Հունվարի 1-ից ներդրվել է միասնական ֆինանսական վերահսկողության համակարգը, որի համաձայն` ֆինանսական շուկայի երեք ոլորտները` բանկերը, ապահովագրությունը եւ արժեթղթերի շուկան վերահսկվելու են մեկ մարմնի` ԿԲ-ի կողմից: ՀՀ նախագահը մասնավորապես նշել է, որ այս առումով բավական լիազորություններ են տրված ԿԲ-ին, եւ իր մտահոգությունն է հայտնել, որ «երբ մեկ մարմնում այդքան լիազորություններ են կուտակվում, ապա պետք է դրանք չչարաշահվեն»: Նախագահը նաեւ կոչ է արել ԿԲ-ին այնքան չխրվել առեւտրային բանկերի առօրյա գործերի մեջ, որ խանգարի համակարգին: Ի՞նչ է ենթադրում միասնական վերահսկողությունը, եւ ո՞րն է երկրի ղեկավարի մտահոգության պատճառը:
2005թ. դեկտեմբերի 8-ին ԱԺ-ն ընդունել է «Ֆինանսական կարգավորման եւ վերահսկողության միավորված համակարգի ներդրման մասին» ՀՀ օրենքը, որի համաձայն` 2006թ. հունվարի 1-ից լուծարվել է հայաստանյան ֆինանսական ոլորտում 5-ամյա պատմություն ունեցող Արժեթղթերի հանձնաժողովը, եւ դադարեցվել են պետական իրավասու մարմնի լիազորությունները` կապված ապահովագրական գործունեություն իրականացնողների, գրավատների լիցենզավորման, կարգավորման եւ վերահսկողության հետ: Նշված մարմինների բոլոր լիազորություններն իրավահաջորդությամբ վերապահվել են ԿԲ-ին: Ինչո՞ւ հենց այս կառույցին: Բացատրությունը հետեւյալն է. Հայաստանի ֆինանսական համակարգում գերիշխող դիրք ունեցողը բանկային ոլորտն է:
Միասնական ֆինանսական վերահսկողության համակարգի ներդրումն արդարացնելու համար ԿԲ-ն բերում է իր հիմնավորումները: «Վերջին 2 տասնամյակում մարդկանց մտահոգում են այնպիսի հարցեր, ինչպիսիք են` բանկում խնայողություն կուտակելը, ապահովագրական ընկերությունում կյանքն ապահովագրելը, պետական արժեթուղթ կամ կազմակերպության բաժնետոմս գնելը, բանկից հիպոթեքային վարկ վերցնելը, որը ստանալու համար պահանջվելու է կյանքի եւ գույքի ապահովագրություն: Մասնագետների կարծիքով` ֆինանսական ծառայություններն այնքան են զարգացել, որ հաճախ դժվար է տարանջատել դրանց որպես բանկային, ապահովագրական կամ կապիտալի շուկայի ծառայություն»,- սա է ԿԲ-ի բացատրությունը: Վերջինս միավորված վերահսկողության ստեղծման անհրաժեշտության համար բերում է նաեւ ծախսերի նվազեցման փաստարկը: Հայաստանի ֆինանսական համակարգը շատ փոքր է, որպեսզի ամեն հատվածի համար ստեղծի ու պահի վերահսկող եւ կարգավորող անկախ գործակալություն: Եվ իրոք, Արժեթղթերի հանձնաժողովի լուծարումից հետո կառույցի նախկին մոտ 90 աշխատողների փոխարեն 45 նոր աշխատատեղեր ստեղծվեցին ԿԲ-ում:
Համակարգն ինչպիսի՞ նոր լիազորություններ է տալիս ԿԲ-ին, որոնցով վերջինս կարող է առավել ակտիվ միջամտել առեւտրային բանկերի առօրյա գործունեությանը: Պարզվում է, բանկերի վերահսկողության առումով ոչ մի փոփոխություն չի կատարվել: Այս մասին մեզ տեղեկացրեց ԿԲ-ի Բանկային վերահսկողության վարչության պետ Հրանտ Սուվարյանը: Ի դեպ, ԿԲ խորհրդի որոշ անդամներ նախընտրեցին նոր համակարգի մասին դեռ չխոսել: Այնուամենայնիվ, հանրապետության նախագահը մնում է ինչ-որ չափով մտահոգված:
Միասնական ֆինանսական վերահսկողության համակարգի առավելություններն ու հիմնախնդիրները մանրամասն կներկայացնենք մեր հաջորդ համարներից մեկում: