Ֆիլմերը կթարմանան, հետո կթանկանան

21/01/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Իհարկե, «Հայֆիլմ» կինոստուդիայի 80 տարիների ընթացքում նկարահանված ֆիլմերը շարունակում են պետական սեփականություն մնալ, սակայն նրանց ճակատագիրն այսուհետ որոշելու է հիմնադրամը: Պետությունը հեշտությամբ հրաժարվել է իր մշակութային ժառանգությունը տնօրինելուց եւ կինոարխիվը մասնավոր անձանց է հանձնել: Կինաժապավենը արխիվային փաստաթուղթ է, որը պետական սեփականություն է եւ օտարման ենթակա չէ: Սակայն արխիվի մասնավորեցումն այլեւս իրողություն է, իսկ այդ մասնավորեցման օրինականությունը լուրջ ուսումնասիրության պահանջ ունի:

Ֆիլմադարանը վերահսկելու ցանկությունը շատ հասկանալի է, քանի որ «Հայֆիլմի» արտադրած ֆիլմերի ցուցադրման իրավունքը հնարավորություն է տալիս գումար վաստակել:

Ի՞նչ արժե ֆիլմ ցուցադրելը

Ըստ կինոստուդիայի սահմանված գնացուցակի` հայկական բոլոր հեռուստաընկերությունները կարող են մեկ ֆիլմ ցուցադրել` կինոստուդիային նվազագույնը 30 դոլար վճարելով: Այդ մասին պատմեց կինոստուդիայի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը, ով վստահեցրեց, որ բոլոր հեռուստաընկերությունների հետ իրենք տարբեր պայմանագրեր են կնքում եւ որոշակի զեղչային քաղաքականություն վարում: Եթե հեռուստաընկերությունը պարտավորվում է ամսական 10 հայկական ֆիլմ ցուցադրել, ապա նա կարող է այդ իրավունքը ձեռք բերել 100 դոլարով: Կինոստուդիան դա անում է հայկական ֆիլմերը պրոպագանդելու եւ հեռուստադիտողի լայն զանգվածներին հասու դարձնելու համար: «Եթե որեւէ ալիք իրեն պարտավորված է համարում Եղեռնի կամ Անկախության օրն անպայման մեկ հայկական ֆիլմ ցուցադրել, նա պետք է ավելի թանկ վճարի՝ մինչեւ 100 դոլար: Օրինակ, Եղեռնի օրը բոլորն ուզում են «Կարոտ» ֆիլմը ցուցադրել, եւ մենք յուրաքանչյուր հեռուստաալիքին ցուցադրելու իրավունքը տարբեր գներով ենք տալիս»,- ասաց կինոստուդիայի տնօրենը: Միանգամից մի քանի ֆիլմի ցուցադրման իրավունք գնելն ավելի էժան է ստացվում: Հայկական ֆիլմերն ամենահաճախ հայտնվում են «ԱրմենԱկոբի» եւ «Հայրենիքի» եթերում, իսկ, օրինակ, ԱԼՄ-ն ու «Հ-2»-ը դրանք ցուցադրել չեն ցանկանում: Հազվադեպ են դիմում կինոստուդիային նաեւ «Շանթն» ու «Հ1»-ը: Գ. Գեւորգյանը դժգոհ է, որ հեռուստաեթերը լի է արտասահմանյան սերիալներով ու ֆիլմերով, իսկ ազգային ֆիլմերն անտեսված են: Հայկական ֆիլմերի ցուցադրումը, բացի հայ կինոն պրոպագանդելուց, նաեւ գումար է բերում մասնավոր դարձած կինոստուդիային:

«Հ-2» հեռուստաընկերության ծրագրերի տնօրեն Մանյա Մանասերյանն իրենց հեռուստաալիքի եթերում հայկական ֆիլմերի բացակայությունը բացատրեց նրանով, որ իրենք չգիտեն` ո՞ւմ պետք է դիմել ֆիլմեր ցուցադրելու համար. «Մենք չգիտենք՝ ո՞ւմ է պատկանում ցուցադրելու իրավունքը, նախկինում մենք Մշակույթի նախարարություն էինք դիմում, իսկ հիմա պատկերացում անգամ չունենք գների մասին: Մենք Հանրային ալիքի ֆինասավորումը չունենք եւ եկամուտով ենք ապրում: Եթե հայկական ֆիլմերի որակը եւ ցուցադրման գները հարմար լինեն, մենք մեծ հաճույքով «Հայկական կինոյի ժամ» կունենանք»: Հայկական ֆիլմերը եթերում քիչ են հայտնվում, թեեւ կինոստուդիայի տնօրենի վստահեցմամբ` կինոստուդիայի մասնավորեցումից հետո ֆիլմերի ցուցադրման վճարը զգալիորեն նվազել է: Բայց դա ժամանակավոր է:

«Ճիշտն ասած, կինոստուդիան չի էլ ուզում շատ վաճառել ֆիլմերի ցուցադրման իրավունքը, քանի որ ֆիլմերը հին, սովետական ժապավենի վրա են նկարահանված եւ ցածր որակի են: Վերականգնվելուց հետո դրանք կթարմանան եւ հետո արդեն կարող են ցուցադրվել»,- ասաց Գ. Գեւորգյանը: Վերականգնողական սարքավորումներ ձեռք բերելուց հետո «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամը պարտավորված է ֆիլմերը թվայնացնել: Ֆիլմերի ցուցադրումից ստացված գումարը որոշ չափով պետք է փոխհատուցի ֆիլմերի վերականգնման ծախսերը, որոնք անհամեմատ ավելի ցածր կլինեն, քան ակնկալվող շահույթը: Հետագայում արդեն ֆիլմերի որակի բարձրացման հետ զուգահեռ կբարձրացվի նաեւ ֆիլմերի ցուցադրման վճարը: Եվ հիմնադրամը հայկական ֆիլմերի ցուցադրման մենաշնորհ կունենա եւ արդեն իր` շատ ավելի բարձր գները կթելադրի: Ըստ կինոստուդիայի տնօրենի` մեկ ֆիլմի ցուցադրման վճարը կկազմի մոտ 300 դոլար:
Ցուցադրման մենաշնորհ

Ինչի՞ կարող է հանգեցնել մենաշնորհը, բոլորս գիտենք, եւ 300 դոլար առավելագույն վճարը երկար չի մնա: Պարզ չէ միայն` ինչո՞ւ է պետությունն իր մշակութային ժառանգությունն օգտագործելուց կամավոր հրաժարվել: Պահպանելով ֆիլմերի օգտագործման իրավունքը կարելի էր պետբյուջեն հարստացնել եւ միաժամանակ նոր ֆիլմերի արտադրությունը խթանել: Եթե խնդիրը միայն թվայնացման մեջ է, ապա մասնագետների կարծիքով, միեւնույն է, ֆիլմադարանում ֆիլմերը պետք է պահպանվեն ժապավենի տեսքով, քանի որ թվային տեխնիկան օրեցօր ավելի ժամանակակից է դառնում, եւ պահպանման ենթակա են միայն բնօրինակ ժապավենները, որոնք ոչ մի դեպքում ոչնչացվել չեն կարող: Ջերմախոնավության ճիշտ ռեժիմը պահպանելով միայն կարելի է պահպանել հանրության սեփականություն համարվող կինոարխիվը, որի օգտագործումն այլեւս օգուտ չի բերի պետությանը, այլ կհարստացնի մասնավոր սեփականատիրոջը: Ֆիլմերը ժամանակավորապես (քանզի որոշ ժամանակ անց այսօրվա գերժամանակակից տեխնիկան էլ է հնանալու) ժամանակակից դարձնելը շատ շահութաբեր է: