Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել` ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայության եւ Մաքսային պետական կոմիտեի ղեկավարության մասնակցությամբ: Նախագահը նշել է, որ ընթացիկ խնդիրը` պետբյուջեի եկամտային մասի ապահովումը, ծառայությունները կատարել են եւ նույնիսկ` մի քիչ էլ գերակատարել: «Ուզում եմ նաեւ իմանաք, որ նախագահի Վերահսկողական ծառայությունն արդեն չի լինելու ձեր գործընկերն` օժանդակելու առումով, ինչպես անցած տարի էր, այլ` լինելու է զուտ վերահսկողություն իրականացնող մարմին` այդ գործունեությունից բխող բոլոր հետեւանքներով»,- շեշտել է Ռ. Քոչարյանը:
Նախագահն առանձնացրել է մի քանի ուղղություններ, որոնք դեռեւս լուրջ թերությունների տիրույթում են՝ օրինակ, տրանսպորտը եւ հանքերի շահագործումը: Անդրադառնալով մաքսակետերում տիրող ոչ բարվոք վիճակին՝ Ռ. Քոչարյանը բերել է Մեղրիի մաքսակետի օրինակը` նշելով, որ նույն Մաքսային կոմիտեի աշխատանքի շնորհիվ ընդամենը երկու ամսում հնարավոր եղավ իրավիճակը շտկել: «Ուրեմն կարելի էր անել, եւ հարց է առաջանում՝ ինչո՞ւ չեք անում: Ինչո՞ւ պետք է նախագահի կողմից այդ խնդիրը դրվի, նախագահը Իրանի քաղաքացուց ահազանգ ստանա, Վերահսկողական ծառայությունը գնա, տեղում հաստատի, եւ նոր միայն զբաղվեք մաքսակետով»: Նախագահն ավելացրել է, որ հարկային եւ մաքսային մարմինների արդյունավետ աշխատանքն առաջին հերթին նշանակում է երկրի համար սոցիալական հարցերի լուծում` աշխատավարձ, նպաստ, կապիտալ շինարարություն եւ այլն: «Հենց վատ աշխատեցիք, սկսելու ենք ներքին պարտքեր կուտակել: Դրանով է նաեւ պայմանավորված իմ մեծ ուշադրությունը ձեր ծառայությունների նկատմամբ»,- նշել է նա: