոխադարձ ակտիվներ եւ պարտավորություններ»,- ասում է Է. Սանդոյանը: Նրա համոզմամբ` ֆինանսական սեգմենտների առանձին կարգավորումն այլեւս հնարավոր չէ, անհրաժեշտ է միասնական մոտեցում, այն է՝ ստեղծել միասնական մարմին, որի համար տեսանելի կլինեն ֆինանսական հատվածի բոլոր ռիսկերը: «Ցավոք, սրա գերկարեւորությունը մեր երկրում դեռ լավ գիտակցված չէ իշխանությունների կողմից: Սա մոդայիկ գործընթաց է, եւ, քանի որ շատ զարգացած երկրներ անցել են այս համակարգին, ուստի Հայաստանն էլ է այն ընդունել»,- գտնում է Է. Սանդոյանը:

Ֆինանսական ինստիտուտնե՞ր ՀՀ-ում

Ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես բանկային ոլորտի վերահսկողության եւ կարգավորման մակարդակը շատ անգամ ավելի բարձր է, քան ֆինանսական մյուս ինստիտուտներինը: «1993-94թթ. անցումային փուլում գտնվող մյուս երկրների նման մենք նույնպես ձեռնամուխ եղանք բանկային համակարգի զարգացման գործին: Իմ կարծիքով, մեզ հաջողվեց ստեղծել լավագույն բանկային օրենսդրություններից մեկը, որն անցումային երկրների համար կարելի է անվանել էտալոնային: Սա ճանաչում են նաեւ զարգացած երկրների կենտրոնական բանկերը»,- ասում է Է. Սանդոյանը: Այնուամենայնիվ, նրա խոսքերով, լինելով ամենաթափանցելին ու վստահելին` հայաստանյան բանկային համակարգը քանակական ցուցանիշներով աշխարհում վատագույնների շարքում է: Համակարգի կարեւորագույն ցուցանիշներից է երկրի Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ հավաքական վարկային ներդրումների տեսակարար կշիռը, ինչը զարգացած երկրներում գերազանցում է 100%-ը, Շվեյցարիայում` նույնիսկ 250%-ը: Այսինքն, այս երկրներում բանկային համակարգը տվյալ տնտեսության զարգացման հիմնակառույցներից մեկն է: Հայաստանում այս ցուցանիշը 7-7,5% է: Ինչո՞ւ: Որովհետեւ համակարգին «ուժ տվող» չկա. ֆինանսական հատվածի մյուս սեգմենտներն, ըստ էության, բացակայում են: «Մենք ընդհանրապես չունենք ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամներ: Հետեւաբար, երկար փողեր «արտադրող» հիմնական ինստիտուտը բացակայում է, ինչը պետք է «սնուցեր» ֆինանսական մյուս ինստիտուտներին, մասնավորապես` բանկերին: Ապահովագրական ընկերությունները նույնպես մեր երկրում չնչին դեր են խաղում: Կապիտալի շուկայի զարգացածությամբ Հայաստանն աշխարհի վատագույն երկրներից մեկն է: Եթե չկա կապիտալի շուկա, չկա նաեւ հնարավորություն հավաքագրել խնայողությունների այն պոտենցիալը, որ պետք է ֆինանսավորի տնտեսության իրական հատվածը»,- բացատրում է Է. Սանդոյանը: Նա գտնում է, որ այս «տխուր վիճակը» պայմանավորված է նաեւ նրանով, որ Հայաստանի շուկայական տնտեսությունը պլանայինից ժառանգել է իրական հատված` արտադրություն, բայց ոչ ֆինանսական ինստիտուտների մշակույթ: Եվ, իրոք, ավագ սերնդի ներկայացուցիչները դժվար թե ընդունեն, օրինակ, կյանքի կամ գույքի ապահովագրության բուն իմաստը: Ի դեպ, ֆինանսական ինստիտուտների խիստ թերզարգացումը ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը բացատրում է նրանով, որ ապահովագրական դաշտի զարգացման համար անհրաժեշտ է բնակչության 1 շնչին ընկնող բարձր եկամուտ, որպեսզի «մարդիկ մտածեն ոչ միայն գոյատեւման, այլեւ` ռիսկերի կառավարման մասին»: Իսկ արժեթղթերի շուկայի զարգացման հիմնական խոչընդոտն, ըստ Տ. Սարգսյանի, բիզնեսում վստահության բացակայությունն է, ինչի ստեղծման համար անհրաժեշտ են կորպորատիվ կառավարման կանոնների ներմուծում, որպեսզի սուբյեկտները վստահ լինեն, որ իրենց փոքր ներդրումները պաշտպանված կլինեն:

Բնականաբար, այս ամենը դանդաղեցնում է տնտեսության եւ բուն ֆինանսական ինստիտուտների բնականոն զարգացումը: Վերոնշյալն Է. Սանդոյանը համարում է եւս մեկ փաստարկ, որ միասնական ֆինանսական վերահսկողության խնդիրը դառնում է գերխնդիր, որովհետեւ նպատակահարմար չէ ֆինանսական ինստիտուտներն առանձին-առանձին դիտարկել: Այս պարագայում եւս հարց է ծագում՝ «Եթե այդքան դրական երեւույթ է մեգառեգուլյատորը, ինչո՞ւ 5 տարի առաջ ստեղծվեց Արժեթղթերի հանձնաժողովը, իսկ հիմա էլ՝ լուծարվեց»: Է. Սանդոյանի հավաստմամբ` այն ժամանակ, երբ ստեղծվում էր այդ կառույցը, դեռ վաղ էր խոսել ֆինանսական մեգառեգուլյատորի մասին: «Սակայն խնդիրն այն տարիներին այլ էր` ուզո՞ւմ ենք ունենալ կապիտալի շուկա, թե՞ ոչ: Այդ պատճառով էլ ստեղծվեց Արժեթղթերի հանձնաժողովը»,- ասում է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Է. Սանդոյանը:

ԿԲ-ի նոր կառուցվածքը

Երեկ Տիգրան Սարգսյանը ներկայացրեց ԿԲ-ի` որպես ֆինանսական մեգառեգուլյատորի (միասնական վերահսկողության համակարգի) նոր կառուցվածքը: Այդ մարմնում ստեղծվել են նոր ստորաբաժանումներ, մասնավորապես՝ 17 աշխատատեղեր ունեցող Արժեթղթերի շուկայի վարչությունը, որի պետ է նշանակվել նախկին Արժեթղթերի հանձնաժողովի անդամ Խաչիկ Խաչիկյանը: Բանկային վերահսկողության վարչությունը վերանվանվել է Ֆինանսական վերահսկողության վարչություն, իսկ Բանկային մեթոդաբանության եւ վերլուծությունների վարչությունը` Ֆինանսական համակարգի քաղաքականության եւ վերլուծության վարչություն: Ընդհանուր առմամբ, ԿԲ-ում ստեղծվել են 50 նոր աշխատատեղեր: Արժեթղթերի հանձնաժողովի լուծարումից հետո հանրապետության նախագահի հրամանով` ԿԲ-ի խորհրդի անդամ է նշանակվել Ամալյա Սարիբեկյանը: Ի դեպ, պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչո՞ւ է Ռոբերտ Քոչարյանը մտահոգված միասնական ֆինանսական վերահսկողին փոխանցված լայն լիազորություններով` Տ. Սարգսյանը պատասխանեց. «Կոռեկտ չի լինի, եթե մեկնաբանենք հանրապետության նախագահի կարծիքը»:

Ծանր օրեր ԿԲ-ի համար

Որպես մեգառեգուլյատոր` ԿԲ-ն ոչ թե մեծ լիազորություններ է ստանում, այլ շատ մեծ եւ ռիսկային պարտավորություններ է ստանձնում: «Շատ ծանր է լինելու ԿԲ-ի կյանքը, որովհետեւ մի բան է զարգացնել արդեն կայացած համակարգը` բանկային ոլորտը, մեկ այլ բան` ստեղծել գրեթե զրոյական վիճակում գտնվող սեկտորներ` ոչ բանկային ֆինանսական ոլորտները»,- ասում է Է. Սանդոյանը:

Նրա կարծիքով, Հայաստանում ներդրված այս համակարգն ունի մի շատ մեծ թերություն: «Միասնական վերահսկողության մարմինը պետք է լինի անկախ, այդ թվում` ԿԲ-ից: Որքանով ես եմ տեղյակ, աշխարհում որեւէ երկիր չկա, որ մեգառեգուլյատորը ստեղծվի ԿԲ-ի կազմում: Մեգառեգուլյատորի նպատակները եւ խնդիրները չպետք է հակասության մեջ մտնեն դրամավարկային քաղաքականության հետ: Քանի որ վերջինս տնտեսության զարգացման տեսանկյունից մի մակարդակ ավելի բարձր եւ կարեւոր խնդիր է, քան ֆինանսական ինստիտուտների գործունեության կարգավորումն ու վերահսկողությունը, ուստի չի կարելի թույլ տալ, որպեսզի միեւնույն մարմինը, տվյալ դեպքում` ԿԲ-ն, ժամանակ առ ժամանակ հայտնվի այնպիսի իրավիճակներում, երբ ստիպված լինի ի վնաս մեկի` որոշումներ կայացնել մյուսի օգտին»,- մեկնաբանում է պրն Սանդոյանը: Սակայն նա գտնում է, որ այս փուլում առավել կարեւոր է ունենալ միասնական վերահսկողական մարմին, թեկուզեւ ի դեմս ԿԲ-ի, քան չունենալ ընդհանրապես: Վերջին հանգամանքը Սանդոյանը բացատրում է նրանով, որ ներկայումս մենք այլընտրանք չունենք. ԿԲ-ն 11 տարի գործող բավականին հզոր կառույց է, որ կարելի է համարել մեր ազգային արժեքներից մեկը: «Բացի այդ, ԿԲ-ն այսօր նախաձեռնում է այնպիսի ինստիտուտների ստեղծում եւ զարգացում, որոնցով ոչ թե ինքը պետք է զբաղվեր, այլ` կառավարությունը: Խոսքս հիփոթեքային շուկայի, կենսաթոշակային համակարգի զարգացման, ինդեքսավորման համակարգի ներդրման, վարկային ռեգիստրի ստեղծման մասին է: Այս գործիքները, վերջիվերջո, հայտնվելու են մասնավոր կառույցների ձեռքում, բայց դրանց «վարակը գցողը» ԿԲ-ն է, որն ամենեւին էլ պարտավոր չէր դրանք նախաձեռնել»,- գտնում է Է. Սանդոյանը:

Ինչո՞ւ ԿԲ-ն չպետք է լինի միասնական ֆինանսական վերահսկողական մարմին: Որովհետեւ այդ կառույցը կապիտալի շուկայի ամենակարեւոր օպերատորներից մեկն է: Ըստ էության, ԿԲ-ն այդ շուկայում գործում է բավական մեծ ծավալներով: Եվ ստացվում է, որ ԿԲ-ն բաց շուկայական գործիքների միջոցով` արժեթղթերի առք ու վաճառքով, գործում է մի շուկայում, որի վերահսկողը հենց ինքն է: «Այստեղ լուրջ շահերի բախում է առաջանում, իսկ ԿԲ-ին դա պետք չէ: Նրան պետք է գործել այնպիսի շուկայում, որի վրա ինքը ներազդելու որեւէ լծակ չունի: Բոլորից լավ իմանալով շուկայի մասին ինֆորմացիան` ԿԲ-ն կարող է իշխել շուկայում, ինչը շատ վտանգավոր է, քանի որ առաջանում է սուբյեկտիվ գործոն»,- ասում է Է. Սանդոյանը: Նրա կարծիքով, սկզբնական փուլում ԿԲ-ի խնդիրը պետք է լինի այս ինստիտուտի ձեւավորումն ու զարգացումը (իսկ դրա համար մի քանի տարի է անհրաժեշտ), եւ այնուհետեւ անպայման «ազատվի» դրանից: Պրն Սանդոյանը բերեց մեկ համեմատություն. «Ջերմոցում, որի պայմանները սկզբնական շրջանում անհրաժեշտ են, բույս ենք տնկում, մեծացնում, բայց հետո այն տանում ենք անտառ, որպեսզի այնտեղ շարունակի աճել: Սակայն կարող է այդ բույսը շատ բուրումնավետ լինի, եւ ջերմոցը չկարողանա դրանից հրաժարվել»:

Ամեն ինչ հնարավոր է

Փորձեցինք այս առնչությամբ պարզաբանում ստանալ ԿԲ նախագահ Տ. Սարգսյանից: «Հնարավոր է, որ ժամանակին միասնական ֆինանսական վերահսկողության մարմինը տարանջատվի ԿԲ-ից: Առաջիկա 2-3 տարիների ընթացքում նոր հայեցակարգ կներկայացնենք Ազգային ժողով, եւ այնժամ պարզ կդառնա, թե հնարավոր ո՞ր մոդելներից մեկով կզարգանա Հայաստանի միասնական ֆինանսական վերահսկողության մարմինը»,- ասաց գլխավոր ֆինանսիստը:

Հ.Գ. Հուսով ենք, որ ջերմոցի բույսն այնուամենայնիվ բուրումնավետ չի լինի եւ որոշ ժամանակ հետո «կուղեւորվի» անտառ: