Թռչնագրիպը` զբոսաշրջիկներին Եվրոպա տանելու միջո՞ց

21/01/2006 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Փողոցում, տրանսպորտի մեջ, աշխատանքի վայրում բոլորը խոսում են այդ հիվանդությունից եւ իրար խորհուրդ են տալիս հանկարծ հավի միս եւ ձու չուտել: Քաղաքի ինֆորմացված բնակիչները զանգահարում են գյուղաբնակ հարազատներին ու խորհուրդ են տալիս անմիջապես մորթել եւ ուտել հավերը, քանի դեռ գրիպը նրանց չի տարել, իրենց էլ չի կպել: Ոստիկանական ամփոփագրի նման արդեն յուրաքանչյուր օր հրապարակվում է, թե Հայաստանում քանի թռչուն է սատկել, կամ սատկելու պատճառը աղիքներում կուտակված ճիճո՞ւն է եղել, սալմոնելո՞զը, կեղծ ժանտա՞խտը, թե՞ խեղճ թռչունը ավտովթարի զոհ է դարձել: Քաղաքական որոշ ուժեր էլ` իրենց համար խոսելու թարմ թեմա գտնելով՝ հայտարարում են, որ թռչնագրիպն արդեն Հայաստանում է, ուղղակի մեզ չեն տեղեկացնում: Այս ամենին հակառակ` մեր պաշտոնյաները մեզ հավատացնում են, թե Հայաստանում թռչնագրիպ չկա, համենայնդեպս, դեռ չի հայտնաբերվել: Արդյունքում` թռչնամթերք սպառողներն արդեն ահաբեկված են: Նրանք պարզ տրամաբանությամբ մտածում են, թե քանի որ մեր քթի տակ՝ Թուրքիայում հիվանդությունը կա, ու արդեն 18 հոգի են մահացել, ուրեմն վիրուսը թափանցած կլինի նաեւ Հայաստան: Դեռ չի հայտնաբերվել: Բայց մի օր հաստատ լույս աշխարհ է գալու: Խանութներում կտրուկ նվազել է թռչնամթերքի վաճառքը: Եվ զգացվում է, որ արտադրողներն արդեն խուճապի մեջ են, ոչ այնքան թռչնագրիպից, որքան որ սպառում չունենալու եւ ֆինանսական մեծ կորուստներ ունենալու վերահաս վտանգից: Նրանք նույնիսկ ստեղծել են Հայաստանի թռչնաբուծական ընկերությունների միացյալ կոմիտե եւ հանդես են եկել հայտարարությամբ, թե «Հայաստան թռչնի գրիպի հնարավոր մուտքի եւ դրա հնարավոր տարածման շուրջ արտահայտվող կանխատեսումները չափազանցեցված են»: Նրանցից յուրաքանչյուրը հավատացնում է, թե իրենք դեռեւս օգոստոսից, երբ Ռուսաստանում էր հայտնաբերվել հիվանդության դեպքը, իրենց ֆաբրիկաներում «կարանտինային խիստ ռեժիմ են սահմանել, պահպանում են սանիտարահիգիենիկ արեւմտյան բոլոր ստանդարտները, եւ թռչնագրիպի թափանցումը բացառվում է»: Արտադրողները սպառողներին կոչ են անում զերծ մնալ կասկածելի եւ ոչ նշագրված թռչնամթերքն օգտագործելուց եւ վստահել իրենց, քանի որ իրենց մթերքը համապատասխանում է բոլոր պահանջներին: Բայց սպառողներից քչերը պրովոկացիայի չեն ենթարկվում եւ շարունակում են ուտել իրենց սիրելի ձվածեղը կամ տապակած հավը: Խանութներում կամ հասարակական սննդի օբյեկտներում նույնիսկ անեկդոտ է շրջում, թե առաջարկած հավն արդյո՞ք թռչնագրիպից չի սատկել:

«Հիշո՞ւմ եք, որ Հայաստանում 90-ական թվականներին ձվի պրոբլեմ կար, ներկրում էին Թուրքիայից,- ասում է «Մաքս կոնցեռնի» նախագահ Խաչիկ Մանուկյանը: -Հիմա մենք՝ արտադրողներս, այդ պրոբլեմը վերացրել ենք: Այսօր մենք Հայաստանի ձվի պահանջարկն ամբողջությամբ բավարարում ենք, եւ նույնիսկ Վրաստան էլ ենք արտահանում: Հիշո՞ւմ եք, որ տարիներ առաջ մեր ժողովուրդն ամանօրյա տոներից մի երկու շաբաթ առաջ էր սկսում ձու առնել, որովհետեւ դեկտեմբերի վերջին արդեն հնարավոր չէր ճարել: Իսկ անցած եւ այս երկու տարիներին այդ պրոբլեմն արդեն չկար: Այդ կոմֆորտը մենք ստեղծեցինք: Բազմաթիվ աշխատատեղեր էլ ենք ստեղծել եւ որակյալ սնունդ ենք ապահովում: Բայց այսպիսի խուճապը լուրջ վտանգ կարող է ստեղծել մեզ համար եւ քանդել մեր երկար տարիների աշխատանքը»:

Այս մտահոգությունը տեղին է, որովհետեւ խանութներում նույնիսկ «բանիմաց» վաճառողներն իրենց «մտերիմ ու անտեղյակ» գնորդներին բարեկամաբար խորհուրդ են տալիս հավ եւ ձու չգնել: Իսկ մասնագետները վստահեցնում են, որ ձուն կարելի է ուտել ցանկացած վիճակում, իսկ միսն, ինչպես միշտ, եփել եւ առանց վախենալու ուտել:

«Մամուլով գնացող այդ ինֆորմացիաները չափազանցեցված են,- ասում է Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային կենտրոնի տնօրեն Շմիդտ Վարդապետյանը: -Գրիպն արձանագրվել է մի քանի երկրներում՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ռումինիայում, Հեռավոր Ասիայի երկրներում, Թուրքիայում: Մեզ մոտ դեռ չի արձանագրվել: Մեզ մոտ ուշադիր ենք եղել, ամեն մի թռչնի անկում, դա կլինի կաքավ, աղավնի, թե ընտանի թռչուն, մարզերի ամենահեռավոր կետերից էլ բերել եւ ուսումնասիրել ենք: Թռչնագրիպ դեռ չենք հայտնաբերել: Որ օրը որ հայտնաբերվեց, ես ինձ պատասխանատու եմ զգում տեղեկացնել ողջ բնակչությանը»:

Ստեղծված խուճապի համար թե՛ արտադրողները, թե՛ պրն Վարդապետյանը մեղադրում են լրագրողներին: Նրանք այնքան էլ չեն հավատում, որ Թուրքիայում տեղի ունեցածը թռչնագրիպ է: «Թուրքիայի թռչնի գրիպի մասին ռեպորտաժում կադրում ցույց են տալիս, որ մի քանի մարդ ընկել են հիվանդ աքլորի հետեւից, բայց չեն կարողանում բռնել,- ասում է Շ. Վարդապետյանը: -Եթե այդ աքլորը հիվանդ էր, էդ ո՞նց էր այդպես վազում, որ չկարողացան բռնել: Թռչնագրիպից, հիվանդ թռչունների մասսայական ոչնչացումից են խոսում, բայց ընդամենը մեկ-երկու հավ են ցույց տալիս: Եթե համաճարակ է, ինչո՞ւ հիվանդ շատ հավեր չեն ցույց տալիս: Թուրքական Արալիկ գյուղը մեր Շիրազլու գյուղից մի քանի կմ է հեռու: Եթե այնտեղ համաճարակ լիներ, ապա ներմուծման կամ շփումների արգելումը կամ մաքսակետերի ախտահանող միջոցառումներն էլ չէին փրկի, եւ վիրուսն օդով արդեն մեզ մոտ էր հասել»:

Սակայն նեղ շրջանակներում մեկ այլ կարծիք էլ է շրջանառվում: Մասնագետները հուշում են, որ Թուրքիա վերջին տարիներին այցելել են մոտ 30 մլն զբոսաշրջիկ: Այդ երկիրը զբոսաշրջության համար ավելի մատչելի ու գրավիչ է դարձել, քան եվրոպական ավելի զարգացած երկրները: Այսինքն՝ Թուրքիան խլել է Եվրոպայի զբոսաշրջիկներին: Եվ կարծիք կա, որ այս ամբողջ աժիոտաժն արհեստածին է՝ զբոսաշրջությունը թուլացնելու համար: Մանավանդ, որ դեռ չհաստատված հրապարակումներ եղան, որ թուրքական նավը սատկած հավերին ծովն է լցրել: Մասնագետներն ասում են, որ այդ երկրում հավաբուծությունն էլ է ավելի զարգացած, քան եվրոպական զարգացած շատ երկրներում: Իսկ այս դեպքերը հարվածեցին Թուրքիայի տնտեսության միանգամից երկու կարեւոր ոլորտների եւ բազմաթիվ միլիոնների վնաս հասցրեցին:

Անկախ այս ամենից` Թուրքիայի կառավարությունը հաստատել է իր երկրում թռչնագրիպի առկայությունը, եւ Հայաստան դրա ներթափանցման վտանգը մեծ է: Յուրաքանչյուր օր մի քանի սատկած թռչուն է հայտնաբերվում եւ հայտարարվում, թե պատճառը թռչնագրիպը չէ: Եթե նույնիսկ Թուրքիայից թռչնագրիպը թափանցի Հայաստան, մասնագետները հավատացնում են, որ հնարավոր է հիվանդությունը տեղայնացնել եւ տարածումը կանխարգելել: Հուսանք, որ այդպես է: