Այս օրերին թռչնագրիպից հետո ամենաքննարկվող թեման ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանին հերթափոխողի ով լինելն է: Եվ մինչ Լ. Ալավերդյանը հույսեր է փայփայում, թե ընդդիմությունն իր թեկնածությունը կառաջադրի ԱԺ գարնանային նստաշրջանի առաջին իսկ նիստում, ու ինքը կվերադառնա իրենից վերցված աշխատասենյակն ու հետ կվերադարձնի իր ծառայողական մեքենան, իշխանություններն արդեն որոշել են, թե ով է զբաղեցնելու նրա պաշտոնը: Այսպիսով, կոալիցիան Ռոբերտ Քոչարյանի հանձնարարությամբ կառաջադրի Պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արմեն Հարությունյանի թեկնածությունը: Իսկ որ նրան խորհրդարանը ձայների մեծամասնությամբ կընտրի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում, կարծում ենք, որեւէ մեկը չի կասկածում: Մեր թղթակցի հարցին, թե որքանո՞վ է հավանական իր նշանակումն այդ պաշտոնին, Արմեն Հարությունյանը պատասխանել է. «Այդ հարցը ինձ չպիտի ուղղեք: Ես ի՞նչ իմանամ` որքանով է դա հավանական»:
Ի դեպ, արդեն որոշված է նաեւ, թե ում է տրվելու Պետական կառավարման ակադեմիայի ռեկտորի պաշտոնը: Այն զբաղեցնելու է ՕԵԿ քվոտայով ՀՀ տարածքային ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի տեղակալ, ԱԺ նախկին փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը: Հուսով ենք, այս անգամ Գագիկ Ասլանյանն իր աշխատասենյակը կունենա եւ ստիպված չի լինի իր կուսակցության գրասենյակն օգտագործել այս անգամ արդեն որպես ռեկտորի աշխատասենյակ: