Ո՞ւր են գնում հայերը

16/01/2006

Այս հարցին կարելի է պատասխանել մեկ այլ հարցով` իսկ ո՞ւր չեն գնում հայերը:  

Բայց քանի որ սա 2006թ. առաջին լավատեսական հոդվածն է, ապա չէի ցանկանա, որ այն լիներ այդքան կարճ:  

Իսկ հայերը միշտ էլ շատ տարբեր ուղղություններով են շարժվել: Առաջ բոլոր հայերը գնում էին Սոչի, հիմա՝ Դուբայ: Օրինակ, Նոր տարուց առաջ մենք բոլորս գնում ենք շուկա, իսկ Նոր տարուց հետո՝ բարեկամների եւ ընկերների տներ: Եթե, իհարկե, մինչ այդ քաղաքից չենք գնացել: Խորհրդային ժամանակաշրջանում հայերը միանշանակ գնում էին դեպի պայծառ ապագա: Այսօր արդեն այդքան միանշանակ չէ: Բոլորը խոսում են, որ ուզում են գնալ դեպի Եվրոպա, սակայն մի մասը գնում է դեպի Ռուսաստան (չնայած այն հանգամանքին, որ ռուսները մեր գազը թանկացնում են), մյուս մասը` դեպի Ամերիկա (վերջիններիս ուզում եմ զգուշացնել, որ թեեւ ռուսները գազը թանկացնում են, բայց առայժմ մեզ «ուկրաինական» գնից էժան են տալիս), իսկ մնացածներն արդեն վաղուց գնացել են կամ Ռուսաստան, կամ Ամերիկա: Չնայած ասում են, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ, բայց հայերը Հռոմ չեն գնում: Ավելին, հայերն անգամ Թուրին չեն գնում: Կամ եթե գնում էլ են, ապա դա անիմաստ ճանապարհորդություն է եւ անիմաստ ծախս հայրենի բյուջեի համար, քանի որ, դժվար թե ձմեռային օլիմպիադայում հայերը 87-րդ տեղից ավելի բարձր արդյունք ցույց տան (այս տարվա հայ օլիմպիականների խորհրդանիշը կլինի. «Գնանք օլիմպիադա, համ էլ Իտալիան կտեսնենք»): Իսկ եթե հիշենք, որ ամառային օլիմպիադայում էլ հայերն առանձնապես «դորդ ու բեշ» չեն անում, ապա կարելի է ենթադրել, որ սպորտի բնագավառում հայերը պետք է գնան Ախտա՝ աշնանային կամ գարնանային օլիմպիադա (վերջապես ինչ-որ մի տեղ մեր բախտը պիտի բերի, չէ՞): Ինչ վերաբերում է արվեստին, ապա հիշելով վաղուց ծեծված հայկական մշակույթի եւ այլազգիների ծառերի թեման, կարելի է միայն ավելացնել, որ երկու հազար տարի հետո հայերը կարող են ասել, որ երբ մենք ռաբիս ունեինք, մնացածների «Բիթլզներն էշ-էշ յեսթըդեյ էին երգում»: Իսկ այսօր հստակ կարելի է ասել, որ մեր մշակույթը վստահ քայլերով գնում է դեպի «պադստանցիա», որտեղ հնուց ի վեր գրված է` «ԿրՑՏՐՏՋվՏ – ցոՖպՑ»: Իսկ մշակույթի նախարար պարոն Հովեյանը չգիտեր, որ երբ ինքը դեռ շարքային հայ «մտավորական» էր, հայ էլեկտրիկներն արդեն ստիպել էին բոլոր հաշվիչներին հետ պտտվել:  

Հայկական գիտությունն ինքն էլ չգիտի, թե ուր է գնում: Որովհետեւ, եթե ուշադիր հետեւենք, թե ով է վերջին տարիներին Հայաստանում թեկնածուական եւ դոկտորական թեզեր պաշտպանում, պարզ կդառնա, որ մեր գիտությունը հասել է մի այնպիսի «լեվելի», որտեղ Վիկտոր Համբարձումյանն ու Մերգելյանը անելու բան չունեն: Եվ եթե մի օր մեր նախարներից մեկը չի պաշտպանում որեւէ թեզ, այդ օրը վարչապետի քունը չի տանում:  

Իսկ ո՞ւր են գնում մեր գործարարները: Նրանց գործը շատ դժվար է: Որովհետեւ նրանք ստիպված են 3-4 տարին մեկ անգամ նոր «տանիք» փնտրել: Որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում «կռիշի» գործն այդքան էլ լավ վիճակում չէ` մեկ ծակվում է, մեկ` փտում: «Խեղճերը» ստիպված են արագ-արագ փոխել իրենց «տանիքները», որ «ջուր չկաթա»: Ինչ վերաբերում է հայ քաղաքական գործիչներին, ապա այնպիսի տպավորություն է, որ վերջին տարիներին նրանք էլ են «տանիքներ» փնտրում: Ընդ որում, եթե մի մասը դա անում է Հայաստանից դուրս, ապա մեծ մասը այդ տանիքները փնտրում են Հայաստանում: Չնայած կան կուսակցություններ, որոնք տեղական շուկայից տեղափոխվել են արտասահմանյան: Օրինակ, «Օրինաց երկիրը» մի քանի տարի առաջ բավական ամուր «տանիք» ուներ Հայաստանում: Բայց այսօր արդեն նրանք դուրս են եկել միջազգային շուկա: Դաշնակներն ու ՀՀՇ-ն «գլխանց» միջազգային շուկայում էին: Իսկ, օրինակ, կոմունիստներն ընդակառակը, դրսից ներս են եկել եւ նեղացրել իրենց շրջանակները` մինչեւ մանր-մունր «ազգային-մարքսիստական մակարդակի»: Իսկ ասենք ՀԺԱՄ-ին, ՄԱԿ-ին կամ «Հզոր Հայրենիքին» հայրենական «տանիքն» էլ է ձեռք տալիս: Առայժմ:

Այս ամենի պատճառը, կարծում եմ, այն է, որ վերջին շրջանում մեր ժողովուրդը աշխատանքային օրերին գնում է ոչ թե աշխատանքի, այլ «կայֆավատ ըլնելու», Սուրբ Ծնունդի օրը գնում է ոչ թե եկեղեցի, այլ կազինո, երեկոյան գնում է ոչ թե տուն, այլ «Վալեմ», համերգ գնում են ոչ թե երաժշտություն լսելու, այլ «թազա սոտըվին ու թույն շորերը ցուցադրելու», թատրոն ընդանրապես չեն գնում: Դե, իսկ «Երեք հրացանակիրները» կամ «Ռոմեո եւ Ջուլիետը» հայ երեխաները վաղուց արդեն ոչ թե կարդում են, այլ նայում: Սակայն լինելով լավատես` ես կարծում եմ, որ եթե հայերը շատ հին ժամանակներից եկել-հասել են 21-րդ դար, ապա սրանից հետո էլ դեռ շատ երկար կգնան: Ուղղակի պետք է հիշենք, որ կան գրված եւ չգրված օրենքներ, որոնցով, չգիտես ինչու, մենք շարժվում ենք ամենուր, բացի Հայաստանից: Եվ եթե մենք փորձենք սովորել մեր եւ ուրիշների սխալների վրա, այլ ոչ թե «եղածն էլ քամուն տանք», ապա հաստատ կգնանք ավելի հեռու, քան մինչ օրս եկել ենք: