«Միայն թե երեխաս իրեն լավ զգա …»

21/01/2006 Սուրեն ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ, ArmeniaNow

Խմբոյանների ընտանիքը կարողանում է քիչ թե շատ հոգալ ամենօրյա կարիքները: Եվ չնայած բազմաթիվ հոգսերին, մայրը` Ելենան, ասում է, որ նրանց միակ «դարդ ու ցավը» որդին է` 23-ամյա Ռոմանը, որին 6 տարեկանում ախտորոշել են իբրեւ բնածին սկոլիոզով հիվանդ:

Սկոլիոզը ողնաշարի դեֆորմացիա է, որը խորանալով` ազդում է ներքին օրգանների աշխատանքի վրա: Ռոմանը հիվանդ է սկոլիոզի բարդ տեսակով: Նա արդեն հինգ անգամ վիրահատվել է, սակայն վիճակը միայն բարդանում է: Բժիշկներն արդեն հույսները կտրել են տղայից` ասելով, որ էական շտկում հնարավոր է միայն թանկ վիրահատության միջոցով, որի հնարավորությունն ընտանիքը չունի: Ռոմանի հայրը`

59-ամյա Վոլոդյան, բարձրագույն գյուղատնտեսական կրթություն ունի, բայց հիմա ստիպված բանվորություն է անում, թեեւ դա էլ միշտ չի լինում: Նա եւ կինը` 51-ամյա գործազուրկ Ելենան, ծնվել ու մեծացել են Շիրակի մարզում, տեղափոխվել են Երեւան դեռ 70-ականներին, իսկ 1982-ից ապրում են 3-սենյականոց բնակարանում Երեւանից մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Քասախ գյուղում (Կոտայքի մարզ): Ռոմանն ունի երկու քույր, որոնք ամուսնացած են, ունեն երեխաներ եւ ապրում են` հազիվ ծայրը ծայրին հասցնելով: Այնպես որ, նրանցից ոչ մի օգնություն չի ակնկալվում:

Դեռ 1989 թվականին, երբ բժիշկները հաստատել են Ռոմանի ախտորոշումը, Վոլոդյան որոշ քայլեր էր ձեռնարկել, որ թեթեւացնի որդու վիճակը, բայց Խորհրդային Միության փլուզումը խառնեց ընտանիքի ծրագրերը: «Երբ իմացանք, որ Ռոմանը հիվանդ է, դեռ սովետական տարիներին ավանդ բացեցինք` բուժման համար փող հետ գցելով: Բայց ավանդները սառեցվեցին: Դրանից հետո մեր ամբողջ կյանքը նվիրված է եղել Ռոմանի բուժման կարիքները հոգալուն»,- ասում է Վոլոդյան: «Հիմա մեզ ոչ մի բան պետք չէ,- ավելացնում է Ելենան,- միայն թե երեխաս իրեն լավ զգա»:

Մայրն ասում է, որ Ռոմանի առողջական վիճակը խանգարել է նրան դեռ դպրոցում: «Նրանից ավելի մեծ ճիգեր էին պահանջվում ուսման մեջ, բայց նա միշտ լավ սովորողներից էր»,- հպարտանում է Ելենան: Ռոմանը հատկապես առաջադիմում էր հայոց լեզվից եւ գրականությունից: Դպրոցից հետո ավարտել է արդյունաբերական քոլեջը` ռադիոէլեկտրիկ մասնագիտությամբ: Միաժամանակ հաճախել է հաշմանդամների «Փյունիկ» միություն, որը հրաշալի միջավայր էր նրա ստեղծագործական ինքնարտահայտման համար:

Մի քանի անգամ «Փյունիկը» օգնել է Ռոմանին ուսման վարձի հարցում: Այնտեղ, ինչպես նաեւ քոլեջում, նա մասնակցել է թերթի հրատարակման աշխատանքներին: Ավարտելուց հետո շաբաթը մեկ անգամ այցելում է «Փյունիկ», արդեն մոտ 200 ստեղծագործություն ունի` մեծ ու փոքր: Այս տարի արժանացել է «Բազե» փառատոնի մրցանակին: «Փյունիկում» Ռոմանին բնութագրում են որպես խելացի, համեստ երիտասարդի եւ կարծում են, որ նա պետք է շարունակի ուսումը` էլ ավելի կատարելագործելով իր ունակությունները: Ռոմանը երրորդ կարգի հաշմանդամ է, 3200 դրամ (մոտ 7 դոլար) թոշակ է ստանում պետությունից, որը չնչին գումար է, եթե համեմատենք Ռոմանի ծախսերի հետ: Իսկ ընտանիքը, որն առանց այն էլ պարտքերի մեջ է, ի վիճակի չէ լիարժեք պայմաններ ստեղծել Ռոմանի համար: «Էդ գումարն էլ ջանդամ, ասում եմ` երեխան լավ լինի, իրեն լավ զգա»,- ասում է Ելենան: «Հիմա որ ողնաշարը ծռվել է, թոքերը սեղմվել են, որն ազդում է սրտի եւ թոքերի աշխատանքի վրա, ցավ պատճառում: Շատ անգամ սիրտը ծակում է, ես էլ ի վիճակի չեմ նույնիսկ քաղաք տանել»,- ասում է մայրը: Իսկ հայրն ավելացնում է. «Տանը նույնիսկ հեռախոս չկա, որ նոպայի ժամանակ շտապօգնություն կանչենք: 60 բնակարան ունեցող շենքում միայն երկու ընտանիք հեռախոս ունի: Իսկ ձեռքի հեռախոսը շատ կհեշտացներ գործը»: Բայց Ռոմանը չի հուսահատվում եւ շարունակում է գրել: «Ուզում էի դպրոցն ավարտելուց հետո դիմել համալսարանի բանասիրական ֆակուլտետ, բայց միտքս փոխեցի գումարի պատճառով»,- ասում է նա:

Ռոմանը համակարգիչ չունի, բայց համակարգիչ սովորելու եւ տանն աշխատելու ցանկությունը մեծ է: Ռոմանին առայժմ չի հաջողվում աշխատանք գտնել, բայց նա ասում է, որ հիմա էլ աշխատում է պարապ չմնալ. ազատ ժամանակ շախմատ է խաղում, ձգտում է շատ բաներ ինքնուրույն անել: Նաեւ օրը մի քանի բանաստեղծություն է գրում իր համար` որպես արտահայտվելու միջոց: «Հիմա միայն համակարգչային Word ծրագրով եմ կարողանում աշխատել: Համակարգիչը կօգնի թե ուսման պատրաստվելու, թե հետագայում տանն աշխատանք ունենալու հարցում»,- ասում է Ռոմանը: Նա ասում է, որ շփվում է հասակակիցների հետ եւ ունի մի քանի ընկեր, ովքեր հասկանում են իրեն: Իսկ մյուսների հետ… «Դե, այնպես եմ անում, որ խնդիրներ չլինեն»,- ասում է նա: «Շատ եմ ուզում, որ գործերս հասնեն ընթերցողին: Որոշ մարդկանց նախաձեռնությամբ ինձ հաջողվել է բանաստեղծություններիցս մի քանիսը տպագրել թերթերում, որից հետո այլեւս այդպիսի հնարավորություն չեղավ,- ասում է Ռոմանը: – Սպասում եմ այն երջանիկ օրվան, երբ մեկնումեկը իր ձեռքը կառնի իմ տետրը եւ կթափանցի սիրտս»:

Ռոմանի բանաստեղծությունները շատ հուզիչ ու խորն են: Նա գրում է իր զգացմունքների, Հայրենիքի, սիրո մասին: Ելենան ասում է, որ հասկանում է որդուն, այն ամենը, ինչ կատարվում է նրա ներաշխարհում: «Մեկ-մեկ մեզ համար կարդում է իր բանաստեղծությունները: Դա Ռոմանի համար միջոց է իր ներաշխարհն արտահայտելու համար: Մեկ-մեկ էլ քաշվում է, չի կարդում, բայց ես որպես մայր գիտեմ, թե ինչ ապրումներ ու զգացմունքներ ունի հոգու խորքում»,- ասում է Ելենան: