Օմբուդսմենն՝ ընդդեմ Նախագահի

16/01/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս տարվա իր առաջին հրամանագրով խախտեց բոլորովին վերջերս հանրաքվեով անցկացված նոր Սահմանադրությունը: Խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կառավարումն իրականացնելու համար ստեղծված ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Ռ. Քոչարյանի` հունվարի 4-ին ստորագրած հրամանագրին: Եվ հիմա Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը ստիպված է ինքն իր իրավունքները պաշտպանել ու արդեն դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան` նախագահի հրամանագրի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու համար:

Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի անցումային դրույթներում ամրագրված է, որ սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո 30-րդ օրը լրանում է առաջին պաշտպանի պաշտոնավարման ժամկետը: Լարիսա Ալավերդյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է հունվարի 5-ին: Սակայն օրենքով հստակեցված չէ, թե դրանից հետո ո՞վ է կատարելու նրա լիազորությունները: Բայց մի բան ակնհայտ է, որ Ռ. Քոչարյանի կայացրած հրամանագիրը հակասում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածին, համաձայն որի` պաշտպանը պետք է ենթարկվի միայն ՀՀ Սահմանադրությանը եւ օրենքներին, պաշտպանը չի ենթարկվում պետական կամ տեղական ինքնակառավարման որեւէ մարմնի կամ պաշտոնատար անձի: Սրանով խախտվում է նաեւ օմբուդսմենի անկախության գաղափարը: Բացի այդ, սահմանափակվում է նաեւ ՀՀ քաղաքացիների` Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եւ նրա աջակցությունը ստանալու իրավունքը: Իսկ մինչ նոր օմբուդսմենի ընտրությունը, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կառավարումն իրականացնելու համար ստեղծվել է երեք հոգանոց ժամանակավոր հանձնաժողով: Վերջինիս կազմում հրամանագրով ընդգրկվել են ՀՀ ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մարտին Զաքարյանն ու Արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար Նունե Խաչատրյանը: Նախագահի հրամանագրի համաձայն` հանձնաժողովի անդամները տիկին Ալավերդյանից վերցրել են բոլոր փաստաթղթերն ու կնիքը, կնքել նրա ու տեղակալի աշխատասենյակները: «Եթե սա ուժի ցուցադրում է, ես ողջունելի չեմ համարում: Սա ավելի շատ թուլության, այն է` իրավաբանական, վարչարարության եւ կառավարման մեջ թուլության մասին է վկայում»,- երեկ հրավիրած մամլո ասուլիսում «երկրի միակ տղամարդու» ստորագրած հրամանագրի վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լ. Ալավերդյանը: Նրա խոսքերով, մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կառավարումը օրենքով նախատեսված կարգով իրականացնում է միայն ինքը` օմբուդսմենը: «Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատանքների հետագա գործունեության վերաբերյալ որեւէ այլ մարմին, բացի ԱԺ-ից, չունի որեւէ այլ լիազորություն»,- ասաց նա: Իսկ այս իրավիճակից դուրս գալու միակ ելքը տիկին Ալավերդյանը համարում է օրենսդրական միջամտությունը: Ավելին, ինքը դեռ նախորդ տարի գրավոր դիմել էր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին` խնդրելով, որ Կառավարությունը «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնություն ներկայացնի ԱԺ նստաշրջանի ժամանակ: Ավելին, տիկին Ալավերդյանը նաեւ ներկայացրել էր համապատասխան նախագիծը, համաձայն որի` «ՄԻՊ-ը, մինչեւ նոր պաշտպանի նշանակումը, շարունակում է իր լիազորությունները»: Բայց այս անգամ եւս մարդու իրավունքների պաշտպանը մնացել է անպատասխան: Տիկին Ալավերդյանը երեկ հայտարարեց, որ ամեն ինչ դեռ կորած չէ: Նա կարծում է, որ Ռ. Քոչարյանն առաջիկայում կարող է անդրադառնալ իր հրամանագրին ու շտկել իրավիճակը, կամ էլ ԱԺ պատգամավորներից որեւէ մեկը առաջիկա նիստի ժամանակ կարող է հանդես գալ համապատասխան օրենսդրական փոփոխության առաջարկով: «Ոչ թե հակադրության եւ մարտահրավերների լեզվով խոսենք իրար հետ, այլ աշխատանքային ռեժիմի մեջ գտնենք այն ճանապարհը, որ թույլ կտա դուրս գալ այս ամոթալի վիճակից: Այստեղ խնդիրը շատ պարզ է եւ ունի շատ պարզ լուծումներ»,- ասաց առաջին պաշտպանը:

Ինչեւէ, այս օրերին օմբուդսմենի գրասենյակը գտնվում է կաթվածահար վիճակում: Երբ 2004թ. Լ. Ալավերդյանը նշանակվեց օմբուդսմեն, հաշվի առնելով նրա ղարաբաղյան ծագումը, շատերը կարծում էին, թե տիկինը հլու-հնազանդ կծառայի իշխանություններին: Սակայն օմբուդսմենն իր տարեկան զեկույցներով ու քննադատություններով հիասթափեցրեց իշխանություններին, իսկ Գլխավոր պողոտայի կառուցապատման նպատակով տեղահան արված ընտանիքների իրավունքները պաշտպանելով ու նրանց հարցը ՍԴ մտցնելով` Լ. Ալավերդյանը «լցրեց» Ռոբերտ Քոչարյանի համբերության բաժակը: Իսկ ինչպե՞ս է այս փաստը մեկնաբանում տիկին Ալավերդյանը: Նրա կարծիքով` Ռ. Քոչարյանի վերաբերմունքի փոփոխման պատճառը Բուզանդ փողոցի բնակիչների սոցիալական իրավունքները պաշտպանելն էր:  

Չնայած այս ամենին, Լ. Ալավերդյանը շարունակում է մասնակիորեն իրականացնել իր լիազորությունները: «Ի՞նչ կա որ, փակված է սենյակը եւ վերցված է մեքենան, ես երբ նոր էի նշանակվել, երեք ամիս աշխատում էի առանց մեքենայի եւ առանց ֆինանսավորման: Իսկ այդ ժամանակ արված ծախսերը դեռ չեն փոխհատուցել»,- ասաց տիկին Ալավերդյանը: Ի դեպ, գրասենյակի ֆինանսավորման վերաբերյալ մարդու իրավունքների առաջին պաշտպանը հայտարարեց, որ իրենց աշխատակիցները չեն կարող ստանալ արձակուրդային գումարները: «Այդ ով է, որ լիազորված է լինելու ստորագրել ֆինանսական, կազմակերպական եւ այս բնույթի նյութերը: Եվ մեր աշխատակիցները, որ գնացել են արձակուրդ, հիմա հնարավորություն չունեն ստանալու իրենց արձակուրդայինը, ինչը մարդու իրավունքների բավական լուրջ ոտնահարում է»,- արձանագրեց օմբուդսմենը:

Հ. Գ. ԱԺ «Արդարություն» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում պատրաստվում է առաջադրել Լ. Ալավերդյանի թեկնածությունը: Իսկ ԱԺ մեկ այլ ընդդիմադիր խմբակցություն` «Ազգային Միաբանությունը», օմբուդսմենի պաշտոնին կառաջադրի իրավապաշտպան Ռուբեն Թորոսյանին: Պատասխանելով լրագրողներից մեկի այս մասին հարցին` Լ. Ալավերդյանն ասաց. «Ես լավ եմ վերաբերվում այն պատճառով, որ իմ աշխատանքը ցույց է տվել` պաշտպանի պաշտոնը բավական մեծ ու ազդեցիկ ուժ է, եւ այսօր այս պաշտոնի համար հավակնորդները շատ են: Ես գտնում եմ, որ սա նորմալ, մրցակցային դաշտ է»: Եվ տիկին Ալավերդյանն ափսոսանք հայտնեց, որ քաղաքացիները չեն կարող իրենք իրենց առաջադրել այդ պաշտոնում: