Կարեւորագույն հարցերի շուրջ, առանց լուրջ առաջընթացի, ավելի քան չորս տարվա բանակցություններից ու Քանկուն քաղաքում կայացած Նախարարական վեհաժողովի ձախողումից հետո, Հոնկոնգից մեծ սպասելիքներ չկային: Առեւտրի համաշխարհային կազմակերպության դեկտեմբերյան հանդիպումն աշխուժություն հաղորդեց Հոնկոնգում Դոհայի զարգացման օրակարգի առեւտրային բանակցությունների հարցերին:
Գրանցվել է առաջընթաց, քանզի ավելի քան 150 երկրներ հավաքվել էին համաշխարհային առեւտրային համակարգում զարգացող երկրներին նոր մասնաբաժին տալու եւ գյուղատնտեսական ու արտադրական ապրանքների ու ծառայությունների ազատ շրջանառության խոչընդոտները վերացնելու ճանապարհին առաջ շարժվելու նպատակով:
Մենք կարողացանք գյուղատնտեսական արտահանման սուբսիդիաների վերացման վերջնաժամկետ սահմանել 2013թ. ու համաձայնության եկանք զարգացման մի շարք նախաձեռնությունների շուրջ: Առավել հատկանշական է, որ առեւտրի նախարարներն ընդունում էին, որ չենք կարող բաց թողնել համաշխարհային առեւտրային համակարգին նոր լիցք հաղորդելու, տնտեսական աճը խթանելու ու միլիոնավոր մարդկանց աղքատության ճիրաններից հանելու մեր սերնդին տրված այս բացառիկ հնարավորությունը: Հոնկոնգում մեր ստանձնած պարտավորությունների արդյունքում հիմա առավել ամուր համաձայնություն է կայացել այն հարցի շուրջ, որ առավել բաց առեւտուրը զարգացման կարեւորագույն գործիք է:
Միաժամանակ, մենք դեռ շատ անելիք ունենք, որպեսզի եկող տարվա վերջին ապահովենք Դոհայի պարտավորությունների հաջող ելքը: Միացյալ Նահանգները կշարունակի հանդես գալ առաջնորդող դիրքերում:
ՄԱԿ-ում աշնանն ունեցած իր ելույթում նախագահ Բուշը շարադրեց բաց առեւտրի համարձակ մի տեսլական, որը նորովի զարկ կտա տնտեսական աճին` հույս ու բարեկեցություն սփռելով զարգացող աշխարհում: Մենք համոզված ենք, որ շուկայի մատչելիության մեծացումը, մասնավորապես գյուղատնտեսության համար, առանցքային է վերջնական համաձայնագրի համար: Ես դրանում առավել համոզվեցի Հոնկոնգում մեր առեւտրային գործընկերների, մասնավորապես աֆրիկյան, ասիական ու լատինաամերիկյան գործընկերների հետ խորհրդակցելիս: Ինչպես տեսնում ենք Համաշխարհային բանկի ուսումնասիրություններից, զարգացող երկրներին ամենամեծ օգուտը կբերի իրենց գյուղատնտեսական ապրանքների համար շուկաների բաց լինելը: Ավելին, սակագների խիստ կրճատման ու գյուղատնտեսական ապրանքների քվոտաների բացման համաձայնությունը ճանապարհ կհարթի Դոհայում առաջ քաշված մյուս խնդիրների, մասնավորապես` առեւտուրը խաթարող գյուղատնտեսական սուբսիդիաների կրճատման, արդյունաբերական ապրանքների սակագների կրճատման ու ծառայությունների համար նոր հնարավորություններ ապահովելու ասպարեզում հաջողության հասնելու համար: Մենք պետք է կրկնապատկենք մեր ջանքերը բոլոր հարցերի շուրջ, սակայն Դոհայի պայմանավորվածությունների հաջողության շարժիչ ուժը գյուղատնտեսությունն է:
Այն, որ Միացյալ Նահանգներն առավել լավատես է Հոնկոնգից հետո, պայմանավորված է այն փաստով, որ այս հանդիպումն օգնեց զարգացող երկրներին, մասնավորապես զարգացման ամենացածր մակարդակում գտնվող երկրներին, համաշխարհային առեւտրային համակարգում ավելի մեծ մասնաբաժին հատկացնել: Սա հնարավոր դարձավ զարգացմանը նպաստող մի շարք առեւտրային ձեռնարկների շնորհիվ:
Մենք պաշտոնապես շրջադարձային քայլ կատարեցինք հեղինակային իրավունքի հետ կապված կանոնների ասպարեզում, որը հավասարակշռում է հեղինակային իրավունքների պաշտպանության ու հիվանդություններից առավել տուժած վայրերին կենսական կարեւորության դեղամիջոցներ հասցնելու կարիքները: Սա հատկապես կարեւորվում է այն երկրների համար, որոնք պայքարում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի ու առողջական այլ ճգնաժամերի դեմ:
Բացի այդ, երկրները վերահաստատեցին զարգացման իրենց պարտավորությունները` նշանակալի նկատառումներ ունենալով, այսպես կոչված, «առեւտրային օգնության» վերաբերյալ: Սա կօգնի ձեւավորել իրավական, վարչական եւ ֆիզիկական ենթակառուցվածքներ, որոնք անհրաժեշտ են զարգացող երկրների լիակատար մասնակցությունը շուկաներում ապահովելու համար, որին փորձում են հասնել Դոհայում ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործմամբ: Միացյալ Նահանգները հպարտ է, որ առաջնորդող դիրք է գրավում աշխարհում այս օժանդակության ցուցաբերման հարցում` Դոհայի պայմանավորվածությունների շրջանակում: Մենք հայտարարել ենք առաջիկա հինգ տարիներին մեր կողմից տրամադրվող միջոցները կրկնապատկելու մասին` դրանք տարեկան մոտավորապես 1,3 միլիարդ ԱՄՆ դոլարից դարձնելով տարեկան 2,7 միլիարդ:
Բացի այդ, մենք պարտավորվեցինք աշխարհի ամենաաղքատ երկրներից ստացվող ապրանքների նկատմամբ կիրառել վճարումներից/քվոտաներից ազատ ռեժիմ: Միացյալ Նահանգներն արդեն աշխարհի ամենամեծ բաց շուկան է այդ ապրանքների համար: Հոնկոնգում բոլոր զարգացած երկրները համաձայնեցին առավել մեծ առեւտրային հնարավորություններ տալ զարգացող երկրներին:
Ավելին, նախադրյալներ ձեւավորվեցին ծախսատար ու խրթին մաքսային ընթացակարգերը կրճատելու համար: Սա կկրճատի ծախսերն ու կհեշտացնի առեւտուրը զարգացող երկրների միջեւ, ինչպես նաեւ` կօգնի ներգրավել օտարերկրյա ներդրումներ: Երկու տարի առաջ Քանկունում կայացած ԱՀԿ բանակցությունների ժամանակ առեւտրի հեշտացման հարցն ամենադժվարինն էր, սակայն Հոնկոնգում, երկրների տաբեր խմբերի աշխատանքի շնորհիվ, մենք իրական առաջընթաց գրանցեցինք:
Հոնկոնգում ապշեցնող էր զարգացման տարբեր աստիճաններում ու աշխարհի տարբեր ծայրերում գտնվող երկրների համագործակցությունը: Վաղուց ի վեր գոյություն ունեցող այն պատկերացումը, որ աշխարհը բաժանված է աղքատ ու հարուստ երկրների, Հյուսիսի ու Հարավի, փոխարինվում է մի նոր համակարգով, որտեղ տարբեր երկրներն աշխատում են միասին եւ ձգտում են հասնել ընդհանուր նպատակներին:
Օրինակ` Հոնկոնգում զարգացման հարցերի շուրջ Միացյալ Նահանգներն աշխատում էր տարբեր երկրների հետ` սկսած Զամբիայից մինչեւ Ճապոնիա: Գյուղատնտեսական շուկայի մատչելիության ու գյուղատնտեսական արտահանման սուբսիդիաների վերացման հարցի շուրջ մենք սերտորեն աշխատում էինք Լատինական Ամերիկայի, Աֆրիկայի, Ասիայի 20 զարգացող երկրների խմբի հետ: Ծառայությունների դիտարկման մասով մեր նպատակները նույնական էին Հնդկաստանի ու Չիլիի հետ, իսկ արդյունաբերական սակագների կրճատման հարցի շուրջ մենք աշխատում էինք Եվրոպայի ու Կորեայի մեր գործընկերների հետ:
Հոնկոնգում վերահաստատվեց կանոնակարգված բազմակողմ առեւտրային համակարգի ու խաղաղ առեւտրի ընդլայնման կարեւորությունը: Ներկայումս ԱՀԿ 150 անդամ երկրները պետք է համախմբվեն` ապահովելու իրական առաջընթաց Դոհայում նախանշված հիմնարար հարցերը միմյանց հետ շաղկապելու շուրջ: Դրանում իրենց ներդրումը պետք է ունենան բոլոր անդամ երկրները: Եթե սա նոր տարվա սկզբներին տեղի չունենա, ապա մենք կարող ենք կորցնել համաշխարհային տնտեսական աճն ընդլայնելու ու աղքատությունը մեղմելու բացառիկ հնարավորությունը:
6 հունվարի, 2006թ., «Վաշինգթոն Թայմս»