Մաքսիմումից եւ մինիմումից անդին

16/01/2006 Պետրոս ՂԱԶԱՐՅԱՆ

2003-ին ընդդիմության հանահավաքներին մասնակցում էր մոտ հարյուր հազար մարդ, 2004-ին` մոտ տաս հազար, 2005-ին` մոտ 2-4 հազար մարդ: 2005 թվականը մեր ընդդիմությունը («Արդարություն» դաշինք, տարբեր X+Y ֆորմատներ) սկսեց եւ ավարտեց «հեղափոխություն» վանկարկելով: Սակայն կարծում եմ, որ ընդդիմությունը 2006թ. մտավ շատ ավելի կորցրած, քան «հեղափոխություն» օպերացիայի տապալման հետեւանքներն էին: Ինչո՞ւ 2005-ին ընդդիմությունը ոչ միայն ձախողեց իր մաքսիմում ծրագիրը, այլեւ չհասավ որեւէ մինիմում արդյունքի:  

Հեղափոխությամբ չծնվածները: Ի սկզբանե ընդդիմությունը «հեղափոխությունը» դարձնելով իր հիմնական այցեքարտը, գաղափարը, կրեդոն, այնպես մոտեցավ հեղափոխության մտքին, կարծես այն բոլորի համար մի պարզ, ակնհայտ եւ հարցեր չառաջացնող երեւույթ էր եւ ողջ խնդիրը նրա իրականացման բնույթն էր (ազգային, արյունոտ, թավշյա, սահմանադրական):

Ի՞նչ է հեղափոխությունը պետական կառավարման համակարգում, կրթության, առողջապահության, սոցիալական կամ էլ բնապահպանության ոլորտներում: Իսկ բանակո՞ւմ, հարկային, մաքսային ծառայություններո՞ւմ: Ի՞նչ է հեղափոխությունը արտաքին քաղաքականության, թուրք-հայկական հարաբերությունների կամ էլ Ղարաբաղի հարցի լուծման մեջ: Վերջապես ի՞նչ է նշանակում հեղափոխություն բարքերի, մշակույթի մեջ, ինչպե՞ս է այն կարգավորելու բարոյական ճգնաժամը կամ կին-տղամարդ փոխհարաբերությունները, որոնք միշտ փոփոխվում են հեղափոխություններից հետո: Այս հարցերի որոնումները ստորադասվեցին նախագահի եւ նրա մի քանի մերձավորների դեմ բանավոր ու գրավոր թուքումուրին: Դե ինչ, թուքումուրը նույնպես քաղաքական կատեգորիա է, բայց այն հասկանալի չի դարձնում հեղափոխությունը (ապագան), որքան էլ մասսաները չվստահեն իշխանություններին:

Ինչու լռեց Ավրորան: Ամերիկացի տեսաբան Է. Վալեշտայնը իր «Լիբերալիզմից հետո» աշխատության մեջ նշում է, որ դեռեւս արդիական է Մարքսի այն տեսությունը, համաձայն որի` հասարակության շարժիչ ուժը դասակարգային պայքարն է, իսկ մնացած կոնֆլիկտները (էթնիկ, գենդերային, սեռական, կրոնական) ի վերջո հանգում են դասակարգայինին: Մեր ընդդիմությունն այս առումով մարքսիստական էր: Եթե պարզեցնենք, ընդդիմությունը կոչ էր անում բոլոր նրանց, ովքեր ապրում են աղքատ եւ անարդարության պայմաններում, դուրս գալ պայքարի ընդդեմ հարստահարողների եւ անարդարություն իրագործողների: Իսկական դասակարգային պայքար:

Բայց: Ընդդիմությունը հաշվի չառավ, որ անարդարություններից դժգոհ են ոչ միայն «զանգվածները», այլեւ միջին եւ բարձր խավի զգալի մասը, իսկ նրանց համակրանքը գրավելու համար անհրաժեշտ է նախ իմաստավորել նրանց դերակատարումը, ապա առավել լուրջ կոնցեպցիա ներկայացնել, քան այս կամ այն պաշտոնյային իշխանությունից ամեն գնով հեռացնելու կոնցեպտուալ դատարկ տեսլականը:

Սակայն ընդդիմությունը կորցրեց նաեւ աղքատ եւ ոչ ինտելեկտուալ զանգվածի լիարժեք առաջնորդի իր դերը: Սոցիալապես ստորադասված խավերը, եթե չունեն քաղաքական մեծ գրագիտություն, փոխարենն ունեն զարգացած բնազդ: Իսկ բնազդը, թեկուզ դանդաղ, բայց գործում է: Նրանք հասկացան, որ թե Դեմիրճյանն ու Գեղամյանը, թե Արամ Զավենիչն ու վերարկուն օգնականի մատուցմամբ հագնող Արամ Կարապետյանը «հալածյալների» քաղաքական կամքի կրողը լինելու հնարավորությունը կորցրել են, համենայնդեպս, Կարապետիչի մեղրամիսը «զանգվածների» հետ առավել էր ձգում կարմիր խնձորի (Կարապետիչի անհասկանալի մոմավառությանն ավելի շատ մարդ եկավ, քան ընդդիմության «հեղափոխական» հանրահավաքներին):

Ձախողված կոլեկտիվացում: 2005-ին ընդդիմությունը չստեղծեց քաղաքական որոշումներ կայացնելու էֆեկտիվ մեխանիզմներ: Ինչո՞ւ: Որովհետեւ ընդդիմությունը չիմաստավորեց եւ ոչ մի քայլ առաջ չգնաց ներկուսակցական դեմոկրատական ինստիտուտները զարգացնելու համար: Հայաստանում գրեթե բոլոր կուսակցությունները նման են սպը-ների` լիբերալ, ազգայնական, կոմունիստական թե սոցիալիստական, ինչը ենթադրում է ավտորիտարություն: Բացառությո՞ւն է ընդդիմությունը, իհարկե` ոչ: Իսկ ավտորիտար կուսակցությունների հանրույթը («Արդարություն» դաշինք, «18+8» եւ այլն) չի կարող էֆեկտիվ կառավարման, պլանավորման ինստիտուտներ ստեղծել, նրան բնորոշ են անձնավորված հարաբերությունները, ինտրիգները եւ պառակտումները, ինչը երեւաց ողջ 2005-ի ընթացքում: Ինչո՞ւ են իշխանությունների քաղաքական որոշումները հաճախ անհասկանալի, ոչ թափանցիկ եւ անորակ: Որովհետեւ նրանք կայացվում են ոչ թե քաղաքական մարմիններում, որոնք ֆորմալ տեսակետից նախատեսված են այդ որոշումները կայացնելու համար (ԱԺ, կառավարություն, կուսակցությունների քաղաքական խորհուրդներ), այլ կուլիսներում, զանազան կաբինետներում: Տարբե՞ր է ընդդիմության` քաղաքական որոշումներ կայացնելու ֆորմուլան, իհարկե` ոչ: Ինչո՞ւ էին ընդդիմության քաղաքական որոշումները (օրինակ` հուժկու հանրահավաք անել) անտեսվում բազմահազարանոց կուսակցականների կողմից, որովհետեւ այդ որոշումները լեգիտիմության բավարար ուժ չունեին կուսակցական մասսաների համար: Դրանք կուսակցությունների առաջնորդների եւ լավագույն դեպքում մի քանի մերձավորների կայացրած որոշումներ էին: Մենք ունենք կուսակցական օլիգարխիա, եւ ընդդիմությունը բացառություն չէ:

Ոչ ապրիլյան թեզիսներ: 2006-ին դրված է ներկայիս ընդդիմության ոչ թե քաղաքական կշռի, այլ լինել-չլինելու հարցը: Լինելու համար անհրաժեշտ է լուծել մի քանի խնդիր:

ա) աշխարհայացքային-գաղափարական,

բ) ներքին, կուսակցական ֆունկցիոնալության, որը հնարավոր է ներկուսակցական դեմոկրատական ինստիտուտների զարգացմամբ,

գ) միջկուսակցական ինտեգրացիայի զարգացում, ընդհուպ՝ մեկ միավորի ստեղծում,

դ) պրագմատիկ ռազմավարության մշակում եւ կիրառում։

Եթե ընդդիմության լիդերները ուժ չգտնեն վերը շարադրված խնդիրները քննարկելու եւ լուծումներ գտնելու համար, ապա կա եւս երկու ճանապարհ` կամ հեռացում քաղաքական բեմից, կամ առնետավազք, որի հոտն, իմիջիայլոց, արդեն զգացվում է: