Բրիտանական հեղինակավոր Jane’s Information Group կենտրոնի վերլուծաբանները վստահեցնում են, որ Ադրբեջանը վերջնականապես հավանություն է տվել ԼՂՀ կարգավիճակի հստակեցման համար հանրաքվե անցկացնելու գաղափարին: JIG-ի վերլուծաբանները պնդում են, որ Հայաստանը հակված է խնդրի փուլային կարգավորմանը: Իսկ դա ենթադրում է ԼՂՀ հարակից տարածքներից զորքերի դուրս բերում: «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ` հակամարտության գոտում քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով պլանավորվում է միջազգային խաղաղապահների տեղակայում: Վերլուծաբաններն ընդգծում են, որ խաղաղ համաձայնությունը մեծ փոխզիջումներ է պահանջում երկու կողմերից էլ: «Նախագահներից ոչ մեկը չի հրապարակել խաղաղ համաձայնագրի մանրամասները, սակայն տեղական եւ միջազգային դիտորդները համոզված են, որ երկու ղեկավարները դեռ երբեք այսքան մոտ չեն եղել վերջնական փոխզիջման»,- նշում են կենտրոնի վերլուծաբանները: Ըստ Jane’s-ի, խաղաղ համաձայնագիրը կպահանջի ավելի մեծ զիջումներ, եւ երկու կառավարությունները պետք է հաղթահարեն կասկածները, ինչպես նաեւ՝ հասնեն այն բանին, որ հասարակական կարծիքը կենտրոնանա ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների վրա: «Թերահավատները համոզված են, որ Ալիեւը եւ Քոչարյանը այն պետական գործիչները չեն, ովքեր ունակ են խաղաղ պայմանագիրը ստորագրել,- նշում են կենտրոնի վերլուծաբանները եւ ավելացնում,- շատ բան կախված կլինի տարածաշրջանի տերություններից: Նախկինում նրանց բախվող շահերը քիչ հավանական էին դարձնում խաղաղ համաձայնագրի ստորագրումը»: